Դու ուսանող ես ու քայլերդ դեպի Հայ կրթական հիմնադրա՞մ են տարել․․․ Կհասկանան միայն «Նռան հատիկ» դառնալու պատիվ ունեցած ուսանողները։
Հաճելի է, չէ՞, ծնողի ճակատին չավելացնել էլի մի կնճիռ։ Կամ տեսնել՝ նա քեզ նայում է որպես կայացած, իր խնդիրները գիտակցող մարդու։
Կամ հաճելի է հերթով օգնել առաջին քայլեր կատարող, դպրոցը դեռ նոր ավարտողներին, լրացնել մի պարզ հայտադիմում, որը լրացնելը այնքա՜ն բարդ է թվում։ Չէ՞ որ ես էլ եմ դրա միջով անցել, բայց բոլոր քայլերը ավելի հստակ էին թվում, քանի որ օգնող չկար։
Անցյալ տարի հունիսին ես արդեն արել էի մի քայլ, որ ինչպես հետո պիտի պարզվեր, շատ բան կփոխեր իմ մեջ, ևս մեկ հարց լուծված կհամարեի «իմ ուժերով»։ Ես հավատացել էի, որ անծանոթ մեկը հենց այդ պահին իմ հայտադիմումն է կարդում ու մտածում է օգնել ինձ ավելիին հասնել։ Եվ էդպես էլ եղավ, արդեն օգոստոսին ես այն երջանիկ ուսանողներից էի, որ ընդգրկվել էր Հայ կրթական հիմնադրամի կողմից հովանավորվող ուսանողների կազմում։
Դե պատկերացրեք, ինչ երջանիկ րոպեներ են դեռ նոր ուսանող դարձածի համար, ով 300-ից ավելի անվան մեջ իր անունն է փնտրում։ Եվ թվացյալ րոպեները արդեն ձգվում են մեկ տարի, ես դեռ հիշում եմ երջանիկ օրն ու ծուլացած ժամանակ կրկին գտնում իմ անունը, չէ՞ որ ինձ վստահել են։
Շնորհակալ եմ ոչ այնքան ինձ աշխարհի չափ մոտիվացիա տալու համար, որքան մեկ այլ բանի։ Մահվան մահճում հորաքույրս հպարտորեն նայում էր ինձ ու երջանկության արցունքները թաքուն գլորվում էին երկուսիս աչքերից էլ։ Ես համոզված եմ՝ նա նույնչափ հպարտ կլիներ՝ իմանալով, որ ինձ նաև համակարգիչ նվիրեցին։ Համոզված եմ՝ նա այդ ժամանակ էլ մի կողմ կդներ իր սրտում եղած մեծ ցավն ու երջանիկ կլիներ։
Սա դեռ միայն իմ երջանկությունն էր՝ մի կաթիլը իրենց գործերից, իսկ քանի՜ ուսանողներ են զգացել նույնը։ Քանի դպրոցներ են վերականգնել նրանք։ Քանի երազանքներ են կյանքի կոչվել նրանց շնորհիվ, ու դեռ քանիսն էլ պիտի զարդարեն մեր շուրջը․․․
Ըստ ամենայնի, ինձ մնում է միայն հավաքել գիտելիքների պաշար ու արդար լինել այն մարդու առջև, ով իր պարտականությունը համարեց կրթության հնարավորություն տալ մի անծանոթ աղջկա։ Շնորհակալ լինել այն հրաշք թիմին, որ պատրաստ է ցանկացած հարցով լինել իր ժամանակավոր «որդեգրած» ուսանողի կողքին։ Մնում է դառնալ ծնողներիս երազած մարդը, ում երբեք և ոչ մի դեպքում չի փոխի աշխարհը։ Իսկ հորաքույրս, վստահ եմ, ամեն պահի իմ կողքին է։
Եվ մեզ՝ բոլորիս, մնում է բարձրաձայնել լավ գործերն ու ցույց տալ դրանց արդյունքը։