Քնարիկ Մխիթարյանի բոլոր հրապարակումները

qnarik.mkhitaryan

Մեր հերոսը` Մանուկը

Ժամանակ առ ժամանակ լռությունը խաթարվում է, մեր դեպքում` հայրենիքի համար կամ հանուն Հայրենիքի: Մենք այդ աղմուկի մեջ կորցնում ենք մեզ,  կորցնում մեր սիրելիներին, և որն ամենացավոտն է, գտնում ենք կարոտը: Ամեն բացվող օր սպասում ենք մի  հրաշքի, որը թվում էր, թե պիտի գա ու փրկի մեզ էս խավարից: Բայց խավարն ավելի է սաստկանում, երբ ցավն անձամբ քո դուռն է թակում: Այսօր մենք կորցրել ենք մեր Մանուկին, դասարանի համեստ և զուսպ տղային, ով  միշտ աչքի էր ընկնում իր լուռ ու հանգիստ բնավորությամբ: Տառապանքի ու խլացնող ձայների մեջ փորձում ենք հիշել ու որսալ հենց իր ձայնը, էն Մանուկի ձայնը, ով 12-րդ դասարանում  հարց ու պատասխանի ժամանակ վստահ ասաց, որ  ցանկանում է դառնալ սպա: Չեմ կարծում հիմա որևէ մեկը կարողանա լսել դա, աղմուկը շատ է. շատ են հիշողությունները, երջանիկ ու սիրուն պատմությունները, որոնք ապրել ենք Մանուկի հետ: Շատ են,  բայց հիմա  ցավը կոկորդում խեղդելով պետք է շնորհակալ լինենք էն փոքր տղային, ով այսօր մեր խաղաղ օրվա համար իր կյանքն է տվել, իրեն և էն բոլոր ծառայակից տղաներին, որոնց միշտ պետք է երախտապարտ լինենք:

Էն ժամանակ, երբ ինչ որ բան էի գրում, հումորի էր վերածում:  Այս աշխարհում ամենաքիչը կուզեի քո մասին այդքան կարոտով ու ցավով  գրել:

Մանուկ Արմենի Միքայելյանը հերոսաբար զոհվել է հանուն հայրենիքի, որի փրկության պայքարը պետք է շարունակենք մենք, պարտավոր ենք շարունակել մեր տեղում լինելով և մեր գործը նույն նպատակի ծառայեցնելով:

Շնորհակալ եմ, եղբայր:

Կներես մեզ …

qnarik.mkhitaryan

Այս տարվա ձմեռը

Այս ձմռանը ամեն բան ուրիշ է լինելու․ ձյունը՝ կարմիր,  լույսերը՝ խամրած, իսկ մարդիկ` անգիտակից։ Ձմռան ցրտին չեն դիմանալու շատ  մարդիկ, հայրը կմոռանա փայտ կոտրել, մայրն էլ չի պատրաստի այն ուտեստները, որ որդին էր սիրում, քույրը կկարկամի, կարոտ աչքերով կսառի ճամփին։ Կյանքի անորոշությունը կխեղդի մարդկանց, բայց ոչ բոլորին․․․

Սարերի ձյունը էլ սարսափելի չի թվա մարդուն, ով ուզում է բարձրանալ այնտեղ` որդու շիրիմին, ոչ ոք ոչնչից էլ չի վախենա, քանի որ ամենասարսափելին երիտասարդ շիրիմն է, ու դա ցավոք,  ոչ մեկն էր, ոչ երկուսը,  և ոչ էլ երեքը ․․․

Թվում է հողերի հետ փոքրացել է նաև մարդկային հոգին, սիրտ է քարացել մարդկային… Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ապրել՝ ոչ անմարդկային պայմաններում, իսկ դա կերտողը մենք ենք։ Դատարկությունը այնքան շատ է, որ ամեն քայլափոխի մարդիկ են չարությամբ լցված, ու անհասկանալի է, թե ինչու են ատում, մեղադրում իրար, ինչու չեն սիրում այն երկիրը, որի համար շատ հերոսներ իրենց սերերն են լքել։  Մեզանից յորաքանչյուրը պետք է հասկանա իր առջև դրված մեծ պարտավորությունը,  այն է՝  երկու մանկան փոխարեն չորսն ունենալ, որ  չկորցրած երկիրը նոր զինվոր ու հերոս ունենա,  և Մոնթեների ու Սեդաների  երազած փոքրիկները ծնվեն։

Ասում են կորուստների հետ համակերպվել է պետք: Ասում են, իսկ ինչ որ մեկը կա՞, որ կարողանում է համակերպվել որդու չգալուն, եղբոր չլինելուն և սիրելիի անդարձ կորստին։

Չկա այդ մեկը, կան միայն մարդիկ, ովքեր ուղղակի ցավում են դիմացինի դժբախտության համար, ցավում են, բայց չեն ապրում այդ ցավը, չեն կրում այդ տառապանքը, բայց ասում են` պետք է համակերպվես ու  քեզ սփոփանք դարձնես՝ հերոսը։

Գիտես շատ մայրեր երազում   են  աշխարհի  երեսին շպրտել այդ հերոսական կոչումները,  երազում են  գիշերը որդու  շորերը և շքանշանները գրկելու փոխարեն որդուն  գրկել։ Եթե կարողանանք այդքանը հասկանալ, կհասկանանք նաև, որ պատերազմը դաժան արհավիրք է, որը հաղթահարում են միայն հերոս ազգերը․․․ Իսկ մենք հերոսական չլինելու հետ մեկտեղ հերոս հարգել էլ չգիտենք:

Մենք այդ ամենը գիտակցո՞ւմ ենք, երբ ասում ենք, որ  կորուստների հետ համակերպվել է պետք:

Մեր տղաները

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7։10 արթնացանք հակաօդային ռումբերի պայթյունից, այն պայթեց մեզանից շատ քիչ հեռավորության վրա։ Արագ մեր  տեխնիկաները մարտական վիճակի բերելուց հետո, արդեն պատրաստ էինք  կռվին։ Հենց առաջին օրը ԱԹՍ խոցեցի։

Մարտական ոգին սկզբի օրվանից էլ շատ բարձր է եղել, քանի որ գիտակցում ես, թե ինչի համար ես կռվում։  Այն պահից, երբ մտնում ես մարտի դաշտ, սկսում ես չմտածել կյանքիդ մասին, քանի որ օրվա մեջ մի քանի անգամ փրկվում ես մահից։

Մեր առջև դրված խնդիրը բավական մեծ էր, և հրամանատարությունը վստահում էր մեզ բավականին բարդ առաջադրանքներ»,-պատմում է կրտսեր սերժանտ Պապին Բնյանը:

Երիտասարդը պատմելու ընթացքում  անընդհատ շեշտում է  հայ զինվորի արիությունը, այն, որ կարողացել են  այդ իրավիճակում կռիվ մղել առանց նահանջի։ Քսան տարեկան Պապինը տանկիստ է:  Պատերազմի հինգերորդ օրը խոցել են իր տանկը, սակայն վիրավոր լինելով շարունակել է մարտը`  մենակ չթողնելով իր զինակից ընկերներին։ Յոթերորդ օրը  կրկին խոցել են տանկը, հրթիռով՝ չթույլատրված «կասետային» արկերով։ Նշենք նաև որ Պապինը իր քսանամյակը տոնել է սեպտեմբերի 28-ին՝ ռազմաճակատում։

Մարտի դաշտում բոլորը դառնում են միասնական: Պապինը պատմում էր, թե ինչպես են տանկիստները միախմբված  մարտ վարում և մեծ վնասներ պատճառում հակառակորդին։

Կրտսեր սերժանտը  պատմում է, որ կամավորականները, ովքեր կռվի հենց առաջին օրվանից  մեկնել էին ռազմաճակատ` ժամկետային զինծառայողներին օգնելու, փաստում էին, որ այս պատերազմը ոչ  իննսունականների պատերազմին է նման, ոչ Քառօրյային։

Եվ այո, այս պատերազմը ավելի ծավալուն և խոշորամասշտաբ է, և մենք պետք է հպարտ լինենք, որ ունենք Պապինի և նրա նման շատ ու շատ հերոս տղաներ, ովքեր լինելով  ընդամենը 18- 20 տարեկան, կարողանում են դիմակայել և կերտել հաղթանակ։

qnarik.mkhitaryan

Փոփոխվող և չփոփոխվող աշուն

«Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոկը»։ Ակամայից հայտնի երգի բառերն են գալիս մտքիս, որի իմաստը այդպես էլ չհասկացա։ Համենայնդեպս  աշունն ինձ համար այս երգով է սկսվում։ Աշունն ինձ համար խորհրդանշվում է թաց ընկույզով, մելամաղձոտ երաժշտությամբ և վերջ․ ես գնում եմ քնելու։ Բայց երևի թե ձեզ ավելի կհետաքրքրի գյուղի բնակիչների աշնանային առօրյան։

Ուստա Համոյի համար աշունն  սկսվում է օղի թորելու գործընթացով:  Երկար է սպասել, սեր ու մի քիչ շաքար ավելացրել օղուն, որ  այսօր թորի, իսկ դրան հաջորդելու է  պարծենալու գործընթացը։ Հարևանների մոտ նա դեռ պիտի գլուխ գովի իր անմահական 90 աստիճանի օղով։

Իսկ այ, Օֆիկ տատը հավաքել է Հայաստանի բոլոր մրգերը  ու  բանջարեղենը և պատրաստվում է ցրտաշունչ ձմռանը։ «Այ բալա, գնա ծիծակն էլ առ` թթուն դնենք ու վերջ»։ Վե՞րջ, երևի ուզում էիր ասել  թթուների՞ն վերջ։ Անկեղծ ասած, ինձ համար այդ  արարողությունը այդքան էլ  հաճելի չէ: Ես  գործ անել չսիրող թոռնուհիների շարքին եմ պատկանում, ինչպես կասեր տատս, հայտնի հեքիաթի Անբան Հուռին եմ` ուտեմ ու քնեմ։

Պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ հասկանա մեծերին, երբ ոչինչ չես անում, չես օգնում իրենց, միշտ դժգոհում են, իսկ երբ գնում ես օգնելու.  «Այ բալա, զգույշ, տաք է կաթսան», «Էդ լոլիկը  ճխլեցիր, տենց ո՞վ ա գործ անում: Հել գնա, քո գործ անելը քեզ մնա», և այսպես միշտ:

Շատ  եմ երազել ունենալ տատիկիս համբերությունից ու տրամադրությունից, ով մեկ առ մեկ հավաքում է գետնին թափված ընկույզը և խնամքով լցնում պարկի մեջ։ Ամեն անգամ սիրտս լցվում է, երբ չեմ կարողանում գտնել ժամանակ, առաջվա նման գալ և խառնվել մեծերի գործերին,  հողերի մեջ թավալ գալ,  քնելու փոխարեն մտածել կարտոֆիլ հավաքելու մասին, վերցնել ինձանից մի քանի մետր բարձր բահը և «Պապն ու շաղգամը» հեքիաթի նման չարչարանքով հողից հանել բերքը և հպարտանալ, որ դա իմ ցանածն է, իմ մշակածն է,  դա հենց ես պիտի ուտեմ։ Հավատացեք, աշնանային հոգսերի մեջ դա անասելի երջանկություն է։ Հիշում եմ  փոքր ժամանակ անհամբեր սպասում էինք, երբ ենք կարտոֆիլը հավաքելու, որպեսզի սեպտեմբերին կարողանայինք գյուղ եկած առևտրականների հետ փոխանակում անել` կոշիկի դիմաց մի պարկ կարտոֆիլ։  Այդ մի կոշիկը քարերի մեջ  ոչ ոք չի կարող այնքան խնամքով հագնել, որքան դրա համար տանջված 5 տարեկան փոքրիկը։ Եվ այո, ես երազում եմ այդ մանկության մասին։

Աշունը ինձ համար հիմա փոխվել է, հողին փոխարինելու է եկել թուղթը,  փայտին, որով ես նկարում էի հողի վրա,  լրացնում է գրիչը: Աշունն ինձ համար է փոխվել, բայց տատիկս դեռ  հավաքում է թաց պոպոքը, առանձնացնում մեծ ու փոքր կարտոֆիլը,  իսկ ուստա Համոն  դեռ պարծենում  է իր օղիով։ Աշունները նրանց կյանքում կարծես ոչինչ չեն փոխել։

qnarik.mkhitaryan

Գյուղում ուրիշ է

Կամո պապը այցելության էր գնացել թոռներին, որոնք ապրում են քաղաքում, տարվել են այնտեղի սովորույթներով ու մոռացել տուն ու տեղը։

-Սեղան գցեք, մի կուշտ փորով հաց ուտենք, տնաշենի երեխեքը բուրգեր են ուտում, թե ասա՝ եգիպտական ա, ձեր հայկականը կերեք։ Աղջի Մարո՛, դրանք վերջը ինձ գերեզման կհասցնեն։

Կամո պապը շարունակում էր իր փնթփնթոցը, իսկ Մարո տատիկը գլուխը կախ, գոգնոցը կապած սեղան էր դնում, դե, տնական սեղան։

-Մարո՛, են իմ քաշած թթի օղուց էլ բեր, խմեմ, մոռանամ անարժան թոռներիս, դու բեր, ես գնամ Հրանտին կանչեմ, մի-մի բաժակ բան խմենք, նրա թոռներն էլ են ուրացող, ինձ կհասկանա։

Սեղանը պատրաստ էր։ Կամո պապը Հրանտ պապի հետ սեղանի մոտ նստած էին, չորրորդ բաժակից հետո սկսել էին թոռների համեմատությունը։

-Իմ թոռը բժշկականում ա սովորում, թե բա՝ պապ ջան, ավարտեմ, գալու եմ քեզ բուժեմ, թե ասա՝ ա՛յ բալա, մինչև դու ավարտես, պապին բուժելու կարիք չի լինի։ Չեն հասկանում, որ մեզ մենակ իրանց ներկայությունն ա բուժում, գոնե շաբաթը մեկ գան, տեսնեն մեզ։

Հրանտ պապի բողոքներին միացավ Կամո պապը․

-Իմ մեծ թոռն էլ պատմաբան ա, պատմությունից, ազգայինից հարց եմ տալիս՝ պատասխանում ա։ Էն օրը գնացի քաղաք, ասեցի՝ բալես, էդ քո պատմության գրքերի մեջ գրված չկա՞, որ ծննդավայրը, պապական տունը, հողը, ջուրը ուրանալ պետք չի։ Գիտե՞ս՝ ինչ պատասխան տվեց, ասում ա՝ մենք ազգային խնդիրներ ենք ուսումնասիրում, պապ ջան, վերջացնենք՝ տատի-պապին կանցնենք, մեր սովորելու ժամանակն ա։

Ու այսպես երկու ժամ օղու ընկերակցությամբ պապիկները հիշում էին իրենց թոռներին, որոնք առաջին հնարավորության դեպքում թողել էին գյուղը և գնացել։
Մարո տատը լուռ լսում էր տղամարդկանց խոսակցությունը, գյուղի հին կանայք այդպիսին են՝ լուռ ու խոնարհ լսում են տղամարդկանց՝ առանց մի բառ ասելու։
Օրվա անակնկալները դեռ առջևում էին։ Մինչ երկու ծերուկ բողոքում էին իրենց թոռներից, ներս եկավ հարևան Արտաշ պապը, որը մենակ չէր, իր մեծ թոռան հետ էր։ Կարճ ասած՝ հպարտությանն էր բերել, ընկերներին ցույց տար։

-Բարի օր ձեզ, ո՞նց եք, գործերը ո՞նց են։

-Բարև, եղբայր (կանայք այդպես են դիմում տղամարդկանց), առաջ եկեք, նստեք,- Արտաշ պապին տեսնելով՝ ոտքի ելավ Մարո տատը։

-Բարև, Արտաշ բիձա, արի նստի՝ մի-մի թաս բան խմենք։

-Լավ ա, լավ ա, հազար գործ ունեմ, ես որ խմեմ, տրակտորս դո՞ւ հո չես քշի։

-Բարև Ձեզ,- հազիվ լսելի ձայնով ասաց Արեգը՝ Արտաշ պապի թոռը, որը նոր էր ավարտել համալսարանը. մանկավարժ էր։

-Թոռս է, Կամո ջան, եկել է գյուղ՝ անվճար դպրոցում ուսուցիչ լինի, դե, գիտեք՝ մեր գյուղը հազար դաս կա՝ ոչ մի մասնագետ, ջահելությունը փախնում ա, էն մեծերն էլ անմահ չեն։ Լսել եմ՝ ձեր տանը գրադարան ունես, թոռս առաջարկ ունի։

-Ասա բալես, դու հարգանքի արժանի երիտասարդ ես, ասա՝ ինչո՞վ օգնեմ։

-Կամո պապ, գյուղի դպրոցը գրադարան չունի, երեխեքն էլ չեն կարդում, ուզում եմ լավ գրքերի մասին էնպես խոսել, որ բոլորը կարդան, իսկ քո գրքերը լավն են։ Ես ամպայման կվերադարձնեմ դրանք։

-Պատմաբան թոռս թող գա, ազգայինի պահպանումը էստեղ տեսնի։ Ես ու կնիկս մեծացել ենք, էդ գրքերն էլ անգիր գիտենք, վերցրու, թող էս սերունդն էլ կարդա։ Տար, բայց քեզ մի պատգամ, բալե՛ս․ էնպես կրթի երեխեքին, որ մեծանան՝ հողն ու ջուրը չուրանան, թող գրագետ լինեն, բայց ուրացող չլինեն։

qnarik.mkhitaryan

Պարզապես ամառ է

-Նառա, հել ջուրը մնաց, Արուսի հարսը գնաց ջուրը կապեց, հենա ջրի պրծնի` գնա կանգնի գլխին, որ բերես մերը ջրենք։

Չէ, մեր տատիկները ագահ չեն, մեր կանայք չեն մտածում ամեն ինչին տիրանալու մասին, պարզապես ամառ է: Գյուղի ոչ բոլոր տներում տղամարդ կա, բոլորը արտագնա աշխատանքի են, ու էլի հոգսը՝ չորացած բոստանը, չքաղված խոտը, թաց վառելիքը, անասնակերը, կաթը, պանիրը ու այս ամենը խեղճ կանանց ուսերին է։

Ռիմա տատիկը երբեք չի բողոքում իր արած աշխատանի ծանրությունից։

-Ռիմա, դե հերիք է էդ պարկը ուսիդ գնաս հացատուն գաս, ոտքերդ չի՞ ցավում։

-Բա որ հիմա ոտքս ցավի, ձմեռն ի՞նչ եք ուտելու։

-Դե հերիք է, տղերքդ կգան կանեն։

-Էշ մի սատկի` գարուն կգա։

Դէ չէ, էլի, պատմում են, որ Ռիմա տատը ջահել ժամանակ փոցխը ուսին դրած հեկտարներով խոտ էր հավաքում, տան գործերն անում, դա էլ հերիք չի, տանը ապրում էին 4 եղբայրներ իրենց կանանցով, ու պարտադիր էդ չորս կանանցից երկուսը տան թամբալ հարսներն են եղել։

Հիմա էլ հո ուրի՞շ է: Էն ժամանակ ո՞վ կարար նայեր տեգոր երեսին: Հիմիկվա հարսները …

-Նառա, ջուրը մնաց, հել, չանեդ թուլցնելու վախտը չի,- պատմությունս քաղցր ընդհատեց Ռիմա տատը։

-Էն աղջկադ ասա հելնի տեղերից, թե չէ` վաղը, մյուս օրը տանելու են հարս, ասեն` ամոթ քեզ ու քեզ դաստիարակողին։Ամբողջ օրը քնած, թե բա` դաս եմ անում, հել երկու քոլ քյախան արա։

-Նառա, հել, Քնարի հարսը ոնց որ հելավ, գնա տես` չտանի ջուրը։

Ռիմա տատի կռիվներին ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում: Այ թե մեկը մտներ տուն.

-Այ բալա, էս պանիրը նոր եմ գցել, էս մածունը երեկվա ա, հարսիս ձեռի թխած հացն ա, աղջի Լիլո, մի հատ կոֆե դիր: Կեր, բալես, կեր։ Նառա, մի հատ հացատնից կարագ բեր, մեկ էլ լուսամուտից նայի, տես` ի՞նչ եղավ, չպրծա՞վ: Էդ հարսը առավոտից մի թիքա տեղը ջուր ա անում, դրան մերը լավ հաց չի տվել, անուժ ա։

Ռիմա տատի ձեռքերը ճաքճքած էին, բայց ծերացած չէին: Նրա աչքերը թախծոտ էին, բայց հուսալքված չէին: Նա սիրում է կյանքը: Նա Ռիմա տատն է, կախարդական գոգնոցով, կապույտ լաչակով, սիրունը տեսնող իր հայացքով։

֊Աղջի Նառա, էդ բահը բեր տուր ինձ, հա, քեզնից բոստանչի դուրս չի գա …

Կիոկուշին կարատեն Հայաստանում

Ի՞նչ է Կիոկուշին կարատեն, ինչպիսի՞ տարածում ունի այն Հայաստանում։ Այս թեմայով էլ զրուցեցի գործող մարզիկ և մարզիչ Ստեփան Գրիգորյանի հետ:

-Ի՞նչ սպորտաձև է սա, կխնդրեմ մի քանի բառով ներկայացնել:

-Կիոկուշինը կոնտակտային ոճ է։ Հիմնադրվել է 1950-ական թվականներին Ճապոնիայում` կորեացի վարպետ Մասուտացի Օյամի կողմից և տարիների ընթացքում տարածվել է աշխարհով մեկ։

-Իսկ Հայաստանում ինչքանո՞վ է այն տարածված, շա՞տ են արդյոք այս սպորտաձևով հետաքրքրվողները։

-Հայաստանում մի քանի ֆեդերացիաներ կան, որոնցից մեկն էլ մեր ֆեդերացիան է։ Այն Հայաստանում օրինական գործում է 2005 թվականից, հիմնադիրը և նախագահը Անդրանիկ Հակոբյանն է։ 2005 թվականին մարզվում էին հարյուրավոր մարզիկներ, իսկ այսօր արդեն 2000՝ մարզիկ` Հայաստանում և Արցախում։

-Կպատմե՞ք ֆեդերացիայի աշխատանքի մասին, ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս տարիների ընթացքում։

-Ֆեդերացիան այս տարիների ընթացքում մասնակցել է միջազգային մասշտաբի բազմաթիվ արտերկրյա մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների՝ ընդհանուր հաշվով հայրենիք բերելով 125 ոսկե, 103 արծաթե և 130 բրոնզե մեդալ: Հայկական հիմնը հնչել և եռագույնը պատվով ծածանվել է ամենատարբեր երկրներում՝ Ճապոնիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Հոլանդիա, Ռուսաստան, Ուկրաինա, Հունաստան, Բուլղարիա, Վրաստան և այլուր:

-Վերջերս տեղի է ունեցել մրցաշար, կխնդրեմ խոսեք դրա մասին: Ի՞նչ հաջողություններ գրանցեցիք։

-Մարտի 23-ին Իսպանիայում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին 25 պետությունների պատվիրակություններ:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները՝ ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, փայլուն հաջողություններ գրանցեցին՝ զբաղեցնելով հետևյալ հորիզոնականները. 3 մարզիկներ դարձան ոսկե մեդալակիրներ՝ Վահագն Հակոբյան, Մաքս Վլասյան, Անդրանիկ Ստեփանյան: Դավիթ Կարապետյանն ու Արման Հովսեփյանը դարձան բրոնզե մեդալակիրներ։

-Ապագայում ի՞նչ առաջնություն է սպասվում, որի մասին կուզեք տեղեկացնել:

-Ապրիլի 7-ին Աշտարակ քաղաքում կայանալու է ՀՀ գավաթի առաջնություն, որի մրցանակակիրները երկու շաբաթ անց մասնակցելու են Հայաստանում կայանալիք «Արմենիա Գրամփ» միջազգային մրցաշարին։ Ներկա պահին մասնակիցներ ունենք Վրաստանից, Իրանից, Ղազախստանից։

-Հե՞շտ է լինել մարզիչ և աշխատել երեխաների հետ, չէ՞ որ պատասխանատու աշխատանք եք կատարում։

-Եթե սիրես աշխատանքդ, ապա հեշտ կստացվի, ինչպես իմ դեպքում։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ երեխաները կոմպլեքսներ են ունենում, ամաչկոտ են լինում, բայց փորձում ենք աշխատանք տանել նրանց հետ և ընտելացնել միջավայրին և իրենց մարզաձևին։

Ծանոթացեք. Հայկ Գալստյան

Ֆուտբոլ, շատերի համար ուղղակի սպոտաձև, իսկ մի մասի համար էլ ուղղակի կյանքի իմաստ, տարերք, ցնծություն, խելահեղություն , ճշգրիտ և մտածված խաղեր, փառահեղ գոլեր։ Դա ֆուտբոլն է…

Ես այսօր կխոսեմ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան, գերմանական «Շտուտգարդի» ֆուտբոլիստ Հայկ Գալստյանի հետ։

-Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք ֆուտբոլային աշխարհում։ Տեղյակ եմ, որ վեց տարեկանից հաճախել եք ֆուտբոլի պարապմունքների, ի՞նչը ստիպեց Ձեզ շարունակել այն։

-Իմ ֆուտբոլային քայլերը սկսվեցին ավելի վաղ տարիքից, երբ երեք տարեկան էի։ Ինձ այդ ուղու վրա դրեց հայրս, քանի որ նա էլ եղել էր ֆուտբոլիստ։ Նա իմ առաջին մարզիչն է եղել, իսկ երբ դարձա վեց տարեկան, սկսեցի հաճախել պրոֆեսիոնալ ակումբ՝ «Միկա», այնտեղ շարունակեցի ելույթներս և հասկացա, որ այդ ամենը իմ արյան մեջ կա և, որ շատ եմ սիրում ֆուտբոլը։ Եվ այդպես շարունակեցի զբաղվել ֆուտբոլով։
-Առաջին անգամ հաջողության հասնելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեիք։ Եվ ո՞րն է Ձեզ համար հաջողություն ասվածը։
-Իհարկե, հաջողություններ շատ են եղել, սակայն առաջին հաջողությունս նա էր, որ մանկապատանեկան առաջնությունում ինձ լավ դրսևորելուց հետո զանգահարեցին հայրիկիս և ասացին , որ «Միկա» ակումբը ուզում է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել ինձ հետ։
Նշեմ, որ այդ ժամանակ ես տասնհինգ տարեկան էի։ Այդ տարի ինձ առաջին անգամ հրավիրեցին Հայաստանի մինչև տասնյոթ տարեկանների հավաքական։ Դա ինձ համար շատ մեծ նվաճում էր: Ես կարողացա տասնհինգ տարեկանում, ինձանից մեծ տղաների հետ ներկայացնել Հայաստանի հավաքականը։
Իսկ հաջողությունը ինձ համար դա քրտնաջան աշխատանքի շնորհիվ բարձունքների հասնելն է։ Ես իմ երազանքներին հասնելու համար պատրաստ եմ օր ու գիշեր աշխատել։
-2014 թ֊ին ճանաչվել եք նախկին խորհրդային երկրների 7 տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Դա Ձեզ համար կարևո՞ր ձեռքբերում էր։

-Դա շատ մեծ ձեռքբերում էր։ Հաճելի է, երբ դու գտնվում ես տարածաշրջանի յոթ տաղանդավոր ֆուտբոլիստների ցանկում, սակայն պետք չէ այդ ամենով տարվել։ Ողղակի պետք է առաջ շարժվել, շարունակել աշխատել՝ ավելիին հասնելու համար։

-Այժմ ո՞ր թիմում եք խաղում և ապագայում ի՞նչ պլաններ ունեք: 

