Nazeli Hayrapetyan

Դեպի սպիտակ վագոն

Ու՞մ կթվա, որ գնացք նստելն ու ճանապարհ ընկնելն այդքան էլ հաճելի չէ, բայց հաճելիի, կարևորի և կյանքիդ կայարանում ինքդ քեզ պատասխան տալու համար է։  Չէ՜, չկարծեք՝ սովորական գնացքի մասին է խոսքը։ Դեռ «դպրոցական վագոն» ոտքս չէի էլ դրել, բայց գիտեի՝ որն է լինելու իմը։ Հաջորդը՝ «մանկավարժի լուսատու վագոնը», իմ աչքերով  երևում էր միայն վառ գույներով։

Պատահում է, որ այդ վագոնի որոշ գույներ խամրում են, բայց դեռևս  մանկությունից ծնված իմ երազանքը, որն այլևս նպատակ է, ուժ է տալիս՝ հիշեցնելով իր մասին։ Եթե լսեք մանկավարժ դառնալու նպատակիս մասին խոսելիս, երևի կարծեք, որ սիրահարվել եմ։ Եթե մեկն ասի, որ նույնիսկ կավիճ սիրելն է հնարավոր, իսկ դուք չհավատաք կամ խելամիտ չհամարեք, պարզապես իմացեք՝ ես սիրում եմ  կավիճը։

Վերջերս  ստիպված եմ լինում ինքս ինձ հաճախ հիշեցնել, որ դժվարությունները բացառիկ ճանապարհներին են հանդիպում, իսկ որոշ գույներ խամրում են՝ ավելի ուժեղ վառվելու հույսով։ Ես  վստահաբար գիտեմ՝ չեմ փոխի գնացքիս ուղղությունը, թե վագոնիս սպիտակը չգերակշռի, կփոխեմ ներկապնակս (դե հոգումս էլ հո շատ է), բայց ոչ այն գնացքը, որն օր օրի մոտեցնում է կյանքիս հաջորդ վագոնին, որն ավելի խաղաղ է լինելու, որովհետև վերագտնելու եմ ինձ։

Սիրում եմ լռել, ամենակարևորների մասին՝ կրկնակի: Գուցե ամենից շատ սիրում եմ, որ խոսում են տեղին։ Այսքանն ուղղակի գրում է մի աղջիկ, ով հույս ունի և հավատում է ինքն իրեն վաղուց, որ տարիներ անց այս գրվածքը կկարդա ընկեր Հայրապետյանը՝ Հայաստանիս արժանի մանկավարժ դարձած։

Կյանքի վերջին կայարանում երևի էլ դժգոհ չլինի ինքն իրենից։