Չսիրեցի, այս տարվա ձմեռը չսիրեցի ու երևի ձմեռներն առհասարակ էլ սիրել չկարողանամ: Ծանր էր, չափազանց ծանր էր այս ձմեռը: Սառը օդի մեջ ծակող ցրտից բացի կարոտ կար օդում, այն օդում, որն ամեն վայրկյան շունչս էր դառնում ու շարունակ սրտիս հասցնում քո՝ մեր կյանքում էլ չլինելու, քո մասին հարկադրաբար անցյալով խոսելու չմարսված իրականությունը:
Ծանր էր ձմեռը, ու ամեն անգամ, երբ աշխատանքային գրաֆիկով առավոտյան շուտ էի աշխատանքի, ժամը յոթն անց կեսից արդեն դրսում էի ու մինչ աշխատանքի հասնելս շուրջս էի նայում, փորձում ձմռան այդ տեսակ տխուր սառնության մեջ դրսում եղող ոչ մի մարդու և ոչ մի իրողություն բաց չթողնել:
Աշնան գրկից ձմռանն իբրև նվեր մնացած տերևները՝ անոթի, բոբիկ, վախվորած, կծկվել էին քարացած ու համառորեն հալչել չուզող ձնակույտերի մեջ: Ձնակույտերն էլ ասես բանտարկել էին խեղճ տերևներն ու անզգա դարձել. չէին մտածում, որ նրանք էլ կյանք ունեն, ու քամին տևական սպասումով նրանց է փնտրում: Մարդիկ էլ, ասես, աշնան գրկից ու տաք արևի կարոտից որբացած տերևներ լինեին՝ վերարկուների մեջ մխրճված, գլուխները ուսերի մեջ թաքցրած, կարմրած դեմքերով ու արագ քայլերով: Արագ էին քայլում, որ համառ ցրտից փրկում գտնեն, որ խեղճ տերևների նման ցրտի բերան չմնան: Վախենում էին, վախենում էին, որ ցուրտը ներս կմտներ, իրենց հոգու խորքերը սառնամանիք կաներ: Վախենում էին ցրտից. առանց այն էլ այնքան հույզեր կային՝ վաղուց սառած ու արևի երես չտեսած: Հույզեր, այնքան հույզեր, որ պինդ-պինդ կպած էին սրտի խորքերին ու սպիացել էին ասես: Մարդիկ վախենում էին նորից զսպելուց, տաք զգացմունքները ցրտին գերի տալուց: Ամենքն իր խոհի, իր հաշվարկների ու կյանքի անցուդարձի մեջ էր. ցուրտը շատ էր մեծացրել ամսեկան ծախսերն ու հոգսերը, նույնիսկ սպասվածից շատ էին թվերն ու հաշվարկները: Ցուրտն էր, ցուրտն էր մեղավոր… Ցուրտն էր մեղավորը, ցուրտը, որ մինչև ոսկորները սողոսկել ու մարմնի ջերմությունն անգամ զրոյական էր դարձրել:
Չսիրեցի ձմեռը. մարդկանց խեղճացնող ու հոգսերին թիվ տվող ձմեռ էր: Գուցե միշտ էլ նման ձմեռներ շատ են եղել, ու մարդիկ շատ են ձնակույտերի նմանվող հույսերի մեջ զսպվել, խեղճացել, ու ոչ մի տաքություն չի օգնել, ոչ մի ջերմություն չի թուլացրել արդեն սառած հույզերը: Գուցե և, իրոք, նման ձմեռներ հաստատ եղել են, պարզապես ես զսպելու, հույզերս սառը պահելու կարիքի, կարոտի չմարող հույզի մեջ երբևէ չեմ եղել ու չեմ էլ նկատել: Հիմա հասկացա, որ ձմեռն այս տարվա չսիրեցի ու չմարսեցի այն ապրումները, որ ձնակույտերի պես չհալվեցին ու ինչ-որ տեղեր պինդ-պինդ մնացին:
Ցուրտ ու տևական էր ձմեռը ու առավել քան սառն ու տխուր առանց քեզ…