Հարցազրույց Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի 65-70 կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն Խոսրով Թուջարյանի հետ
-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք սպորտով, ու ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք կարատեն։
-2004 թվականից այդ բնագավառում եմ։ Սերը դեպի սպորտը իմ մեջ սերմանել է հայրս, իսկ Դուքենդո կարատեի մարզաձևը ես եմ ընտրել։ Հորս մահվանից հետո սկսեցի ավելի լրջորեն զբաղվել սպորտով ու իրականացնել ինձ հետ կապված նրա բոլոր երազանքներն ու նպատակները։
-Ի՞նչ հաջողությունների եք հասել կարատեի բնագավառում:
-Վեց անգամ դարձել եմ Հայաստանի, 3 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն։ Հաղթել եմ նաև «Սևծովյան» գավաթի առաջնությունում։ Կարատեում ունեմ վարպետության աստիճան։ 2008 թվականին եղել եմ Ուկրաինայում՝ Օդեսայում, որտեղ էլ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ դարձել։
-Գիտեմ, որ հիմա մարզիչ եք և աշխատում եք տարբեր տարիքի երեխաների հետ։ Ի՞նչ դժվարություններ են առաջանում աշխատանքի ընթացքում։
-Մարզչական գործունեությամբ զբաղվում եմ արդեն չորս տարի։ Խմբումս ամենափոքր երեխաները 4 տարեկան են։ Դժվարություններ շատ են լինում, երեխաներն էլ հաճախ են չարաճճիություններ անում, բայց նրանց սաստելու մի լավ տարբերակ ենք գտել. քանի որ շատ սիրով են հաճախում պարապմունքներին, չարաճճիությունների դեպքում ասում ենք, որ հաջորդ անգամ թույլ չենք տա գալ, ու ամեն ինչ կարգավորվում է։ Մենք՝ մարզիչներս, երեխաների ձգտումը տեսնելով ենք դժվարությունները հաղթահարում։
-Հետաքրքիր է՝ կա՞ն արդյոք աղջիկներ, և ինչպե՞ս եք ընդունում նրանց ներկայությունը նման կոպիտ սպորտաձևում։
-Նախ ասեմ, որ շատ լավ եմ ընդունում նրանց ներկայությունը։ Լավ կլիներ, որ կոտրվեին բոլոր այն կարծրատիպերը, որոնք կապված են աղջիկների՝ տարբեր սպորտաձևերում մասնակցություն ունենալու հետ։ Իմ խմբում 3 աղջիկ եմ ունեցել, բայց երեքն էլ սիրողական են մարզվել։
-Հիասթափության պահեր եղե՞լ են։ Ինչպե՞ս եք հաղթահարում այդ պահերը, ունե՞ք արդյոք մոտիվացիայի աղբյուր։
-Սպորտն առանց դժվարությունների պատկերացնել հնարավոր չէ։ Ուղղակի, երբ ունես նպատակներ, ոչ մի դժվարություն չի կարող ստիպել հետ կագնել դրանցից։ Պարտությունները, անկեղծ ասած, շատ ծանր եմ տանում, բայց մոտիվացիան էլ դառնում է հաջորդ մրցումներին ավելի լավ ներկայանալն ու հաղթելը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին արգելում են տարբեր սպորտաձևերով զբաղվել՝ ասելով, որ դա ապագա չէ։
-Կարևոր չէ՝ դա ապագայի համար է, թե ոչ։ Յուրաքանչյուր երեխայի ներկայությունը սպորտում ճիշտ եմ համարում, անգամ, եթե ժամանակավոր։ Նախ՝ առողջության համար է կարևոր, և հետո երեխաները փոքր տարիքից առաջինը լինելու ձգտում են ունենում, կամային հատկանիշներ են ձեռք բերում, ու կյանքում այդ ամենը միշտ օգնում է երեխաներին։
-Սպորտի հետ կապված ի՞նչ նպատակներ ու երազանքներ ունեք։
-Հիմա առաջնային նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է։ Ամեն օր այդ մտքով եմ սկսում մարզումս։