Տեքստս սկսում եմ երեք կաչաղակների մասին պատմելով, որոնք հայտնվում են պատուհանիցս այն կողմ, ծառի ճյուղերին, որը չգիտեմ, ով է տնկել, ով ջրել կամ ով մեծացրել:
Պատուհանները մարդու կյանքի պատմության մեծագույն բացահայտումներից են, պատուհանը ինքնին բացահայտում է: Հազարամյակներ առաջ գետնափոր տներին պատուհաններ չեն եղել, հետո եղել են փոքրիկ կլորները` մաքուր օդ կացարան բերելու համար: Ժամանակները փոխվում են, պատուհանները` ևս: Լավ, պատկերացրեք, թե չլինեին պատուհանները, մեր կյանքը արդյո՞ք նույնը կլիներ: Հա, միգուցե մաքուր օդ տանդ մեջ չէր լինի, սենյակումդ ու գուցե հոգումդ էլ լուսավոր չէր լինի: Մարդիկ չէին խոսի պատուհանների մասին, և որ հիմա ամենահետաքրքիրն է, ես չէի տեսնի այդ կաչաղակներին, որոնք փեղկի, ծառի ճյուղերի նստած են, որոնց արմատների մասին տեղյակ չեմ, ու կապույտ երկնքի հետ շատ իրական ու բնական բնանկար չին ստեղծի:
Մեր կյանքի լավագույն մասերը, կարելի է համարել դրանք, երբ նպատակներիդ կամ երազանքներիդ հասնելու ճանապարհին ես գտնվում: Հիանալի է, բայց մենք հիմնական գործը անելով մոռանում ենք այն գեղեցիկը, որը մեր կյանքի աղն է: Այդ նպատակներից մեկի իրագործման համար էլ ես հայտնվեցի Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում: Վերադառնում եմ երեք կաչաղակներին, որոնց երևի դուք չտեսնեք, որովհետև հենց փորձում եմ նկարել, միասին թռչում-գնում են:
Տեքստիս շարունակությունը նվիրում եմ Խաչիկում գտնվող բոլոր այն տներին, որոնց միայն կտուրներն են նշմարվում ձյան հաստ շերտի տակից: Այն կտուրներին, որոնք երկար ժամանակ ծուխ չեն տեսել,մարդկային ձայն չեն լսել, չեն տխրել, բայց չեն էլ ուրախացել: Տուն տանող ճանապարհը` հանգիստ, բայց փակ: Ձյունն էլ մեղմ ու անշտապ է գալիս, գիտի` իրեն մաքրող չկա:
-Ժամանակ կար, ակումբում մեծ խաղեր, երեկույթներ էինք կազմակերպում: Բոլորս գնում էինք, ուրախանում: Հիմա, հիմա դասարանների մեծ մասում մի երկու հոգի են, գյուղի ժողովուրդը քչացել ա, ամեն մեկը իրա խնդիրն ունի, ամեն մեկը իրա տնով,-պատմում են խաչիկցիները:
Երեկոյան քայլքի ժամանակ ձայներ, որոնք ոչ այնքան հեռու գտնվող զորամասից էին գալիս, պարզ արձագանքում էին: Մայրամուտը Խաչիկից աննկարագրելի է, բայց փողոցներում մարդ չկա, վայելող չկա, միայն արձագանքը: Հա, ես իմ նպատակին կամաց-կամաց հասնում եմ, շուրջս եմ նայում վայելելու համար կյանքը. աղը քիչ է: Գրեթե վստահ եմ, որ նույն իրավիճակն է տիրում Հայաստանի համայնքների մեծ մասում: Տեքստս ավարտվում է, կարճ թելի նման, տխրած երկար չեմ գրում, կարծում եմ, որ կարդացողն էլ է տխրում:
Տեքստս ուզում եմ ավարտել: Շատ մարդիկ սիրում են Խաչիկն էնպես, ինչպես ես եմ սիրում իմ հարազատ քաղաքը: Ես չեմ ուզում, որ այստեղի դպրոցի դասարաններում երկու հոգի լինեն, չեմ ուզում միայն զբոսաշրջիկները վայելեն այս գեղեցկությունը, բայց միևնույն ժամանակ, ուզում եմ մասը լինել գյուղի ակումբում իրականացվող միջոցառումների: Վերադարձը հետընթաց չէ, վերադարձը հաղթանակ է: Այստեղ ձեզ սպասում են:
Փետրվար, 2016