Գիտե՞ս` ինչքան հաճելի է երկու տարվա դադարից հետ գրկել փոքրիկ, երկու տարեկան քրոջդ, հատկապես երբ այդ երկու տարիներդ անցել են բանակում: Աննկարագրելի մի բան է կատարվում հետդ, և՛ ուրախությունն է պատում սիրտդ, որ այլևս չես բաժանվելու նրանից, և՛ վախը, որ մի արագ ու անփույթ շարժում, ու կվնասես նրան: Դա մի աննկարագրելի ու հաճելի պահ է:
Հայոց բանակի շարքերը համալրած սիրելի համածառայակից, այո, այո, ճիշտ կարդացիր համածառայակից, կապ չունի, որ ես արդեն մի քանի օր է` զորացրվել եմ, Հայաստան աշխարհում բոլորս համածառայակից ենք, քանի որ մեր երկրի վիճակը այնպիսին է, որ բոլորս մեկ մարդու պես մեկնարկի գծին կանգնած սպասում ենք հակառակորդի մեկ միլիմետրի շարժմանը, որպեսզի օգնության հասնենք սահմանին կանգնած հայ զինվորին: Դու և քո ընկերները երբեք չպետք է թերագնահատեք ձեզ, մի նայեք հակառակորդի ահռելի գումարներ արժեցող սպառազինությանը: Մենք՝ հայերս, ունենք ավելի հզոր զենք. դա մեր՝ օրհասական պահին մեկ բռունցք դառնալու և հակառակորդին ջախջախիչ հարված հասցնելու ունակությունն է: Հիշի՛ր, որ կապ չունի` դու հրետանավոր ես, սակրավոր, տանկիստ, օդաչու թե հրաձգային գումարտակի զինվոր, պետք է սիրես ու հպարտանաս քո փոքրիկ, սակայն արյան գնով ձեռք բերած հայրենիքով:
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ: Այսքան տարիների ընթացքում մեր զինվորները երբեք հուսախաբ չեն արել, և դա պետք է շարունակվի դարեդար:
Ցանկանում եմ անամպ ու արևոտ երկինք: Թող հայրական տնից դուրս եկած զավակը ողջ առողջ վերադառնա տուն, և ոչ մի մոր աչքեր արցունք չտեսնեն:
Շնորհավոր մեր տոնը սիրելի զինվոր: