Ruben Nersisyan

Ու վերջ

էսօր քայլում եմ,

վաղը հեծանիվ կվարեմ,

մյուս օրը կվազեմ,

բայց չեմ կանգնի։

ինձ փոքրուց սովորեցրել են,

որ կանգնելը հարցի լուծում չի,-

«վատ երևույթ է,

բայց ոչ պատժելի»։

ես պիտի ընտրեմ,

տնտղեմ,

պրպտեմ

ու հիշեմ,-

«դա իրավունք է,

և ոչ պարտականություն»։

միայն վատ կլինի փողոցների վիճակը,

կհոգնեն

ամեն օր ինձ լսելուց,

կզզվեն ինձնից,

իսկ ես նրանց շատ եմ սիրում,

իսկ ես շատ մոտ եմ նրանց հետ

ու ամեն գաղտնիք

պատմում եմ պարտադիր։

էսօր քայլում եմ,

վաղը հեծանիվ կվարեմ,

մյուս օրը կվազեմ,

էն մյուս օրը կհոգնեմ,

կգնամ տուն,

(հաստատ կգնամ)

ու

կքնեմ

բազկաթոռի մեջ նստած,

և այդ պահից սկսած`

ես ավարտած կլինեմ իմ դերը,

իրավունքը, որ անվանել են պարտք,

իսկ բառերը, որ նեղացրել եմ վաղուց`

կհեռանան անդարձ,

ու ես ոչինչ կլինեմ,

ու առավոտը կգա հաստատ,

ու փոփոխություն չի լինի

(վստահ եմ,

նույն նստարանը,

նույն կատուները,

նույն աղբամանները,

նույն նույնը)

ու…

ու վերջ։