-Այս պահին խաղում եմ Գերմանիայի «Շտուտգարդ» թիմում։ Շարունակելու եմ պարապել, առաջին խաղն անցկացնել առաջին թիմում, և իհարկե, Հայաստանի ազգային հավաքականում։
- Դուք ձեզ երջանիկ համարո՞ւմ եք։
-Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ և զբաղվում եմ իմ սիրած գործով։
-Եվ վերջում, որպեսզի Ձեզ լավ ճանաչեն ընթերցողները, մի քանի բլից հարցեր:
Սիրած գի՞րք։

-Մեսսիի և իր կարիերայի մասին:
-Երաժշտությո՞ւն։
-Կոնկրետ սիրած երաժշտություն չունեմ։
-Ֆի՞լմ։
-«Գոլ» ֆիլմը։
-Երկի՞ր։
-Իհարկե, Հայաստան։
-Ֆուտբոլի՞ստ։
- Մեսսի։
-Լեզունե՞ր։
-Տիրապետում եմ չորս լեզվի՝ ռուսերեն, հայերեն, գերմաներեն և հունարեն։ Ինձ թվում է բոլոր լեզուներն էլ հետաքրքիր են, բայց մայրենի լեզուն իր տեղն ունի։
-Եվ վերջին հարցը. ի՞նչ է Ձեզ համար ֆուտբոլը։
-Ֆուտբոլն ինձ համար կյանք է, առանց նրա ես ինձ չեմ պատկերացնում:

qnarikmkhitaryan

Լամպի լույսի տակ

Մթություն, լռություն, փոքրիկ լամպ, որի լույսը նշմարվում է թույլ` թղթիս վրա արտացոլելով գրչիս շողքը:

Այս պայմաններում ինձ այցի են գալիս մտքերս, խառնվում են զգացմունքներս, անցյալս ու ներկաս նստում են կողք կողքի և սկսում զրուցել միասին իմ արածի և չարածի, գտածի և կորցրածի մասին: Դա մի կախարդական պահ է, երբ երազի է նման վայրկյանը:

Հարցերին և փաստերին դեմ հանդիման ելնելով` անցյալս և ներկաս սկսում են վիճել, իսկ վերջում ես եմ հաղթող դուրս գալիս, որովհետև կարողանում եմ կառավարել դրանց:

Պատահական մտքիս եկավ «Լուսամփոփի պես աղջիկ» երգը, երեկոյի հետ շատ համահունչ էր, սեղանին դրված լամպը շարունակում էր արտացոլել գրչիս արագ ընթացքը թղթի վրայով, ես էլի ու էլի սիրահարվեցի թղթին ու գրիչին:

Մի պահ աչքերս փակվում էին, սթափվելու համար վերցրի սեղանին դրված ջրով լի բաժակը և խմեցի, ինձ թվաց, թե լամպի մեջ եղած նավթի հոտը կպել է բաժակին: Ծիծաղելի է, բայց ասես յուրահատուկ ինչ-որ խմիչք էի խմում: Խմեցի և հետո ձեռքս վերցրի գրիչս ու սկսեցի նայել հետ՝ անցյալիս: Փոքր ժամանակ երազում էի շուտ մեծանալ, և ինչքան անխելք եմ եղել ես, իսկ հիմա մի ժամանակի մեքենա կուզեի, որ գնայի անցյալ զուտ երազանքներս փոխելու, որոշ մարդկանց կյանքիցս ջնջելու համար:

Եվ այդպես մեկ ժամ կռիվ տվեցի անցյալիս և ներկայիս հետ, մտքերս գնացին անսահման հեռուն ու ափսոս, գրիչս չէր հասցնում ընթանալ մտքերիս համընթաց:

Լամպը շարունակում էր թրթռալ մինչև այն պահը, երբ լույսերը տվեցին: Ասես «Մոխրոտիկ» հեքիաթը լիներ, կախարդանքը մեկ վայրկյանում չքացավ:

Ես սիրում եմ մթությունը, երևի այն բանի համար, որ շատ կեղծավոր դեմքեր չեմ տեսնում այդ ժամանակ:

qnarikmkhitaryan

Իմ երազած Հայաստանը

Ինչպե՞ս կարող ենք կոչել այն  երևույթը, երբ ուրախությունը համատարած է, սև քողով ապրած ազգը մեկ օրում սպիտակազգեստ է դառնում,  «էս ինչ սերունդ է» արտահայտությանը փոխարինելու է գալիս «Ա՜յ, սա սերունդ է» արտահայտությունը, շուրջդ ժպիտներ են, տարեց մարդկանց աչքերում՝  հպարտություն, փողոցներում բազմաթիվ մարդիկ , ովքեր խորոված են անում, երգում,  պարում։ Չեք հավատա,  բայց սա  հայերիս հեղափոխություն անելու մեթոդն է։  Երգով, պարով փոխում ենք ամեն բան, ժպտում ենք մեզ հակառակ մարդկանց,  բացատրում մեր պահանջն ու խնդիրը, և որ կարևոր է՝ լինում ենք հաստատակամ և  միասնական։

Մեր ազգը միշտ էլ այսպիսին է եղել, ուղղակի մեզ պետք էր մի «դուխով» մարդ, ով կկարողանար անել առաջին քայլը և իր հետևից տաներ մնացածին։ Ով էլ սկսեր շարժում,  ժողովուրդը կգնար նրա հետևից,  միայն թե վախը այսքան տարիներ խեղդել էր, և ոչինչ փոխել չէր ստացվել։

Վախը այն էր, որ ոստիկանը ձեռք կբարձրացնի հայրենակիցների վրա, որ վիճակը անկառավարելի կդառնա, մարդիկ կսկսեն չհամբերել, չլսել միմյանց։ Այս ամենին եղավ համապատասխան լուծում, մարդիկ  հենց ցույցերի ժամանակ կարողանում էին այնպիսի իրավիճակներ ստեղծել, որոնք ունեին հերոսներ և, ամենակարևորը, ասելիք։ Ոստիկան Աշոտը, Իրայի ամուսինը, Լեյլա տատիկը, փողոցի կենտրոնում դհոլ նվագող հայ աղջիկները, ճանապարհի գծերին նստած գիրք ընթերցողներ, ոստիկանական վահանը անձնավորող աղջիկները, ծննդյան օրը Ֆրանսիայի հրապարակում լուսացնող երիտասարդը,  հաղթանակի վերջին օրը սիրելիին ամուսնության առաջարկ անող տղան, և բոլոր նրանք, ովքեր մի ողջ պատմություն կերտեցին Երևանի ծածուկ ու հայտնի փողոցներում՝ ներկայացրեցին հայի պայքարող, մի փոքր գիժ և հաղթող տեսակը։

Անընդհատ ուզում եմ խոսել այս հեղափոխության չերևացող կողմերի մասին, պատմել իմ աչքով տեսածն ու լսածը, պատմություններ, դեպքեր, որոնք երբեք իմ կյանքից չեն անհետանա, այլ ընդհակառակը, մի ժպտացող երազի նման կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում։

Լինել հեղափոխության սերնդի մի մասնիկ և գլուխը բարձր քայլել, աներևակայելի հաճույք է։ Այո՛, ինձ համար հաճելի է այն, որ ես մեկ ամիս առաջ պայքարում էի, անգամ ձգտում էի բացատրել այն մարդկանց, ովքեր չէին ընդունում սկիզբ առած շարժումը։ Բայց ահա եկավ մի պահ, որ ես կրկին կանգնեցի այդ նույն մարդկանց դիմաց և  հպարտ հայացքս ուղղելով նրանց ասացի. «Գաղափարները միշտ նույնն են եղել, ժամանակներն ու մեթոդներն են ուրիշ, իսկ մեր մեթոդները կարողացան կոտրել շատ հիմար կարծրատիպեր, այժմ հաղթելու համար պետք է լինել հստակ և դիպուկ: Եթե չեք  հավատացել  մեր խոսքերին, այժմ պետք չէ ձևացնել, թե մեր կողքին եք»։

Հեղափոխությունն ինձ սովորեցրեց  երբեք իմ կարծիքը չթելադրել մարդկանց, ուղղակի բացատրել, իսկ հասկացողը կհասկանա: Սովորեցի լինել համբերատար, սովորեցի հակասություններ գտնել իմ և մնացած մարդկանց կարծիքների միջև, լսել բոլորի տեսակետները, և այսպես շարունակ:  Ու ինձ թվում է, շատերն ինձ նման դարձան։ Մենք սովորեցինք դիմանալ փորձություններին, վառվեցինք արևի ճառագայթներից, սոված մնացինք, հարվածներ ստացանք,  և այդքանից հետո չկար ոչ մի դժգոհություն, մինչդեռ եթե ես տանեցիների խնդրանքով մի գործ անեի ու արևից վառվեի, դա կվերածվեր պատերազմի։ Ստացվում է այնպես, որ հեղափոխությունը ոչ միայն երկրի իրավիճակ փոխեց, այլ նաև մարդկանց։ Հայերը փոխվեցին  դեպի ավելի լավը։

Հեղափոխությունը փոխեց մարդկանց, փոխեց այն աստիճան, որ երկրի նախագահը ցուցարարների հետ քոչարի է պարում, նախարարները ամեն երեկո ուղիղ եթերներով պատմում են  իրենց քայլերի մասին։

Մեզ մի շատ կարևոր քայլ է մնում անել. համբերել և կրթվել, երկիրը երկիր պահելու համար, և էն «դուխով» սերնդին կրթել, որ չունենա կաղալու ոչ մի ճանապարհ, և լինի ավելի համառ, քան մենք ենք:

Հենց այդպիսին է մեր երազած Հայաստանը: