«Սասուն» ջոկատը

Այսօր Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձն է: Առանց իմ ասելու էլ գիտեք: Եվ գիտեք, լսել եք, կարդացել, որ Արցախյան հերոսամարտի առաջին տարիներին, երբ դեռ բանակը չէր ձևավորվել, իսկ թշնամին արդեն սկսել էր պատերազմը, սկսեցին կազմավորվել կամավորական ջոկատներ Հայաստանի տարբեր մարզերից: Գյուղացին ձեռքը զենք վերցրեց իր ազատությունը պահպանելու ու ինքնությունը չկորցնելու համար: Այդ կամավորական ջոկատներից մեկն էլ Հրազդան քաղաքի «Սասուն» ջոկատն էր, որի կազմում էր նաև երիտասարդ հայրս:

1989 թվականին կազմավորվեց «Սասուն» կամավորական ջոկատը: Ջոկատի հրամանատարն էր Սասուն Միքայելյանը, որը ծնվել է Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ Աթարբեկյան), զինվորական կոչումը`մայոր, հենց նա է «Սասուն» երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարը:
«Սասուն» կամավորական ջոկատը 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար) և Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի (Հաթերք, Ումուդլու, Սրխավենդ և այլն), Ասկերանի (Խոջալու), Ֆիզուլիի, Քարվաճառի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի և Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։
Հայրս` Գուրգեն Բաղդասարյանը, ծնված 1967թ. ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատագրական շարժմանը հիմնադրման օրից մինչև 1994 թվականը: Տեսել ու ապրել է այդ գոյամարտերի ահավոր ու սահմռկեցուցիչ, բայց և հայրենիքն ազատագրելու ու պաշտպանելու ահարկու մարտերի մանրամասները: Ջոկատի կազմում մասնակցել է Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, Երասխավանի, Ղափանի ինքնապաշտպանությանը, ԼՂՀ-ի Հաթերքի, Մարտակերտի, Ումուդլուի, Սրխավենդի, Խոջալուի, Շուշիի, Հորադիզի, Օմարի լեռնանցքի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին որպես հրաձիգ: 1993-ին պարգևատրվել է պատվոգրով և Մարշալ Բաղրամյանի մեդալով:
Պատերազմի օրերից անցել են շատ տարիներ… Հորս աչքերի առջևով ամեն առիթի կենդանանում ու կինոժապավենի պես անցնում են պատերազմի դրվագները, մարտում ընկած եղբայրների պատկերները: Նրանք իրենց կյանքը դրին բագինին, հանուն նոր ծնված մանկան, հանուն դողացող ծեր մոր ու սևաչյա հարսի կյանքի:

Հայրիկիցս շատ դժվար է պատերազմի օրերից մի բան «կորզել», կարծես գոցել է իր մեջ ու ոչ մեկին դռնից ներս չի թողնում: Ինձ մի քանի անգամ է միայն հաջողվել մի քանի բառ իմանալ նրանից, մի երկու փոքրիկ պատմություն: Երբ որևէ բան եմ հարցնում, կամ խնդրում, որ մի դեպք պատմի, հանկարծ լռում է, մռայլվում, հայացքն ուղղում հեռուն ու թաղվում դառը հուշերի մեջ: Ընկերներին կորցնելու ցավը սուր է խրում սիրտը: Մինչ օրս պահում է արդեն վաղուց մաշված համազգեստը: Գրպանում մի թուղթ կա, վրան զոհված ընկերների անուններն են: Հարցրի`ո՞ւմ արյան հետքերն են շապիկիդ, ասաց. Անդրեն էր… Ընկավ:
Ասում է, որ իրենց ու Մոնթեի ջոկատները կողք-կողքի են կռվել: «Մի անգամ էլ, հրացանս հանել եմ, որ մեջը մաքրեմ: Դե պիտի կրակես, որ չկրակած փամփուշտները դուրս գան մեջից, էլի: Ես գիտեմ` բոլորը քնած են, ավտոմատս հանեցի ու հավեսով հո չեմ կրակում կողքերս, մեկ էլ լսեմ Մոնթեն գոռում ա. «Տղեեեեեեերք, պառկեք»: Մեկ էլ եկավ, ձեռքը դրեց ուսիս, ասաց. «Եղբա’յրս, փամփուշտներդ զգույշ պահիր»,- ոգևորված հիշում է հայրս:

Մի անգամ էլ պատմեց, որ տանկի նույն արկի պայթյունից վեր շպրտվեցին հրամանատարն ու տղերքից մեկը: Ցավոք, ընկերը զոհվեց: Հրամանատարն իր հարցազրույցներից մեկում ասում է. «Շուշիի ազատագրումը առեղծված էր շատերի համար: Դա նույնն է, թե բարձրանաս շշի վրա ու գրավես այն»: Մարտը տևեց 6 ժամ, որի ընթացքում, նրա խոսքով, 107 տեղից վիրավորվեց: «Սետկա էի դառել: Մինչև հիմա էլ ասկոլկեք կան ներսումս…Բեկորներն էսօրվա իշխանություններից հարազատ են»,-ասում է Սասուն Միքայելյանը:
Եվ կռվում ընկան շատ ու շատ հայրեր ու որդիներ, բայց նրանք անմահացել են մեր սրտերում որպես ազնիվ արծիվներ, որպես կյանքը հայրենիքի ազատագրման զոհասեղանին դրած ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐ:

Այսօր, երբ նշում ենք բանակի հիմնադրման տարելիցը, պետք է հիշենք բոլոր այն հերոսներին, որոնց առողջության ու կյանքի գնով պահպանվեց մեր անկախությունը և ստեղծվեց հայոց բանակը: