zarine kirakosyan

Պապիս չորս դասերը

Ինձ թվում է` ես ծնվել եմ երբեմնի ամենաաշխատասեր ընտանիքում: Իմ բոլոր հիշողություններում, կապված տատիս ու պապիս հետ, իրենք նստած չէին, պապս միշտ մի բան ձեռքին գործ էր անում, տատս էլ հա վազքի մեջ, մի բան տանում, երկու բան բերում: Էս մարդկանց կյանքը ոչ մի բանից` մի բան  ստանալու կռիվ էր:

Գյուղ, տղա  ու  տունուտեղ կորցրած մարդիկ  տուն էին ստեղծում սկզբունքային համառությամբ: Էդ համառությունը իրենց ապրելակերպում էր:

Կարգուկանոն 

Պապիս  քնած մենակ Աստված ա տեսել, դե,  մեկ էլ Ամայը օրորոցում, մեկ էլ մենք`  վերջին անգամ։ Եթե ես արթնանայի նույնիսկ վեցին,  իրենք նախաճաշել էին արդեն, կենդանիներին կերակրել ու սուրճ խմել:

Կարգուկանոնը պապիս  դարակի մեծից փոքր շարած գործիքների մեջ էր, հագուստի կոկիկության ու կոշիկների, որ դարակ չուներ, բայց  պատի հետ պիտի պարտադիր 90 աստիճանի անկյուն կազմեր:

Քնելու ժամ, արթնանալու ժամ, ուտելու ժամ, խաղալու ժամ ու, ամենակարևորը, տուն գալու ժամ: Այ, էս ժամը պետք չէր խախտել: Էս կարմիրով գրած ժամ էր, (արևի մայր մտնելու հետ), որից ուշ տուն մտնելուց սկսում էր տատի ու պապի կռիվը:

- Արոզ, րախեքը տա՞նն են:

- Տյառ չէ:

-էս ժամին մարդ ուրիշի տռանը կլի՞:

Գողեգող մտնում էինք տուն, նախանձելով դրսում մինչև 12-ը խաղացող երեխեքին ու հուսալով, որ բարկության առաջին հարվածը տատը արդեն վերցրել ա իր վրա:

«Բա մի տանը անտեղյակ կըլե՞ն  իրարից, բա չգիդա՞ն` ով վերդե ա, երբ դի կյա տուն»:

Դաս՝ «Կարգուկանոնը համակեցության հիմքն ա» (Ինքն,  իհարկե, սենց չէր ասում, թող ների վերաձևակերպման համար):

Պատասխանատվություն 

Մեզ շատ բան չի, որ կարող էին  խոստանալ, բայց եթե մի բան ասել էին,  կասկածել  պետք չէր: Եթե տատը նույնիսկ ասում էր` «կարող ա», մեկ ա, դա էլի հաստատ էր, մեր ոգևորության առաջ  պատասխանատու  էին:

Դե, էլ չեմ խոսում,  թե ինչքան պատասխանատու էին  շրջապատի, պարտատիրոջ, գոմում կապած կենդանիների առաջ, որոնց պապս պայմանականորեն անվանում էր «անլեզու հայվան»։

Մենք ողջ ընտանիքով չէինք գնում որևէ տեղ հյուր, մեկի ծննդին կամ հարսանիքին: Մեկը գոնե պիտի մնար տանը,  քանի որ մեր «անլեզու հայվանները» չեն կարող տեղյակ պահել, որ սոված են,  իրենց պետք էր կերակրել, ջուր տալ խոստացված ժամից ոչ ավել, քան մեկ րոպե ուշ: Իդեպ, պապս «անլեզու հայվան»  էր անվանում նաև մեր կրիային, ում մենք սիրում էինք և մոռանում կերակրել:

Ինքը մի երկու տարի կերակրեց,  իսկ մի օր եկանք տուն, պարզվեց բաց ա թողել գետում:

Դաս` «Սերը պատասխանատվության ա»

(Իհարկե, էսպես էլ չէր ասում, բայց հաստատ սա նկատի ուներ):

Աշխատասիրություն 

Հիշում եմ, հաճախ էր  ձեռք  առնում մեր հարևաններից մեկին, ով կլիներ 40 տարեկան ու չէր աշխատում: Ասում էր` «Բա տյա իսա՞ն ա, էտքան րեխեն  իրա իրեսին  ա եշում,  տանը նստել ա,  ասում ա` գործ չկա»:

Պապս ինձ համար հեղինակություն էր, եթե ասել ա` առողջ երիտասարդի չաշխատելը ամոթ ա, ուրեմն տենց էլ կար: Տենց ես եկա Երևան ու սկսեցի փողոցի մուրացկաններին անկախ ինձնից դասակարգել ըստ տարիքի ու առողջության, հետո նոր ձեռքս տանել դրամապանակին:

Ամառվա շոգին, ձմեռվա ցրտին, դաշտում, գոմում, բակում էս մարդիկ աշխատում էին: Մի օր լսեցի`  ոնց ա պապը  տատին ասում. «Րախեն  հարևանի ծեռի տոպրակի եննա  չպիտի եշի»։

Դաս՝ «Ով չաշխատի, կնայի հարևանի ձեռքի տոպրակին» (էս մեկը համարյա ուղիղ թարգմանություն էր):

Բարություն 

«Մայիսը մեծի հետ մեծ ա, փոքրի հետ` փոքր, սաղ սիրում են»։ Ես ոգևորությամբ թաղի երեխեքին ասում էի հարևանից լսածս,  թե գիտեք` պապիկս մեծի հետ մեծ ա, փոքրի հետ փոքր,  գիտեի, թե  ինչ-որ սուպերկարողություն ա։

Էդպես մանկության ամենալավ ընկերս, ամենալուսավոր հիշողությունս  ինքն էր։ Հաց ուտելիս նստել  կողքը,  էդ օրվա ձեռքբերումն էր, դե 8 հոգու մեջ ամեն անգամ չէր հաջողվում շահել էդ տեղը։

Մինչև վերջին գարունն էլ ծառ էր տնկում, մեզ սովորեցնում  ծառ պատվաստել։

Մայիս պապս արդեն 11 տարի չկա,  ու երևի վերջին դասը հենց իր գնալու ձևն ու տնկած ծառերն էին: Ոգևորությամբ տնկում էր  ծառեր, որոնցից  ոչ մեկի համը չէր տեսնելու:

Դաս ՝  Չ«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»: