Ամեն մարդ հոգով և սրտով կապված է իր գյուղի հետ։ Գյուղի օդը, արևը, ջուրը, ամեն ինչ ուրիշ է։ Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, նայում եմ այս ձեռակերտ հրաշքին ու մտածում, թե որքան հեռու կարող է գնալ մտքի թռիչքը, ինչքան մեծ են մարդկային երևակայության սահմանները։
Հայրենի ծննդավայր, Արարատի մարզի Նարեկ գյուղ, ծննդավայր, որտեղ ամեն ժայռ ու սար, քար ու ծառ ունեն իրենց գույները: Գույներ, որոնք բնորոշ են միայն մեր երկրին։ Կարծես բնությունը ոչ մի ներկ չի խնայել` ստեղծելով մի հոյակերտ «կղզի» լեռների մեջտեղում։ Հիմա լավ եմ հասկանում, թե ինչու իմ նախնիները չեն ցանկացել պոկվել այս հողից, ինչու են մնացել ու արմատ նետել նրա հովիտներում, ուր տաք է, հիասքանչ, նրա լեռներում, որտեղ ցուրտ է, բայց էլի հիասքանչ…
Երեկոները ավելի գեղեցիկ են դառնում գյուղում, երբ վառվում են փողոցների լույսերը, որոնք ձգվում են ողջ գյուղի երկայնքով և լուսավորում խոր քնի մեջ ընկած իմ գյուղը։
Հայրենիքը սկսվում է ընտանիքից, իմ հարազատներից, իմ սիրելիներից, մտերիմներից և իհարկե, հայրենի ծննդավայրից` մեր սիրելի գյուղից, իսկ հետո շարունակվում է իմ հոգով, իմ շնչով, մեր հինավուրց ճարտարապետությամբ։
Նարեկ գյուղը ունի իմ թվարկած բոլոր հատկանիշները։ Գյուղը, ճիշտ է, այդքան մեծ չէ, բայց երբ բարձրանում եմ բարձունքին, իմ դիմաց բացվում է մի հրաշք տեսարան: Սկզբում զարմանում եմ: Այնպիսի տպավորություն է, կարծես առաջին անգամ եմ տեսնում այդ դրախտային տեսարանը` գյուղը իր հարազատ գույներով։ Այնպիսի տեսարան է բացվում, որ եթե նկարիչը տեսներ, ձեռքը կառներ վրձիններն ու ներկերը և թղթին կհանձներ այդ հրաշք տեսարանը։
Նարեկի ամեն կոթող ունի իր պատմությունը, պատմություն, որ քայլում է մեզ հետ կողք կողքի` Նարեկացու մատյանից մինչև Նահատակաց մատուռ։