milena khachikyan

Երևի տարիք է

-Նոյեմբերի քսանինն է, բան չմնաց ձմռանը,- ականջիս ձայներ են հասնում կողքի սենյակից: Նայում եմ օրացույցին, հետո էլի եմ նայում, վերջում՝ մի հատ էլ: Սովորական մարդիկ էսպես ժամացույցին կնայեն, երբ մտքերով ուրիշ տեղ լինելով՝ չեն ֆիքսի տեսածը: Ես էսպես ամեն ինչին եմ նայում: Ուզում եմ հավատալ, որ էս ձմեռը ինչ-որ լավ մի բան կբերի, որ ժպտալու առիթները չեն պակասի էլ, բայց նույն պահին գրականության հաստափոր գրքերն ու փիլիսոփայության անվերջանալի թեմաները հեռվից չարախնդում են. «Նոյեմբերի քսանինն է, բան չմնաց քննություններին»:

Բայց սա իրականում ոչ մի կարևորություն էլ չունի ու միայն մեր աչքին է էսպիսին… Երևի տարիք է, երբ ամեն ինչ չափազանց է թվում, երբ լացդ գալիս է հենց էնպես, երբ երազում ես ավելի, քան ապրում: Բայց էդ մի քիչ ապրածիդ մեջ էլ երբեմն կատարվում են նույն երազներից, էդ մի քիչ ապրածիդ մեջ էլ են հանդիպում մարդիկ, որ օգնում են քեզ շարունակվել, մարդիկ, որ գուցե ողջ կյանքի համար են:

Էստեղ Անահիտի անունը պիտի լինի, ու նա լավ գիտի, թե ինչու: Նա լավ գիտի՝ մարդիկ գալիս են, որ մի օր գնան, բայց երբեմն նաև մտածում է.

-Ախր, կան էնպիսիք, որոնցից անգամ էդ գնացողները չպիտի գնան:

Էս խոսքերից հետո ես մոլորվածի հայացքով սկսում եմ թերթել լուսանկարները, որտեղ ինձ հավատարմություն էին խոստանում: Լռում եմ: Որովհետև չգիտեմ ինչ ասել: Որովհետև կարոտում եմ էդ խոստումները:

-Այ, դա չի կարելի,- Անահիտը նորից կգա օգնության, ու ես նորից կլռեմ:

Մեծ հաշվով՝ էս տարի հասցրի ավելի շատ լռել, քան խոսել, թեպետ մարդիկ կան, որոնց հետ հենց լռել էլ պետք է: Սա ամենից լավ Ռուբոն գիտի. երբ նա երկրում չէր, ես հաճախ էի զրուցում իր հետ իմ մտքերում, ու նա հաճախ էր հասկանում ինձ այնտեղ… Նա ախր, գիտեր, որ իրական հայրենիքը  հենց մենք ենք՝ մեր ընկերները, քաղաքը, բակը…

-Միլ, մեր բակի մրգավաճառին անգամ կարոտել եմ,- մի օր գրեց հեռվից, ու ես հասկացա՝ Ռուբն օտար երկնքի տակ ապրողը չի:

«Օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է», – Վարդգես Պետրոսյանը կասեր, բայց, ախր, հարազատ երկիրն էլ երբեմն քեզ չի հասկանում: Այ, երբ Աստղն արթնանում է իր քաղաքում, մի կերպ հասնում ավտոբուսին, նստում պատուհանի մոտ, փակում աչքերն ու երազում հնարավորինս շուտ հետ դառնալ, ես մտածում եմ՝ ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է: Ես ուզում եմ, որ էդպես չլինի, ուզում եմ, որ ինքն ու Երևանը հասկանան իրար ու սիրեն:

Ու ընդհանրապես, ես ուզում եմ, որ մենք հաճախ սիրենք, ու սիրենք էնպես, ինչպես Անահիտը պոեզիան է սիրում, Ռուբը՝ իր քաղաքը, Աստղը՝ ֆուտբոլը, ինչպես Միլենի Րիկին իր տիրոջն է սիրում, իսկ շների սերն ախր, անսահման է…

Միլենի մասին պատմել էի, երբ նա գնում էր երկրից, բայց որ վերադարձել է ու արդեն ընդմիշտ, երևի չեմ ասել: Ինձ շաբաթներ պետք եղան էս ամենին հավատալու համար, բայց անկեղծ ասած, ես հիմա էլ նրան կարոտում եմ էնպես, կարծես նա մի հեռավոր երկրում լինի: Դե որովհետև զբաղված ենք, որովհետև ժամանակ իբր թե չկա:

Ես ուզում եմ, որ կարողանանք ժամանակ գտնել էն ամենի համար, ինչը սիրելի է ու թանկ, ուզում եմ, որ առօրյան չսպանի մեր մեջ ոչ մի լավ զգացմունք, որ չսպանի մեզ առհասարակ:

Որովհետև այն, ինչ կարևոր է կյանքում, դուրս է առօրյայի սահմաններից, և այն, ինչ մնում է մեզ ամենավերջում, երազանքներն են, որ մենք մտապահել էինք ուրիշների համար: