Ո՞վ է ժամանակակից կինոդիտողը

Ասում են` պատմությունը ուսումնասիրելու լավագույն ձևը կինոն է: Լավ, ես եմ դա ասում: Ցավոք, կինոն ի հայտ է եկել միայն վերջերս, ստացվում է, որ փոքր է մեր ուսումնասիրությունների դաշտը: Չնայած դրա փոքրությանը, վերջին հարյուրամյակում տեղի ունեցածը մի առանձին պատմության դասագիրք է, կամ մոտավորապես այնքան, ինչքան դրանից առաջ եղածը միասին վերցրած:

Կմտածեք` ինչի՞ համար է այս ամենը:

Կինոն այն է, ինչ կատարվում է այն դիտողի գլխում: Չէ որ դա ստեղծողը երկար ժամանակ նստել է հանդիսատեսի շարքերում, դե, չհաշված Լումիեր եղբայրներին: Հետևաբար, ստացվում է, որ կինոն կամ դաշտը ուսումնասիրելու համար նույնչափ կարևոր է ուսումնասիրել կինոդիտողին: Քանի որ այն, ինչ ցուցադրվում է, և այն, ինչ ուզում է նայել կինոդիտողը, կապված են միմյանց հետ պատճառահետևանքային կապով:

Ո՞վքեր էին այն մարդիկ, ովքեր Գրանդ Հոլում դիտում էին «Գնացքի ժամանումը», կամ նրանք, ովքեր օրերով և շաբաթներով հերթ էին կանգնում «Քամուց քշվածները» դիտելու համար, և ովքեր են այն մարդիկ, ովքեր գնում են կինո հիմա: Արդյո՞ք նույնն են նրանց նախասիրությունները, թե՞ ժամանակաշրջանների միջով անցնելիս կինոն փոփոխել է նաև իր հանդիսատեսին:

Ցավոք, այս հարցումը կարողացա անցկացնել միայն վերջին խմբին պատկանող մարդկանց շրջանում: Հարցմանը մեծամասամբ մասնակցել են երիտասարդներ և պատանիներ, ցավոք, մեծ մասամբ աղջիկներ, ինչպես ակնկալվում էր: 

Մարզաբնակ պատանիները կինոթատրոն այցելելու հաճախականության մասին հարցին բոլոր հնարավոր տարբերակներից ընտրում են հազվադեպը: Ես դա կապում եմ նրա հետ, որ մեր մարզերում գրեթե չկան կինոթատրոններ, և քանի որ հիմա տանը բոլորը ունեն համացանց և համակարգիչ, հավանականությունը, որ կգան Երևան` հատուկ կինոթատրոն այցելելու համար, զգալիորեն փոքրանում է:

Այնուամենայնիվ հարցմանը մասնակցողներից միայն երեքը երբեք չեն այցելում կինոթատրոն:

Չնայած դրան, մասնակցողների 60%-ը նախընտրում է ֆիլմ նայել տանը, մյուս 40%-ը` կինոթատրոնում: 39.5%-ի համար տոմսի արժեքը բարձր չէ նորմայից, մյուս 37.2 %-ը դժվարանում են պատասխանել, իսկ  23.3%-ը կարծում է, որ բարձր է:

Կինոթատրոնների ընտրության հարցում մրցում են «Մոսկվա» կինոթատրոնը և «Սինեմա Սթարը»:

Եվ այստեղ ես անցնում եմ ֆիլմի ժանրային և գաղափարային ընտրության հարցին: Իհարկե, 70,8%-ը նախընտրում է խաղարկային ֆիլմեր:

74.7%-ը ֆիլմում կարևորում են գաղափարը, 48.8%-ը` սյուժեն, իսկ մնացածը բաժանվում է անսպասելի ավարտի, գունաբաժանման և երաժշտության միջև:

Այստեղ ես հիշում եմ Սասփենսի մասին Հիչքոկի տեսությունը: Ինչո՞ւ են մարդիկ դիտում դրամաներ, սարսափներ, թրիլլերներ: Արդյո՞ք քիչ է մեզ ամենօրյա էմոցիոնալ լարվածության այն չափաբաժինը, որը մենք ստանում ենք, և արդո՞ք մեր օրգանիզմը ավելորդ սթրեսի կարիք ունի, որի միջոցով «update» է լինում, մաքրագործվում, և որը մենք բավարարում ենք այսպիսի ֆիլմեր դիտելու միջոցով:

Մի անգամ Հիչքոկը Տրյուֆոյին ասում է.

