Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում
Հայ-բելգիական փոխանակման ծրագիրը ինձ համար մեծ հնարավորություն էր, որպեսզի բացահայտեմ ինչպես Երևանը, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերը։ Որոշ բացահայտումներ շատ հետաքրքիր էին ու հաճելի, որոշներն էլ իսկապես տհաճ։
Ուզում եմ խոսել տհաճ բացահայտման մասին, որը կարծում եմ, այնքան էլ բացահայտում չէր, որքան ուսումնասիրություն։ Փաստորեն համարյա ամբողջ Հայաստանը պատված է աղբով, և եթե այսպես շարունակվի, երևի մի օր կթաղվենք աղբի մեջ։ Պոլիէթիլենային տոպրակները սավառնում են շրջապատում՝ բախվելով շատերին՝ պատճառելով անհարմարություն։ Դե, անհարմարությունը պատճառվեց, բայց դե պատճառվեց ու անցավ, ու ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում։ Չկա մի փողոց Երևանում, որ քայլեմ ու աղբ չտեսնեմ։ Իրականում շատ եմ բարկանում, երբ այսպիսի իրավիճակների եմ հանդիպում, ու նաև, որ մարդկանց դա չի էլ հետաքրքրում։ Շատերը հիմա երևի կասեն, որ ծեծված թեմա է, և այլն, և այլն, բայց սա այնպիսի թեմա է, որը միշտ քննարկվում է, բայց լուծումներ հիմնականում չեն տրվում։
Կազմակերպվում են մի շարք սեմինարներ, բնապահպանական միջոցառումներ և այլն, բայց մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ աղբի համար աղբաման գոյություն ունի։ Շատերը դժգոհում են, որ տվյալ տարածքում չկա ոչ մի աղբաման, և նրանք ստիպված են դա անել։ Այո՛,համաձայն եմ, որ որոշ տեղերում աղբամանի խնդիր ունեք, բայց մի՞թե դա նշանակում է, որ աղբը պետք է գետնին թափել:
-Մի թուղթ ա, էլի, ի՞նչ ա լինելու։
Ու այսպես ասում են շատերը, իսկ արդյունքում այդ «մի թուղթ ա էլին» դառնում են «լիքը թղթեր», ու մենք ապրում ենք շատ տհաճ միջավայրում։ Գիտե՞ք, ամենացավալին որն է։ Ամենացավալին այն է, որ անգամ երբ աղբաման կա մի քանի մետր հեռավորության վրա, նրանք միևնույն է, աղբը գետնին են նետում։
Աղբամաններ տեղադրելը շատ քիչ է, երբ մարդկանց մեջ չկա հասարակ բարեկրթություն ասվածը։ Հետո՞ ինչ, որ քաղաքապետ դեռ չունենք, դա ոչ մի կերպ չի արդարացնում այս բարձիթողի իրավիճակը։ Ամեն անգամ երեկոյան զբոսնելիս Երևանում ոչ թե հաճույք եմ զգում, այլ բարկություն։
Ես չեմ ուզում, որ իմ երկիրը, քաղաքը ու գյուղը աղբով պատված լինեն,իսկ աղբի առաջացրած հետևանքների մասին ավելորդ է անգամ խոսել։ Եթե բոլորը մտածեն ու պարտադիր աղբը նետեն աղբամանը, խնդրի առնվազն 80%-ը կլուծվի։ Մնացած 20%-ն էլ բնապահպանության նախարարության ճիշտ ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ կլինի։
Միայն մի բան եմ ցանկանում, որ այս նյութը կարդալուց հետո մարդիկ գոնե փոխվեն մի քիչ ու աջ ու ձախ չաղտոտեն։ Չեմ հասկանում, ձեզ հաճելի՞ է ապրել մի տեղ, ուր աղբն ամենուր է։