Բոլորս էլ ունենք, չէ՞, այնպիսի բարեկամներ, ում գալուն միշտ սպասում ենք ամենաշատը: Դեռ մանկուց միշտ սիրում էի, երբ հորաքրոջս ընտանիքը գալիս էր գյուղ: Եթե անկեղծ, առավել շատ սպասում էի հորաքրոջս որդուն ՝ Հովիկին:
Փոքր ժամանակ ամենասիրածս տեղը աշխարհում Հովի ուսերն էին: Դե, տան փոքր լինելն այդպես է. թռնում էի նրա շալակն, ու Հովիկը համբերատար ինձ ման էր տալիս տնով մեկ: Իսկ ամռանը ինձ նստեցնում էր հեծանիվի առջևում, ու թեև շատ արագ էր քշում, բայց իր հետ երբեք չէի վախենում: Իրականում նա բացի ինձ շալակելուց ուրիշ տաղանդներ էլ ուներ: Լուցկու հատիկներից տուն էր սարքում, ինչ լար գտնում էր, կպցնում էր իրար, ու հոպ, ևս մի ինքնաթիռ, կամ անօդաչու թռչող սարք ու նմանատիպ այլ բաներ:
Բայց հետո մենք մեծացանք, ավելի ճիշտ, ես մեծացա, ու ինձ շալակելն էլ հեշտ գործ չի: Իսկ Հովը գնաց բանակ: Դրանից հետո էլ հեծանիվ էլ չեմ նստել, ու արդեն երկու տարի է, ինչ հորաքրոջս գալուց սպասում եմ, որ ուր որ է՝ Հովը կմտնի ու կասի.
-Նաշոկ, թռի շալակս:
Հա, հա, Նաշոկ: Մենակ նա է ինձ այդպես դիմում, չգիտեմ էլ՝ ինչու: Անկեղծ ասած, չեմ սիրում, որ անունս աղավաղում են, բայց Հովի ասածից չեմ նեղվում, արդեն սովորական է դարձել:
Էս բազմատաղանդ մարդու կյանքում մի հետաքրքիր բան էլ կա: Նա ծնվել է ոչ ավել ոչ պակաս, փետրվարի 29-ին: Հիշում եմ մի անգամ հարցրի.
-Հով, դու չորս տարին մեկ ես մեծանո՞ւմ:
Չէ, փաստորեն մանկական պատկերացումներս սխալ դուրս եկան, ու նա սովորական մարդկանց պես ամեն տարի մեծանում է: Ասեմ ավելին, մեծացել է այնքան, որ արդեն բանակից հետ գալու ժամանակն է:
Այս երկու տարին ավելի արագ անցան, քան մեր հեծանիվը, ավելի արագ, քան նրա ինքնաթիռն էր:
Հուսամ, որ բանակից հետո նա այս տողը չի մոռացել.
-Նաշոկ, թռի շալակս…