lilit grigoryan ararat

Դպրոցական ընկերների մասին

Գրեթե չորս ամիս է, ինչ ուսանող եմ ու արդեն լիովին հարմարվել եմ ուսանողական կյանքին, սակայն մեջս դեռ թարմ է առաջին օրերի ընթացքում եղած անհանգստությունը, որը կապված էր դպրոցից հեռու լինելու հետ: Կյանքումս առաջին անգամ կարոտում  էի դպրոցն ու ցանկանում այնտեղ վերադառնալ: Այդքան օտար դեմքերի մեջ ես փորձում էի գտնել հարազատ հայացքներ, իսկ համալսարանի գունավոր պատերը այնքան սառն էին թվում: Օրեր անց, արդեն հարմարվելով ընդհանուր միջավայրին, փորձում էի կուրսընկերներիս մեջ գտնել սիրելի դասընկերներիցս հատկանիշներ, դասախոսներիս մեջ՝ սիրելի ուսուցիչներից:

Հիմա արդեն անցել են ամիսներ:  Ծանրաբեռնվածության արդյունքում այլևս անիմաստ որոնումներ կամ համեմատություններ չես անում, մյուս կողմից էլ քո փոքրիկ ֆակուլտետը, որտեղ ամեն ինչ արվեստով է շնչում, քեզ շատ սիրելի է դարձել, ուսանողների և դասախոսների մեծ մասը՝ նույնպես: Իսկ դասընկերնե՞րդ, դե, ավելի ճիշտ ընկերնե՞րդ: Նրանք մնացել են քո կյանքի ամենատաքուկ անկյուններից մեկում, որովհետև ապրածդ տարիների մեծ մասը դպրոցում ես անցկացրել` նրանց կողքին, նրանց հետ: Հիմա մեր ճանապարհները տարբեր ուղղությունների են բաժանվել. ընկերներիցս ոմանք մեկնել են կամ մեկնելու են պարտադիր զինվորական ծառայության, իսկ ամենամտերիմ ընկերուհիներիցս մեկին տեսնում եմ շաբաթական լավագույն դեպքում երեք անգամ, եթե մեր տուն վերադառնալու ժամերը համընկնում են, չնայած անընդհատ պլանավորում ենք հանդիպել: Բայց բժշկական համալսարանի և լրագրության ոլորտում առաջին քայլերն անող ուսանողուհիների գրաֆիկը շատ տարբեր է լինում: Երբեմն այնպես է ստացվում, որ տուն վերադառնալիս ավտոբուսի մեջ դասընկերներով հանդիպում ենք: Կարոտով ու ծիծաղով հիշում ենք մեր անցած օրերը, որոնք մեկ տարի առաջ թվում էին ձանձրալի և սովորական օրերը: Նույն ժպիտները, նույն ջերմությունը, նույն սերը, նույն հարգանքը. ոչինչ չի փոխվել մեր հարաբերություններում ու չի փոխվի նաև տարիներ անց:

Դպրոցից մնացած վատ հիշողությունները ավտոմատ մաքրվում են քո ուղեղից, իսկ այն ժամանակ շատ մեծ թվացող խնդիրները այժմ ծիծաղելի են քեզ համար: Դպրոցական տարիները զգացմունքների, սխալների, իրական ու անիրական պատկերացումների, անկեղծության, սպասումների ու ծիծաղի տարիներ են, որոնք հետո դառնում են անփոխարինելի հուշեր:

Դպրոցականներին խորհուրդ կտամ լիովին վայելել ամենաանհոգ տարիները, որովհետև ժամանակը շատ արագ է թռչում: