razmikGasparyan

Միասնական քննություններ

Դե ինչ, ավարտվեցին նաև միասնական քննությունները: Երևի թե այս շրջանը կյանքիդ կարևոր իրադարձությունների մեջ առաջիններից է: Ըստ իս՝ ամենաբարդ, դժվար ու սթրեսային փուլերից մեկն է սա: Մենակ դիմորդները կհասկանան մեկը մյուսին, որովհետև ապրումները, որ ունենում ենք, հնարավոր չէ պատկերացնել, եթե այդ ամենի միջով չես անցնում:

Քանի որ արդեն փորձ ունեմ, փորձեմ կիսվել փորձովս ու ինչ-որ կերպ օգնել մյուսներին։ Չեմ ուզում խոսել էն մասին, թե ինչու միջազգայնագետը ու պատմաբանը նույն մակարդակի պատմության քննություն պիտի տան, թե ինչու պիտի դիմորդին հենց առաջին առաջադրանքից «կոտրեն» և այլն:

Երբ սկսում էի պարապել քննությունների համար, մի չափանիշ էի ընտրել՝ 20: Ըստ իս՝ դա ամենակարևորներից մեկն է: Միշտ ասում էի՝ եթե մարդը կարող է ամենաբարձրին ձգտել, ինչո՞ւ ցածրի համար պատրաստվի: Էստեղ բայց կա՝ կարևոր կետ: Ձգտիր ամենաբարձրին՝ սպասելով նաև ցածրը։ Երևի վերջինին էդքան էլ ուշադրություն չէի դարձրել, բայց էդքան էլ ծանր չտարա ակնկալվածից մի քիչ ցածր ստանալս: Բոլորն ասում են, որ համալսարանում նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձնում քննությանը ստացած գնահատականներին, ու դու էլ շատ չանցած՝ մոռանում ես դրա մասին։ Կապրենք, կտեսնենք:

Պարապելու ընթացքում լինելու են շատ ու շատ հիասթափությունների, սեփական ուժերին չհավատալու, անկարող զգալու պահեր, բայց բոլորն էլ անցողիկ են, կարևորը կենտրոնանալը ու լավ պատրաստվելն է:

Ամենակարևոր 2-րդ կետը երևի չլարվելն է: Գիտեմ՝ անհնարին բան եմ ասում, բայց լարվելը քննության ժամանակ գլխավոր թշնամիդ է (վերջիվերջո, սեփական փորձից եմ ասում): Դժվար է, երբ 1-2 տարի պարապում ես ու պիտի պարապածդ օգտագործելով՝ ցույց տաս, թե ինչի ու ինչքանի ես պատրաստվել: Շատերի վախերից մեկն էլ հենց այն է, թե ուրիշները կմտածեն, թե էդքան պարապելով ցածր է ստացել: Ուրիշնե՞րն են քննություն տալիս, ուրիշնե՞րն են ունենում այն ապրումները, որոնց միջով անցնում ես… Չէ: Իսկ եթե չէ, ուրեմն կարելի է նույնիսկ թքած ունենալ ուրիշների չարախոսությունների վրա: Թքած ունենալ ասացի, հիշեցի: Թքած ունեցեք նաև քննասենյակում գտնվող էն մարդկանց հայացքների վրա, ովքեր շրջելով, դիմորդների «գլխին կանգնելով», «մուննաթ սփռելով», նկատողություններ արձանագրելով շրջում են: Մտածեք՝ նրանք գոյություն չունեն, կտրվեք ամեն ինչից, կենտրոնացեք թեստի վրա, հանգիստ գրեք: Ինչպես ուսուցչուհիս էր ասում՝ նայեք ձեր շուրջը, պատկերացրեք՝ ձեր սիրած երաժշտությունը ձեր ականջներում է, ու մի լարվեք: Ի դեպ, օգնեց: Նստած պատկերացնում էի, որ շարքերով երգում են Bohemian rhapsody-ն:

Վերջիվերջո, ամեն ինչից զատ, անկախ գնահատակններից, հիասթափությունից, ուրախությունից, սթրեսից, էլի ուրախությունից՝ ինձ համար ամենակարևորը էն մարդիկ էին, որոնց հանդիպեցի էս շրջանում, որոնք հավատում էին ուժերիս ու իմ փոքր հաջողությունների համար ինձնից ավելի շատ էին ուրախանում: Առանձնապես ուզում եմ նշել պատմությանս խմբի «7 հրաշալիքներին», որոնցից մի քանիսը դարձան ամբողջ կյանքի ընկերներ:

Միշտ ու ամենուր՝ թեկուզ և վատ բաներից, քաղեք օգտակարը ու հաճելին ու հենց դրանք էլ դարձրեք ձերը: