-Ամուսնանալուդ ժամանակն է, -ասաց տարեց թագավորը տղային:
-Ո՞ւմ հետ ամուսնանամ,-թախծոտ հարցրեց արքայազնը:
-Գեղեցիկ արքայադստեր հետ,- պատասխանեց թագավորը,-և որ նա լինի ոչ միայն գեղեցիկ, այլև բարի: Եվ որ նրա գլխում երբեք չլինի ոչ մի չար միտք:
-Այդպիսին դժվար թե գտնենք, -հոգոց հանեց արքայազնը:
Բայց թագավորն արդեն կանչել էր սենեկապետին: Բանն այն է, որ թագավորի սենեկապետը կարողանում էր տեսնել վատ մտքերը: Նա դրանք տեսնում էր թևավոր միջատների տեսքով, որոնք պտտվում էին մարդկանց գլխավերևում:
-Լսիր, -ասաց նրան թագավորը,-վաղը տասնմեկ արաքայադստրեր են գալու հարսնատեսության: Մենք նրանցից կընտրենք ամենագեղեցիկին: Իսկ դու մեզ կզեկուցես, թե ինչ մտքեր ունեն նրանք:
Այդպես էլ որոշեցին: Հաջորդ օրը տասնմեկ արքայադուստր տեղավորվել էին գազոնին: Նրանք նստել էին ճոճաթոռներին և հուզմունքից անընդհատ ճոճվում էին:
-Սկսենք, -ասաց թագավորը:
Սենեկապետը սկսեց առաջին շիկահեր արքայադստեր զննումը:
-Վայ,- ետ-ետ գնալով բացականչեց նա,- այ քեզ փորձանք: Նրա գլխավերևում մժեղներ էին պտտվում:
Երկրորդի կողքին կանգնելով բղավեց.
-Սև բզեզներ… Այն էլ հազարավոր:
Երրորդի կողքից անցավ վազելով, առանց կանգնելու, ընթացքից գոռալով.
-Օգնեցեք… Կատաղած մեղուներ:
Եվ այդպես, պատկերացնո՞ւմ եք, ամբողջ շարքի երկայնքով: Գեղեցկադեմ արքայադստրերի գլխավերևներում նա տեսնում էր զզվելի միջատներ, դրանք նրանց չար մտքերն էին:
Թագավորն ու արքայազնը հետևում էին կատարվածին, նրանք ոչ մի միջատ չէին տեսնում, բայց հիացած լսում էին խորաթափանց սենեկապետին:
Վերջապես սենեկապետը արգելակեց տանմեկերորդ արքայադստեր մոտ և երկար ու անշարժ կանգնեց: Հետո պտտվեց նրա շուրջը, նայեց-լսեց և նույնիսկ հոտոտեց նրա մազերը:
-Ոչինչ չեմ հասկանում, -փնթփնթաց նա,- ոչ մի չար միտք: Այս աղջկա գլխում ես ոչ մի չար միտք չեմ գտնում: Թերևս խորհուրդ կտամ ընտրել նրան:
-Հրաշալի է,- թագավորը հուզված տրորեց ձեռքերը,- գործն արված է:
Մյուս տասը արքայադստրերին նստեցրին կառքերը և ետ ուղարկեցին, իսկ որպեսզի նրանք շատ չտխրեն, ամեն մեկին մի մեծ կտոր տորթ տվեցին: Բայց միևնույն է, խեղճերը շատ ճնշված էին: Իսկ տասնմեկերորդ արքայադուստրն, ուրեմն, դարձավ արքայազնի հարսնացուն: Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, նա աննկարագրելի գեղեցիկ էր: Նա կապտաչյա էր, շագանակագույն մազերով, իսկ դեմքը՝ ճենապակե տիկնիկի դեմքի պես սպիտակ:
-Դե, տղաս, -հրճվանքով ասաց թագավորը,-դու երջանի՞կ ես:
-Ոչ, -ասաց արքայազնը:
-Որդիս, -վրդովված բացականչեց թագավորը,-այդպիսի գեղեցիկ հարսնացու, արքայական տոհմից, և ոչ մի չար միտք: Միայն պատկերացրու:
-Բա ո՜նց, -փնթփնթաց արքայազնը,- շատ հնարավոր է, որ նա չար մտքեր չունի: Բայց ինձ թվում է, նա ընդհանրապես ոչ մի միտք էլ չունի: Ոչ չար, ոչ էլ բարի:
-Ի՞նչ տարբերություն, -թեթևացած ձեռքը թափահարեց թագավորը,- նա հետո դառնալու է թագուհի, իսկ թագուհու համար ամենևին էլ պատադիր չի որևէ միտք ունենալ: Միայն թե կարողանա կառքի պատուհանից մտերմիկ գլխով անել: Միայն թե գեղեցիկ ժպտա, իսկ խելացի բառերը անգիր կանի: Ամենևին պետք էլ չի, որ նա մտածի:
Արքայազնը լռեց: Եվ նույն օրն էլ իր գեղեցկուհի հարսնացուի հետ գնաց նավակով զբոսնելու: Նրանք դանդաղ լողում էին գետով: Կանաչ ափի երկայնքով, արևի շողերի տակ փայլում էին մարգարտաշուշանները:
-Դու երբևիցե երկնքի մասին մտածո՞ւմ ես, -հարցրեց արքայազնը:
Արքայադուստրը զարմացած նայեց նրան: Նա լռում էր, և տղան հասկացավ, որ այդ առիթով ոչ մի միտք չունի: Նրանք լուռ շարունակում էին լողալ, մինչև աջ ափին չհայտնվեց մի հին թեքված խրճիթ:
-Ինչո՞ւ մի մարդ հարուստ է, իսկ մեկ ուրիշը՝ աղքատ, -հարցրեց արքայազնը:
Արքայադուստրը նորից զարմացած նայեց տղային: Նրա դեմքը սովորականից ավելի էր գեղեցկացել, բայց տղան զայրանում էր, որովհետև պարզ էր, որ նա երբեք չէր մտածել այդ մասին: Նա ընդհանրապես ոչ մի բանի մասին չէր մտածում:
-Ես նավակն այստեղ կկապեմ, -ասաց արքայազնը,-սպասիր ինձ այստեղ: Ես ուզում եմ մտնել այդ խրճիթը:
Արքայադուստրը համբերատար սկսեց սպասել արքայազնին: Նա ձեռքը իջեցրեց ջրի մեջ, և ալիքները հանգիստ ճոճում էին նավակը: Արքայազնը այդ ընթացքում բացեց խղճուկ խրճիթի դուռը:
Ներսում հին աթոռի վրա նստած էր աղքատիկ հագնված սևաչյա մի աղջիկ: Նա կարտոֆիլ էր մաքրում և զարմացած նայեց շքեղ հագնված արքայազնին:
-Ողջույն, -դռան մեջ կանգնելով ասաց արքայազնը:
-Ողջույն, -ասաց աղջիկը` շարունակելով մաքրել կարտոֆիլը:
-Ինչո՞ւ… – հարցրեց արքայազնը,-ինչո՞ւ է ծաղիկն ավելի գեղեցիկ, քան կարտոֆիլի կճեպներով զամբյուղը:
Աղջիկը մի կողմ դրեց դանակն ու մտածեց: Հետո ասաց.
-Իսկ մի՞թե ծաղիկը կարտոֆիլի կճեպներով զամբյուղից գեղեցիկ է: Դու համոզվա՞ծ ես:
Արքայազնը ուշադիր նայեց և գտավ, որ նրա ծնկներին դրված կարտոֆիլի կճեպներով զամբյուղն ավելի գեղեցիկ է, քան բոլոր ծաղիկներն իրար հետ վերցրած: Տարօրինակ է, բայց նրան իսկապես այդպես թվաց, և նա չէր հասկանում, թե ինչու: Նա հասկացավ միայն, որ այդ աղջիկը կարողանում է մտածել: Նա բռնեց աղջկա ձեռքից և կանաչ մարգագետիններով նրան տարավ պալատ: Նավակում գտնվող արքայադստեր մասին նա լրիվ մոռացավ և աղքատ աղջկա հետ հասնելով պալատ` ծնկի իջավ հոր առաջ.
-Ահա իմ հարսնացուն, հայր: Նա կարողանում է մտածել:
-Բայց տղաս, -վախեցած բղավեց թագավորը,- դու արդեն մի հարսնացու ունես: Իսկ սա… Սա կարծես մոխրոտ լինի: Ի՞նչ կասեն մարդիկ: Վայ, ինչ կեղտոտ են նրա շորերը:
-Դա դատարկ բան է, -ասաց արքայազնը,-աշխարհում այնքան գեղեցիկ շորեր կան:
Այդ ընթացքում սենեկապետը մոտեցավ աղջկան: Զննելով աղջկան, նա սարսափահար գոռաց.
-Կրետ: Հսկա, չաղ կրետ է պտտվում նրա գլխավերևում: Նա չար միտք ունի:
-Միայն մե՞կը, -ծիծաղեց արքայազնը,-ի՞նչ ես մտածում, սեր իմ:
Աղջիկը կարմրեց ու ասաց.
-Ես մտածեցի, որ միայն հիմար թագավորը կարող է լսել ուրիշ մարդկանց խորհուրդները:
-Տեսնո՞ւմ եք, -բղավեց սենեկապետը,-չար միտք:
-Դա ավելի լավ է, քան ընդհանրապես առանց մտքերի, -ասաց արքայազնը և համբուրեց աղջկան, չնայած նա իսկապես ոնց որ մոխրոտ լիներ: Աղջկան տարան լողանալու և անմիջապես էլ սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել:
Երբ հարսանեկան թափորն անցնում էր գետի մոտով, արքայազնը սարսափած նկատեց, որ արքայադուստրը դեռ նստած է նավակում:
-Ես նրա մասին լրիվ մոռացել էի, -ձեռքը տարավ ճակատին արքայազնը,-հարցրեք նրան. չի՞ ուզում արդյոք տեղ զբաղեցնել վերջին կառքում:
Արքայադուստրն առանց վարանելու համաձայնեց, որովհետև ոչ մի բանի մասին չէր մտածում:
Հարսանյաց թափորը մոտեցավ եկեղեցուն, բոլորը երջանիկ էին, բացի սենեկապետից: Նա թափահարում էր բռունցքն ու փնթփնթում.
-Եկեղեցում լիքը միջատներ կան: Բզեզներ, ճանճեր և թունավոր կրետներ…
Բայց դա ոչ մեկին չէր հուզում:
Աննի Շմիդտ