Դարերի պատմություն, պատմական կարևոր նշանակություն ունեցող նմուշները պահպանվել և մեզ են հասել շատ ու շատ մարդկանց կողմից, ովքեր ազգասիրաբար, իրենց միջոցներով հիմնադրել են թանգարաններ, ցուցասրահներ՝ մեզ հասցնելով ազգային արժեքները:
Կողբի դարերի ու հազարամյակների պատմությունը Սուրեն Աբովյանը ամփոփեց իր «Կողբի պատմությունը» աշխատության մեջ և հիմնադրեց Կողբի թանգարան-ցուցասրահը, որը մեծ նշանակություն ունեցավ և հիմա էլ ունի Կողբի տարածաշրջանի մշակույթի պահպանման և սերնդեսերունդ փոխանցելու գործում:
Կողբի թանգարան-ցուցասրահի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստացանք Կողբի մշակույթի տան տնօրեն Սասուն Մուրադյանի հետ հարցազրույցի ժամանակ:
1970-ական թվականների սկզբին Սուրեն Աբովյանի՝ ով այդ ժամանակ հանդիսանում էր Կողբի մշակույթի տան տնօրեն, ջանքերով հիմնվեց ներկայիս թանգարան-ցուցասրահը: Սասուն Մուրադյանի խոսքերով Կողբի թանգարանը թանգարանային միավոր չի համարվում, թանգարան բառը ուղղակի տարածվել է ժողովրդի մեջ և այդպես էլ փոխանցվել սերունդներին: Այն իրականում ցուցասրահ է, որտեղ կան պատմական գտածոներ, Կողբի պատմության հետ կապված այն ամենը, ինչը հայտնի է մեզ, և այդ ամենը շարունակվում է լրացվել նորերով:
Սուրեն Աբովյանը ցուցասրահը հիմնադրել է իր և Կողբի բնակչության համատեղ ուժերով: Նա բոլոր նմուշները հավաքել է Կողբի տարածաշրջանից, ինչպես նաև նրան որոշ նմուշներ նվիրաբերել են տեղի բնակիչները: Հենց այստեղ է ամփոփված Կողբի մշակույթը, կենցաղը: Թանգարանը լի է փաստավավերագրական նյութերով, լուսանկարներով: Թանգարանում է գտնվում մի շատ կաևոր գտածո, որը հայտանբերվել է Կողբի տարածքում. դա Ք.ա. 9-րդ դարի թվագրվող երկմետաղյա թուր, կավե սափորներ, որոնք նույնպես թվագրվում են մ.թ.ա.:
Ցավոք, Կողբի ցուցասրահում գտնվող գտածոները լուրջ հետազոտություն չեն անցել, և այդ թվագրվող նյութերի մասին տեղեկություններ ենք ստացել բանավոր խոսքի միջոցով, ինչպես նաև ցուցասրահ այցելած հնագետների ուսումնասիրությունների արդյունքում:
Ցուցասրահում է գտնվում Սուրեն Աբովյանի ձեռագիր «Կողբի պատմությունը»: Ցուցասրահի չորս պատերի մեջ են հավաքված Կողբի պատմության տարբեր ժամանակները ներկայացնող նմուշները՝ գտածոներ, լուսանկարներ, փաստեր, փաստարկներ: Ցուցասրահում իր առանձին անկյունն է գտել Կողբի բժշկական անձնակազմի լուսանկարները, ովքեր մեծ դեր են ունեցել երկու և ավելի տասնամյակ առաջ, ինչպես նաև ներկայիս բժշկական ասպարեզում: Հատուկ ուզում եմ նշել հայտնի համաճարակաբան Աբո Ալեքսանյանին: Նա եղել է առաջին մարդը, ով բացել է առաջին գյուղական հիվանդանոցը Կողբում՝ 1920 թվականին: Աբո Ալեքսանյանի գործը շարունակել է գյուղական բժիշկ Կոլյա Եգորի Նասիբյանը: Սասուն Մուրադյանը նշեց նաև այն մասին, որ Կոլյա Նասիբյանը եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, և նրա մասին ֆիլմ է նկարահանվել «Մարդն ապրում էր» անվանումով:
Բժշկական անձնակազմի կողքին իրենց տեղն են գտել այն երախտավորների լուսանկարները, ովքեր ծնունդով եղել են կողբեցի, ապրել են Թիֆլիսում, ապա իրենց գործունեությունը շարունակել հայրենի Կողբում:
Կողբ գյուղի նվիրյալների գործերը մինչ այժմ հիշվում և պահպանվում են: Այդ նվիրյալներից է եղել նաև Տեր Աբգարը, ժամանակի հայտնի հոգևորական, ով իր հոգևոր գործունեությունը շարունակել է Բաքվում: Նրա շնորհիվ 1901 թվականին Կողբը ունեցել է մշտական ջուր: Ջուրը Կողբ է հասցվել կավե խողովակների միջոցով, որոնց անվանել են գունգ: Գնգի մի հատվածը պահպանվում է ցուցասրահում:
Ցուցասրահի մի հատվածում դրված են տարածաշրջանից հայտնաբերված արձանագրություններ, կենցաղային պարագաներ, կանացի զարդեր, որոնք թվագրվում են մեր թվագրությունից առաջ:
Երախտավորների շարքում է Նիկոլայ Ջաղինյանի լուսանկարը, ով ժամանակին եղել է հայտնի ինժեներ: Նա 1921 թվականին իր հայրենի գյուղում՝ Կողբում, կառուցել է առաջին գյուղական հիդրոէլեկտրակայանը:
Կողբից Հայրենական պատերազմին մասնակցել է յոթ հարյուր հիսուն մարդ, որից երկու հարյուր յոթանասունվեցը զոհվել են: Նրանցից պահպանվել են նամակներ ուղղված իրենց ընտանիքին, սիրելիներին: Այդ պատերազմում զոհվածներից մեկի սերնդից եմ նաև ես:
Ցուցասրահը լի է նաև պատերազմի վետերանների լուսանկարերով: Ցուցասրահում դրված է Ջահան Կարախանյանի կիսանդրին, նա եղել է շարքային զինվոր, բայց ստացել է հերոսի կոչում:
Ցուցասրահում դրված է նաև ինքնաշեն զենքի մեկ օրինակ, որը պատրաստել է տեղի բնակիչներից մեկը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին պաշտպանվելու և կռվելու համար:
Կողբը հայտնի է եղել իր սպորտային թիմով, որի թիմային նկարը տեղ է գտել ցուցասրահում, թիմը եղել է միակ գյուղական թիմը, որը հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ առաջին իսկ փորձից: Դա եղել է «Կողբ» թիմը 1987 թվականին: Կողբը եղել է նաև կրթությամբ առաջատար գյուղ, Հայաստանի տարբեր ժամանակների շուրջ տասը պատգամավորներ ավարտել են Կողբի միջնակարգ դպրոցը: Նրանցից ոմանք եղել են հենց կողբեցի, իսկ ոմանք էլ շրջակա գյուղերից:
Կողբի պատմություը զարմացրել և զարմացնելու է դեռ շատերին: Իզուր չէ, որ Կողբ բառը կատակով վերծանում են այսպես՝ Կադրեր Որոնք Ղեկավարում են Բոլորին: