Դեպի Լաստիվեր տանող ճանապարհը բնության և արշավների սիրահարների համար է: Ճանապարհը շատ հետաքրքիր և գեղեցիկ է, գրավում է հատկապես էքստրիմի սիրահարներին: Երբ հասանք Լաստիվեր, բնությունը տեսնելուն պես սիրահարվեցի Տավուշի բնությանը: Սկսեցինք շարժվել առաջ, սկզբում ճանապարհը շատ հեշտ էր թվում, բայց հետո սկսեց դժվարանալ: Պետք է անցնեինք 3 կմ ճանապարհ, և նույնքան էլ հետ դառնայինք: Ոտքերով խաչեր էինք անում ու երգով-պարով առաջ գնում: Որքան մոտենում էինք Լաստիվերի ջրվեժին, այնքան ավելի էր մեծանում հետաքրքրությունը: Խըշշ-խըշշ…
Ամբողջ ճանապարհը քարքարոտ էր, ցեխոտ, երևի անձրևի արդյունքն էր: Գնում ենք, էլի ենք գնում, բայց չենք հասնում ջրվեժին… Շարունակում ենք քայլել…
Մեր դեմ իր դուռը բացեց դրախտը: Սկսեցինք հետազոտել տարածքը: Սովորության համաձայն սկսեցինք նկարվել, սելֆի անել: Մի խոսքով՝ հիանալի ժամանակ անցկացրինք… Վերադարձի ճանապարհը նույնպես սկզբում հեշտ էր և հաճելի, բայց երբ ծարավեցինք, իսկ ջուր էլ չունեինք, ճանապարհը սկսեց դժվարանալ: Ճանապարհի կեսից 2-3 հոգով մոլորվել էինք: Ճանապարհին մի սփյուռքահայ ջուր էր վաճառում, հարձակվեցինք ջրի վրա…
Վերջապես դուրս եկանք Լաստիվերից, և առաջին իսկ պատահած տեղում պառկեցինք հանգստանալու… Մեզ տեսնողը կմտածեր, թե անտուն մարդիկ ենք: Մեզ դեռ սպասվում էր երկար ու գեղեցիկ ճանապարհ դեպի Պարզ լիճ…