Ես Մերին եմ, 17 տարեկան: ԷԷԷ, ինչ եմ սկսել իմ մասին պատմել: Անցնեմ բուն նյութին: 1992 թվականի օգոստոսի 8-ին ազերիները գրավեցին Արծվաշեն գյուղը, որը Գեղարքունիքի մարզի ամենամեծ գյուղն էր: Այնտեղի բնակիչները ստիպված փախան` գալով Ճամբարակ և հարակից տարածքներ` բնակություն հաստատելու: Ժամանակի հետ նրանց սրտերում մնացած վերքերը բուժվում էին: Երեկոյան ժամը 7-ին դուրս ենք գալիս զբոսնելու: Ունենք փոքրիկ զբոսայգի, որտեղ մարդիկ հավաքվում են երեկոյան ժամերին, մի փոքր առօրյայից կտրվելու համար: Այ քեզ առօրյայից կտրվել… Այդ ժամին անասուններին դաշտից տուն են բերում: Հիմա կասեք անասուններն ի՞նչ կապ ունեն: Ամեն օր ժամը 7-ից հակառակորդը կրակում է Վերին Ճամբարակի վրա: Այնպես են անում, որ անասունները չհասնեն տուն: Պարզ լսվում են այդ ահավոր ձայները անգամ այգում և այգուն հարակից շենքերում: Մենք դեռ փոքր ենք, չգիտենք, թե պատերազմն ինչ է: Կրակոցի ձայները լսելուն պես մարդիկ իրենց երեխաներին տուն են տանում, այգին դատարկվում է: Մենք էլ բոլորի նման հեռանում ենք այնտեղից: Տուն գնալու ճանապարհին նորից լսվեց կրակոցի ահավոր վայնասունը: Տատս այնքան արագ էր քայլում, որ մենք չէինք հասցնում հետևից հասնենք:
- Տա’տ, կամաց քայլի, մեր վրա չեն կրակում, դիրքերում ա, էլի:
Միայն տեսնեիք տատիս մռայլ ու գունատ դեմքը, վախից իրեն կորցրել էր:
- Մա’ր, ձեր պադվալը ազատ ա, չէ՞, որ հանկարծ կրակեն մեր շենքի վրա, գանք մտնենք ձեր տուն: Նայի հաաա, լույս-մույս էլ քաշել կտաս, հանկարծ մթության մեջ չմնանք, լվացքի մեքենա, խալադելնիկ, գազի պլիտա, սաղ կտեղափոխես պատվալ: Գալու էնք ձեր տանը մնանք:
Դե, իհարկե, այս ամենի հետ ուրախ ծիծաղ էի խառնում, քանի որ չգիտեի պատերազմ բառի նշանակությունը: Բայց զգում էի, որ մայրս, տատս, հարևաններս շատ վախեցան, իսկ ես հիմար-հիմար կատակներ էի անում ու կրակոցներին լուրջ չէի վերաբերվում: Ամեն կրակոցի ձայնը լսելով ասում էի. «Հլը նայեք, էսա մեր վրա էլ կկրակեն», նորից ծիծաղում` չկարողանալով զսպել այն: Բայց գիտեք ամենացավալին ո՞րն է. արծվաշենցիները արտասվելով միշտ այս խոսքերն են կրկնում. «Արծվաշենից փախանք էկանք ստեղ, բա հիմա ստեղից ո՞ւր ենք գնալու»: