-Վեներա, այ Վեներա, Վեներա ջան, արթնացի, ջան,- համարյա երգելով շշնջում էր քույրս իմ ականջին, իսկ ես ավելի եմ ամուր գրկում վերմակս ու աչքերս փակում:
-Վեն, հոգնեցի արդեն, դե արթնացի , վա՜յ,- առավոտյան 7-ն է, և ես քրոջս արդեն նվիրում եմ զայրանալու պատճառ:
- Հա, ըհը…հեսա… հաա, – քրոջս չարհամարհելու համար ասում եմ ամենաքիչ բերանի շարժում պահանջող բառերը:
-Լավ , Վեն ջան, դե ես գնամ թեյ պատրաստեմ, դու արդեն հագնվի, – ասաց քույրս ու չիմանալով , որ տաս րոպե հետո արդեն շատ բարկացած ասելու է.
-Աաաա,Վեն , դե արդեն հոգնեցի է, էլի սփռոցին թափեցիր էս թեյը, հերիք ա, մտածված ե՞ս անում,- չգիտեմ ինչու` վերջերս միշտ պատահմամբ շրջում եմ իմ թեյի բաժակը, և քույրս այդ այդ ամենը հավաքելով, միշտ կիսատ է թողնում նախաճաշը:
-Ես արդեն գնամ դասի, հա՞,- ինքս ինձ վրա շատ բարկացած ասացի քրոջս, ու մեղավորության արցունքներ էին հայտնվել աչքերիս:
Արագ դուրս եկա տնից, նստեցի երթուղային ու այնտեղ գիրք էի կարդում, քրոջս նվիրած գիրքը:
Դպրոցում արդեն երրորդ ժամն էր, երբ ես մոռացած այդ ամենի մասին երգ էի լսում, երբ հանկարծ կարդացի քրոջս ուղարկած հաղորդագրությունը,- «Այ Վեն ջան, ինչի՞ ես լացում է, իմ առավոտները առանց սփռոց մաքրելու ու քո վրա ջղայնանալու անհնար ա, այ ջան, չտխրես հանկարծ, դու Վեներան ես, չէ՞»: