Հարցազրույց Աշոցքի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Սիլվարդ Սարգսյանի հետ:
Սիլվարդ Սարգսյանը ծնվել է 1955թ.-ին Աշոցք գյուղում: Առաջին մասնագիտությամբ կենսաբանության մասնագետ է, նաև ծավալել է լրագրողական աշխատանք՝ Խորհրդային Միության տարիներին: Ներկայումս գյուղի դպրոցի ամենագիտակ ուսուցիչներից է: Եվ ինչպես ինքն է նշում՝ յուրաքանչյուր օր նոր լրագրողական նյութ է դպրոցում։
-Մի փոքր պատմեք Ձեր մասին:
-Ես ներկայումս կենսաբանության ուսուցչուհի եմ Աշոցքի միջնակարգ դպրոցում, սակայն մինչ այդ աշխատել եմ լրագրող, և շատ եմ սիրել այդ աշխատանքը: Շրջանային թերթերի վերանալուց հետո աշխատել եմ դպրոցում, և համադրելով լրագրողի և ուսուցչի աշխատանքը՝ հասա այն արդյունքին, որ կարողացա որպես լրագրող էլ լավ դրսևորվել:
-Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, եթե ոչ մանկավարժ:
-Եթե ոչ մանկավարժ, կմնայի լրագրող: Ցավում եմ, որ չկարողացա շարունակել լրագրողի մասնագիտությամբ աշխատանքս, ես ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ էի և մեծ հաջողություններ կունենայի։
-Եթե ներկայումս հնարավորություն ընձեռվեր, կթողնեի՞ք ուսուցչի մասնագիտությունը և աշխատեիք լրագրող:
-Ոչ, որովհետև ես ներկայումս համատեղել եմ լրագրողի և մանկավարժի աշխատանքը, և իմ յուրաքանչյուր օրը վերածել եմ լրագրողական և ուսումնական արկածային օրվա: Եվ յուրաքանչյուր երեխայի հետ շփումը լրացնում է լրագրողական օրերիս պակասը:
-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:
-Իմ կյանքի կարգախոսն է` լինել ազնիվ: Երբեք չեմ հանդուրժել սուտն ու կեղծիքը: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, միշտ առաջ եմ տարել ճշմարտությունը:
-Ըստ Ձեզ՝ ո՞ր հատկանիշն է ամենակարևորը ուսուցչի մասնագիտության մեջ։
-Մանկավարժը պետք է անչափ բարի լինի և ներողամիտ, և քանի որ մանկավարժը գործ ունի տարբեր ընտանիքների, տարբեր բնավորության տեր երեխաների հետ, ապա նրանց հետ պետք է լինել հավասարը հավասարի նման: Եվ որ ամենակարևորն է՝ պետք է վարվի աշակերտի հետ այնպես, ինչպես իր սեփական երեխայի հետ:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Նոր Հայաստանի նոր կառավարությունից:
-Նոր Հայաստանի նոր կառավարությունից շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Որքան շատ եմ հետևում իրադարձություններին, այնքան մեծ բավականություն եմ ստանում: Նրանք էլ են կարևորում ճիշտը և ոչնչացնում են սուտն ու կեղծիքը: Մեծ հույսեր ունեմ և Նիկոլ Փաշինյանին, որպես քաղաքական գործիչ, խիզախություն եմ ցանկանում նոր մարտահրավերներին դիմակայելու և հաջողությունների հասնելու համար: Եվ այն ուղին, որով Նիկոլ Փաշինյանը տանում է այս նոր կառավարությունը, պսակված է մեծ հաջողություններով: Եկել է երազանքների իրականացման պահը, և մենք բոլորս՝ մեծ, թե փոքր, մեր գործառույթով պետք է գնանք Նոր Հայաստան:
-Պատկերացրեք՝ Ձեզ է վստահվել երկրի ղեկավարությունը, առաջինը ո՞ր ոլորտին կուղղեիք Ձեր հայացքը։
-Իհարկե, բազմաթիվ փոփոխություններ կան դեռ անելու, բայց առաջին ոլորտը կլիներ անվտանգությունը: Եթե անվտանգությունը հասնի իր գագաթնակետին, ապա հավատացնում եմ բոլորին, որ մեր պետությունը այլ հիմքերի վրա կլինի: Եթե պետությունը ամուր լինի սահմանից, ամուր կլինի նաև հիմքերից: Երբ կարողանայի ապահովել անվտանգությունը, կլուծվեին նաև մյուս հարցերը:
-Իսկ որպես մանկավարժ՝ ի՞նչը կփոխեիք կրթական համակարգում:
-Դեմ եմ կտրուկ փոփոխություններին, կցանկանայի հետագայում տեսնել այնպիսի կրթական համակարգ, որ երեխաները մանկուց մեծանային նոր մտածելակերպով: Նոր մտածելակերպը մեր պետությանը կհասցներ կրթական բարձր մակարդակի: Եվ դասապրոցեսը զուտ առարկայական դաս չլիներ, դուրս գայինք սահմանված դասապրոցեսի շրջանակից:
-Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը նոր սերնդին:
-Իմ ուղերձն է` հայրենքը պահել իր սահմանների մեջ, իր լեզվի մեջ, իր ավանդույթների մեջ: Ձգտենք ավելացնել նորը և կարևորը մեր պատմության նոր էջերին։
Շուտով Ուսուցչի տոնն է: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ: