28-ը հունվարի 2015թվական… Օձունի թիվ 1 դպրոցի 10-11-րդ դասարանների աշակերտներ… Մենք 11-րդ դասարանի աշակերտներով կազմակերպել էինք բանակի օրվան նվիրված միջոցառում: Երբ այդ մասին տեղեկացրեցինք տնօրինությանը, նրանք առաջարկեցին կազմակերպել մեծ միջոցառում, որին հրավիրված էին նաև Վանաձորի N զորամասի ներկայացուցիչները: Մենք այդ օրը հագել էինք զինվորական համազգեստ, ինչը մեզ ավելի էր ոգեշնչում և մի քանի ժամով մեզ զգացինք այնպես, ասես մենք ևս սահմանին կանգնած զինվորներ ենք:
Հիշում եմ, երբ մեր ջոկատի կամ դասարանի հումորային մանրապատումը ներկայացնելու ժամանակն էր, ոչ-ոք չէր պատկերացնում, որ դպրոցից դուրս են գալու 9 զինվոր: Ներկայացնեմ, թե քանի շարքային, սերժանտ ու սպա ունեինք մեր ջոկատում: Եվ այսպես, մեր ջոկատում ունեինք 7 զինվոր, 1 կրտսեր սերժանտ և 1 կրտսեր լեյտենանտ:
Մեր զինվորները նորակոչիկներ էին, ովքեր ընդամենը մի քանի օր էր, ինչ զորակոչվել էին ծառայության: Ես այդ ջոկատի, կամ ավելի պարզ ասեմ, այդ դասակի հրամանատարն էի: Դե երևի հասկացաք, որ ես կրտսեր սերժանտն էի ու պետք է նրանց սովորեցնեի սպային դիմելու ձևը, նրանց հետ խոսելը, շարքից դուրս գալը: Առավոտյան անվանականչի ժամանակ մեզ մոտեցավ կրտսեր լեյտենանտը, ով ստուգեց տղաների հիգիենան և նրանց դիմելաձևը: Մեր կազմակերպած հումորային ծրագիրը ներկայացնեմ նաև ձեզ, որպեսզի ավելի պարզ և հասկանալի լինի.
Եվ այսպես, կրտսեր լեյտենանտը դիմում է լոռեցի զինվորին.
-Շարքային Մելիքյան,- զինվորը չպատասխանեց:
Սպան 2 անգամ նրան դիմելուց հետո, հանկարծ տղան շարքից բղավեց.
-Ա դե, ես եմ, էլի՜…
Դպրոցի աշակերտները ծիծաղեցին, բայց ինչպես մեզ էր ասված, մենք իրավունք չունեինք անգամ աննկատ ժպտալու:
Մյուս զինվորին ստուգելուց պարզվեց, որ զինվորը մազերը չէր կտրել: Սպան զինվորին.
-Զինվոր, ինչո՞ւ մազերդ կտրած չեն:
Զինվորը պատասխանեց.
- Սենց լավ ա, գլուխս չի մրսում:
Սպան հրամայեց վերացնել թերությունները, և գիտեք ի՞նչ պատասխան տվեց զինվորը կրտսեր լեյտենանտին.
Զինվորը, ով ևս լոռեցի էր, պատասխանեց.
-Ոնց ասես, ցավդ տանեմ:
Բոլոր ծիծաղում էին հումորային դրվագների վրա, սակայն մեզ համար կարևորը զինվորականների կարծիքն էր: Նրանց շատ էր դուր եկել մեր ներկայացումը, անկեղծ ծիծաղում էին, ասես մի փոքրիկ ժամանակահատվածով կտրվել էին բարդ ու լարված ծառայությունից:
Ես ուզում եմ, որ մեր բոլոր զինվորները միշտ իմանան, որ մենք միշտ իրենց կողքին ենք: Չէ որ բանակը հենց մեր եղբայրներն են, հայրերը, մեր ընկերները: