Պատանեկան IV մեդիաֆորում «Արտեկ». օր 1

18.10.2018թ.
Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Հոկտեմբերի 18-ի երեկոյան արդեն ճամպրուկս պատրաստ էր, չնայած այն բանին, որ մտածում էի թե` չլինի՞ ինչ-որ բան մոռացել եմ։ Տարօրինակ զգացում է, երբ հավաքում ես իրերդ ոչ թե մի քանի օրով Հայաստանի այլ հատվածում հայտնվելու համար, այլ առաջին անգամ մեն-մենակ 20 օրով երկիրդ լքելու։ Անհանգստություն, վախ, տագնապ, պատասխանատվության զգացում. ահա թե ինչ ես զգում, երբ միջազգային պատանեկան մեդիաֆորումի միակ հայ մասնակիցն ես, որը պետք է պատշաճ ներկայացնի Հայաստանը։
Գիշերվա չորսին մոտ մեքենան շարժվեց դեպի օդանավակայան։ Ճանապարհն ինձ աննկարագրելի կարճ թվաց, երևի թե այն պատճառով, որ դեռ մտածում էի. «Կա՛մ կորչելու եմ Մոսկվայի օդանավակայանում, կա՛մ չեմ հասցնելու գրանցումներն անցնել և ուշանալու եմ թռիչքից»։ Մարդաշատ օդանավակայանում ծնողներիս հրաժեշտ տալուց հետո շարժվեցի ամբոխի հետևից։ Սպասասրահում խառնիխուռն մտքերիս հետ կռիվ տալով՝ սկսեցի րոպեները հաշվել, թե երբ պետք է թոթափեմ ուսերիցս թռիչքի պատասխանատու բեռը։

…-Ուշադրությո՛ւն, ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի, խնդրում ենք կապել ամրագոտիները,- ինքնաթիռում լսվեց հանկարծ։ Այն սկսեց շարժվել, առաջ ընթանալ, իսկ վայրկյաններ անց արդեն վերևում էր։ Գլխապտույտ ունեցա մի պահ, կարծես գլուխս բաժանվել էր մարմնիցս ու չենթարկվելով երկրի ձգողության ուժին՝ վեր էր բարձրանում։
Մառախլապատ Արարատից հայացքս մի կերպ կտրելով՝ հետևում էի իրար հաջորդող բնապատկերներին։ Շուտով տեսնում եմ ամպերով ծածկված լեռների գագաթներ, լեռների լանջերին հիմնված գյուղեր, գետեր։ Այնքա՜ն հարազատ էին ինձ այդ բարձունքները, այնքա՜ն իմը։ Ու ես հասկացա, որ այլևս Հայաստանում չեմ, երբ լեռներն ու փոքրիկ գյուղակներն իրենց տեղը զիջեցին ընդարձակ հարթավայրերին ու կարծես քանոնով գծված հազարավոր կիլոմետրեր ձգվող հողատարածքներին։ Չէ, սա իմը չէ, օտար է, յուրովի գեղեցիկ, բայց օտար։

Բարեհաջող վայրէջքից հետո ինձ սպասվում էր ամենադժվարը. գտնել հսկա օդանավակայանի Terminal B կոչվող հատվածը, որտեղից չվերթներ էին իրականացվում Ռուսաստանի Դաշնության տարածքում, և համապատասխան չվերթով դեպի Սիմֆերոպոլ հասնել։ Հետևում եմ ուղղորդիչ սլաքներին, հարցուփորձ անում մարդկանց և վերջապես կարծես թե գտել եմ երեխաների, ովքեր նույնպես «Արտեկ» են մեկնում։ Հանգստացած շունչ եմ քաշում, նստում եմ նրանց կողքին ու սպասում։ Հանկարծ լույսի արագությամբ մի միտք է փայլատակում ուղեղումս, ու խնդրում եմ իրենց տոմսերը, որպեսզի թռիչքի ժամերը համեմատեմ։ Ժամերը բոլորովին նույնը չէին, նշանակում է՝ պետք է շտապեմ։
Հասնում եմ ինքնաթիռին, տեղավորվում, վերջ։ Առաքելությունս ավարտված է… Կամ էլ նոր է սկսվում։
…Օդանավակայանից մի խումբ արտեկցիներով ուղևորվում ենք էվակոբազա, որտեղ ստուգում են մեր փաստաթղթերը և բժշկական զննում են իրականացնում։ Կեսօրն անց միայն ավտոբուսներով շարժվում ենք դեպի «Արտեկ» ճամբար և հասնում ենք երեկոյան, երբ մութն արդեն ընկնել է։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ընթրելուց հետո տեղում ջոկատների են բաժանում մեզ ըստ որոշակի ուղղվածության՝ լրագրություն, տուրիզմ, ռազմական, բժշկական և այլն։ «6-րդ ջոկատ» (լրագրության ջոկատ),- փաստաթղթերիս վրա փակցվեց, ու ինձ ուղեկցեցին ջոկատավարների մոտ, որոնք ինձ դիմավորեցին «Ահա՜, մեր նորեկ աղջիկը Հայաստանից» խոսքերով։

Առաջին տպավորությունն ապշեցուցիչ էր։ Մի՞թե ինձ սպասում էին։ Նույն ջերմ ընդունելությանն արժանացա նաև առաջին ծանոթությունների ժամանակ՝ երեխաների շրջանում։ Օրվա վերջում փոքր-ինչ ծանոթացա «Արտեկի» կանոններին, որոնց մասին կպատմեմ հաջորդ մասերում։