Ժամանակ առ ժամանակ լռությունը խաթարվում է, մեր դեպքում` հայրենիքի համար կամ հանուն Հայրենիքի: Մենք այդ աղմուկի մեջ կորցնում ենք մեզ, կորցնում մեր սիրելիներին, և որն ամենացավոտն է, գտնում ենք կարոտը: Ամեն բացվող օր սպասում ենք մի հրաշքի, որը թվում էր, թե պիտի գա ու փրկի մեզ էս խավարից: Բայց խավարն ավելի է սաստկանում, երբ ցավն անձամբ քո դուռն է թակում: Այսօր մենք կորցրել ենք մեր Մանուկին, դասարանի համեստ և զուսպ տղային, ով միշտ աչքի էր ընկնում իր լուռ ու հանգիստ բնավորությամբ: Տառապանքի ու խլացնող ձայների մեջ փորձում ենք հիշել ու որսալ հենց իր ձայնը, էն Մանուկի ձայնը, ով 12-րդ դասարանում հարց ու պատասխանի ժամանակ վստահ ասաց, որ ցանկանում է դառնալ սպա: Չեմ կարծում հիմա որևէ մեկը կարողանա լսել դա, աղմուկը շատ է. շատ են հիշողությունները, երջանիկ ու սիրուն պատմությունները, որոնք ապրել ենք Մանուկի հետ: Շատ են, բայց հիմա ցավը կոկորդում խեղդելով պետք է շնորհակալ լինենք էն փոքր տղային, ով այսօր մեր խաղաղ օրվա համար իր կյանքն է տվել, իրեն և էն բոլոր ծառայակից տղաներին, որոնց միշտ պետք է երախտապարտ լինենք:
Էն ժամանակ, երբ ինչ որ բան էի գրում, հումորի էր վերածում: Այս աշխարհում ամենաքիչը կուզեի քո մասին այդքան կարոտով ու ցավով գրել:
Մանուկ Արմենի Միքայելյանը հերոսաբար զոհվել է հանուն հայրենիքի, որի փրկության պայքարը պետք է շարունակենք մենք, պարտավոր ենք շարունակել մեր տեղում լինելով և մեր գործը նույն նպատակի ծառայեցնելով:
Շնորհակալ եմ, եղբայր:
Կներես մեզ …