Քաղաքի ծմակոտ ու անարև արվարձաններից մեկում էր հետերկրաշարժյան հյուսիսին ամենահատուկ գորշ ու ցուրտ վագոն տնակային կրպակը։ Կրպակի ներսում դեղնավուն թերթը մինուսհինգանոց աչքերին համարյա կպցրած, ամեն օր մինչև բնական լույսի փոխարինվելը լապտերով, կարդում էր Մարգարիտը։ Թե ի՞նչ էր կարդում ու արդյո՞ք կարդում էր թե չէ, դժվար է ասել, ընդհանրապես ի՞նչ թերթ կարդալու ժամանակ է մի ոտքը կաղ մեր երկրում։
Մարգարիտի մասին քիչ բան գիտեին թաղամասում։ Միանշանակ էր միայն այն, որ ամեն ամսվա երկրորդ երկուշաբթին նա անհետանում էր, իսկ հետո հայտնվում մի մեծ տոպրակ ապրանքներով, որոնք դատապարտված էին երբեք չվաճառվելու։ Գալիս էր Մարգարիտը, կարճատև բացակայությունից հետո` դեմքին մի կնճիռ ու ձեռքին մի մեծ պայուսակ ավելացրած, բացում էր իր վագոնի ժանգոտած դուռն ու ուժեղ պարպումով փակում հետևից։ Որպես կանոն, էդ դուռը օրվա մեջ բացվում էր մեկ էլ մի անգամ` երեկոյան խանութի կարկատված տիրուհու տուն գնալու ոչ այնքան հանդիսավոր առիթով։ Ու էսպես ամեն օր։ Եթե կարճ խոսելու լինենք Մարգարիտի ձեռնարկատիրական կենցաղի մասին, ավելացնելու ուրիշ մանրամասներ դժվար է իրար գլուխ բերել մեր հիշողության գորշ պահոցից։
Յուրաքանչյուր խոշոր բիզնեսմեն ուներ անձնական կյանք, բայց Մարգարիտը դուրս էր այս շարքերից, ոչ թե որովհետև անձնական կյանք չուներ, այլ պարզապես նա խոշոր բիզնեսմեն լինելուց հեռու էր այնքան, որքան իր վագոն-կրպակը աշխարհի կենտրոնից։ Ամուսնացած եղել է՞ր, հավանաբար` այո։ Ու նման եզրակացություն անելու համար թաղամասի պառաված օրիորդների խորհուրդը բավարարվել էր այն փաստով միայն, որ որդի ունի։ Իսկ յուրաքանչյուր իրեն հարգող կին, թաղի պառավների գաղափարական ներդաշնակ տեսության համաձայն, պիտի ծառ տնկի, ամուսնանա և որդի ունենա` վերջին երկուսի հաջորդականությունը խախտելու դեպքում, ըստ լեգենդի, ոչ ոք դեռ չի շահել։
Մարգարիտի որդին արդեն հասուն տղա էր, երբ ուշադրության կենտրոն եկավ։ Թաքուն մի անկյունում մեծացավ նա` բոլորի աչքից կտրված։ Առաջին անգամ, բնական է, նրա ծնվելու լուրը տարածվեց` ինչպես գույնն է տարածվում մաքուր ջրում. միանգամից, վայրկենական։ Անցնող 18 տարում ոչ մի հիշատակում չեղավ ծնված երեխայի մասին։ Սրա սեռը պարզ դարձավ միայն տարիներ անց, երբ թաղամասում զինվորական կոմիսարիատից երկու հաստլիկ ենթասպաներ երևացին։
-Ուրեմն, Մարգարիտի էրեխեն տղա ա,- վճռեց խորհուրդը։
Հետո սրանցից մեկը` մի քիչ աշխարհ տեսածը (հեռուստացույցով) հիշեցրեց, որ հրեաների մոտ աղջիկներին էլ են բանակ ճանապարհում։ Թեև օդից նետված վարկածը գրավիչ էր, բայց անմիջապես պայթեց պառավներից մեկի` «Մենք հրեա չենք, էս Հայաստանն ա»,- մոգական արտահայտությամբ։
Խորհուրդը, իհարկե չսխալվեց ո՛չ մեր հրեա չլինելու, ո՛չ սա Հայաստանը լինելու, ո՛չ էլ Մարգարիտի երեխայի սեռի բարդ խնդրում։ Մի շաբաթից խանութապահի որդուն` ոսկրոտ ու դուրս ցցված այտերով մի սափրագլուխ տղայի, մոր արցունքակալած աչքերն ուղեկցեցին հայրենիքի պարտքը տալու։
Հաջորդող օրերին, անհաշիվ նոր թեմաներ ծնվեցին ու մեռան` վերջինների հետ նաև Մարգարիտը՝ իր ժանգոտ վագոնով, խորհրդավոր բացակայություններով ու թաքուն պահած մի զավակով, որի սեռը գուցե էդպես էլ չիմացվեր, եթե մեր երկրում բանակ գնային, ասենք, 32 տարեկանում։
Բայց ամեն մեռած բամբասանք մի օր վերածնվելու չարագուշակ ճակատագիր է ունենում։ Ու դա եղավ քաղաքի մամռակալած ձմեռային մի երկուշաբթի, երբ Մարգարիտը` ոտքերը ցեխաջրի մեջ չփչփացնելով, հերթական անգամ կողպեց խանութն ու անհետացավ։
Արտասովոր ոչինչ, երկու օր կխոսեն, կհոգնեն, հետո նորից կհայտնվի խանութպանը իր՝ նախորդների վրա գումարված մի նոր կնճիռն ու ձեռքի մեծ տոպրակը ամուր պահած, նորից երկու օր կխոսեն, էլի կհոգնեն ու վերջ։ Բայց ամեն բան զարգացավ աննախադեպ արագ ու անսպասելի։ Մարգարիտի գնալու հաջորդ առավոտյան թաղամասը ցնցվեց, հետո ամեն անկյունում սկսեցին քչփչալ.
-Մարգարիտը… Լրտես…
Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում` ոչ ոք էդպես էլ չիմացավ` ով էր առաջինը շրջանառության դրել Մարգարիտի լրտեսության վարկածը։ Փոխարենը ժամանակի ընթացքում լեգենդը համալրվեց գունավոր նկարագրություններով, ու ամեն հանդիպող դրան ավելացրեց իրեն դուր եկած մի նոր հատված։
Արդյունքում ամբողջացավ ու հանրության երախը գցվեց մի իսկական դետեկտիվ կինո։ Որն էսպիսին էր` Մարգարիտի ճանապարհվելու երեկոյան նրան տեսնող էր եղել Ստամբուլ գնացող երկհարկանի հարմարավետ ավտոբուսում` երկրորդ շարքի նստարանին` պատուհանի կողմում։ Թե ո՞վ էր տեսել, հետո էդպես էլ չիմացվեց` նման հարցին հստակ ու աներեր պատասխան կար.
-Ի՞նչ կարևոր ա, կարևորը` տեսել են։
Կարևորը խորհուրդը իմացավ, որ իրենց քթի տակից, արդեն որերորդ տարին է, մի առեղծվածային կին ամեն ամիս գնում է Թուրքիա, էնտեղից բերում ապրանքներ, որոնք երբեք չեն ծախվելու, ու Աստված գիտի` էլ ինչեր անում։ Իսկ ի՞նչ կարող էր անել խեղճ ու կրակ հայ կինը աշխարհի «ամենափիս» թշնամու երկրում։ Ընդ որում, Մարգարիտի խեղճ ու կրակ լինելը բավականին վիճարկվեց, բայց արդյունքում խորհրդի երկար քննարկումներից հետո գտնվեց պատասխանը` դե իհարկե, լրտեսություն։ Շատ անգամներ են հեռուստացույցով խոսել խելոք մարդիկ` էնտեղ առևտրի գնացողները իրենց ճամպրուկներում բազում գաղտնիքներ են տեղավորում ու ծախում թշնամուն։
Թաղամասում սկսեցին սրտխփոցով սպասել Մարգարիտի վերադարձին, բայց այս անգամ էլ դեպքերը այլ ճանապարհ ընտրեցին։
Մարգարիտից առաջ թաղամասում երևաց կանաչավուն ռազմական մի մեքենա, դուրս եկան երկու ավագ ենթասպաներ, որ կարծես նման էին նախորդներին ու պաշտոնի բարձրացում էին հաջողեցրել, հարցախեղդ արեցին ամեն պատահածի, հեռացան։ Երկու օրից մի նոր մեքենա եկավ, այս անգամ` սգո, ներսում` Մարգարիտի թաքուն պահած ու արդեն անշնչացած միակ տղան։ Նույն օրը հեռուստացույցում հազիվ ճանաչելի դարձավ առաջին ու վերջին անգամ տեսած իրենց ծանոթ դեմքը` Դավիթ 2001-2020 մակագրությամբ…
Քար լռություն էր աշխարհի կենտրոն դարձած` դրսից գունազուրկ ու ներսից թուրքական խանութի բոլոր կողմերում։ Այդ օրը ու հաջորդող սև ու սպիտակ բազում օրերում բամբասանքի անթիվ բառեր կուլ գնացին մարդկանց կոկորդներում…
Ձմեռն արդեն ավարտվել էր, երբ Մարգարիտը նորից երևաց խանութի մոտ, ուժեղ ճռռոցով բացեց երկաթյա դուռն ու խոնավահոտը մի րոպեում կուլ տվեց ամբողջ թաղամասը… Հետո կամաց-կամաց դարձավ սովորական մի բան, այնքան, որքան խանութի վաճառողուհու վանդակավոր տոպրակն ու օր օրի աչքերի տակ երիզվող կնճիռները… Երևի դժվար է որդի թաղելը… Իսկ լրտես լինե՞լը:
Շատ տարիներ են անցել ու դեռ էլի կանցնեն, բայց ամեն անգամ արդեն հավերժ կողպված էս վագոնի կողքով անցնելիս ինչ-որ մեկը մի քանի վայրկյան գոնե կմտորի` Մարգարիտը ավելի շատ բա՞ն տվեց էս երկրին, թե՞ խլեց նրանից… Ու արդյո՞ք խլեց։