-Երբ ես պատմություն եմ հնարում, ինձ ավելի շատ ոչ թե հերոսն է հուզում, այլ այն աստիճանը, որը ճռռում է:

-Ի՞նչ նկատի ունես,- հարցնում է Տրյուֆոն:

-Այն աստիճանները, որոնք ճռռում են և ամեն պահի կարող են փլվել հերոսի ոտքերի տակ: Ես դա կոչում եմ սասփենս:

Իսկ ավելորդ սթրեսի մասին մտքերը նույնպես իմը չեն, դրանք էլ է ասել Հիչքոկը:

Նույնիսկ հեղինակային կինոյի սիրահարները երբեք անտարբեր չեն անցնում ֆիլմ-աղետների կողքով: Աշխարհը կործանման եզրին է, Էյֆելյան աշտարակը փլվում է, Հաղթական կամարը էլ չկա, բոլորը մահանում են, և մեր պետքն էլ չէ, միայն թե գլխավոր հերոսը կենդանի մնա: Մենք գիտենք, որ ինչ էլ լինի, նա չի մահանալու, բայց շարունակում ենք շունչներս պահած սպասել ամեն «ճռռացող աստիճանի» մոտով անցնելիս: Ու չնայած լավ գիտակցում ենք սա` միևնույնն է, եթե նույնիսկ կրկնեն` կդիտենք:

Ինչևէ:

Ինչքանո՞վ է կինոդիտողը ինտեգրվում ֆիլմի մեջ, զգում իրեն ինչպես հերոսներից մեկը և նույնականացնում իրեն, չէ՞ որ ժամանակների, պատմության, հանդիսատեսի նախասիրությունների հետ փոխվում է նաև հերոսը: 

Պարզվեց, որ ամենատարբեր ֆիլմերը կարելի է ասոցացնել մեր կյանքի հետ: Տարկովսկու ֆիլմերից մինչև «Մատանիների տիրակալը», «Մարտական ակումբը» (ի դեպ, քիչ չէին այս ֆիլմի հետ ասոցացնողները), «Ես նիհարում եմ», «Ֆանտաստիկ գազաններ և որտեղ գտնել դրանք» և այլն:

Պարզեցինք այս ամենը, մնաց պարզել, թե ով է այն հերոսը, ում ոտքերի տակ ամենայն հավանականությամբ, պետք է ճռռան աստիճանները:

Մայրիկս հաճախ աշխատանքի գնալուց առաջ հեռուստացույցով ֆիլմ է դիտում: Մեծ մասամբ, սովետական, հատկապես այն ժամանակաշրջանի, երբ բոլոր ֆիլմերը բանվորների և աշխատավորների մասին էին, ավելի կոնկրետ, «Աղջիկները» (Девчата) ֆիլմը: Ես և քույրս ամեն ձմեռ «Հարրի Փոթթերն» ենք նայում, իսկ մարդիկ էլ կան, որ ինչպես պարզ դարձավ, «Մարտական ակումբը» կամ «Կնքահայրն» են հաճախ նայում:

Ե՞րբ էր կինոյում այդ ժամանակը, երբ «լավ տղային» եկան փոխարինելու այնպիսի հերոսներ, ում հետ իրական կյանքում ամենայն հավանականությամբ կարգելեին մեզ շփվել: Գուցե դա այն ժամանակ էր, երբ մարդիկ տեսան Ժան Պոլ Բելմոնդոյին «Վերջին շնչով»-ում թանկարժեք մեքենաներ առևանգելիս, կամ երբ Մայքլ Կոռլեոնեն դառնում էր մաֆիայի կնքահայրը, իսկ գուցե երբ Լեո՞նն էր մարդկանց սպանում:

Ալեքսանդր Միտտան իր «Կինոն դժոխքի և դրախտի միջև» գրքում հերոսներին դասակարգում է 4 տեսակի: Եվ այս տեսակի հերոսները` կորուսյալ հոգիները, այն մարդիկ են, ովքեր ինչ-որ մի ժամանակ օրենք են խախտել, հանցանք են գործել, և դա չի կարող չազդել իրենց հետագա գործողությունների վրա: Այնուամենայնիվ, նրանք գլխավոր հերոսներն են, և մենք խենթանում ենք նրանց համար: 

Շերլոքները, սուպերմենները, գաղտնի գործակալները և մյուս սուպերհերոսները, որոնք նույնպես շատ էին առաջարկված տարբերակներում` կուռքերն են (Идолы), որոնք իրենց գործի գիտակներն են, մեծ համբավ են վայելում: Այս հերոսների մոտ, որպես կանոն, միշտ մի շատ մեծ, ակնհայտ թերություն կա` ասենք, նրանք էգոիստ են, ցինիկ, հարբեցող, կամ ունեն հակառակորդ` սուպերչարագործ: Դա իրենց և իրականության միջև կապ ստեղծելու համար է:

Մեր մայրիկների և տատիկների սիրելի հերոսները «Մեր ծանոթները» խմբին են պատկանում, որոնք ինչպես անունը հուշում է` մեր նման մարդիկ են և հաղթահարում են մեզ ծանոթ դժվարություններ:

Վերջին կատեգորիայի հերոսը` Անդերդոգն է: Տեսե՞լ եք «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմը: Դե, այն տղայի մասին, ով ամենացածր սոցիալական շերտից էր, անասելի դժվարությունների և վտանգների միջով էր անցել, բայց այնքան խիզախ էր ու բարի, որ ամեն պահի ուզում էինք կարեկցել իրեն: Իսկ վերջում նա հաղթում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում, և բոլորով պարում են կայարանում: Երևի հասկացաք, թե ինչ նկատի ունեմ:

Կապ չունի, թե որ ժամանակաշրջանում ենք ապրում, ֆիլմը պետք է այնպես հուզի, որ նույնիսկ եթե «Գնացքի ժամանումը» դիտողների պես դուրս չփախչենք դահլիճից, ապա դա պետք է գոնե թե անենք մեր մտքում կամ երևակայության մեջ: