«Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7։10 արթնացանք հակաօդային ռումբերի պայթյունից, այն պայթեց մեզանից շատ քիչ հեռավորության վրա։ Արագ մեր տեխնիկաները մարտական վիճակի բերելուց հետո, արդեն պատրաստ էինք կռվին։ Հենց առաջին օրը ԱԹՍ խոցեցի։
Մարտական ոգին սկզբի օրվանից էլ շատ բարձր է եղել, քանի որ գիտակցում ես, թե ինչի համար ես կռվում։ Այն պահից, երբ մտնում ես մարտի դաշտ, սկսում ես չմտածել կյանքիդ մասին, քանի որ օրվա մեջ մի քանի անգամ փրկվում ես մահից։
Մեր առջև դրված խնդիրը բավական մեծ էր, և հրամանատարությունը վստահում էր մեզ բավականին բարդ առաջադրանքներ»,-պատմում է կրտսեր սերժանտ Պապին Բնյանը:
Երիտասարդը պատմելու ընթացքում անընդհատ շեշտում է հայ զինվորի արիությունը, այն, որ կարողացել են այդ իրավիճակում կռիվ մղել առանց նահանջի։ Քսան տարեկան Պապինը տանկիստ է: Պատերազմի հինգերորդ օրը խոցել են իր տանկը, սակայն վիրավոր լինելով շարունակել է մարտը` մենակ չթողնելով իր զինակից ընկերներին։ Յոթերորդ օրը կրկին խոցել են տանկը, հրթիռով՝ չթույլատրված «կասետային» արկերով։ Նշենք նաև որ Պապինը իր քսանամյակը տոնել է սեպտեմբերի 28-ին՝ ռազմաճակատում։
Մարտի դաշտում բոլորը դառնում են միասնական: Պապինը պատմում էր, թե ինչպես են տանկիստները միախմբված մարտ վարում և մեծ վնասներ պատճառում հակառակորդին։
Կրտսեր սերժանտը պատմում է, որ կամավորականները, ովքեր կռվի հենց առաջին օրվանից մեկնել էին ռազմաճակատ` ժամկետային զինծառայողներին օգնելու, փաստում էին, որ այս պատերազմը ոչ իննսունականների պատերազմին է նման, ոչ Քառօրյային։
Եվ այո, այս պատերազմը ավելի ծավալուն և խոշորամասշտաբ է, և մենք պետք է հպարտ լինենք, որ ունենք Պապինի և նրա նման շատ ու շատ հերոս տղաներ, ովքեր լինելով ընդամենը 18- 20 տարեկան, կարողանում են դիմակայել և կերտել հաղթանակ։