…Ափսոս է վարդը թոշնի գարունքին։
Դերենիկ Չարխչյան
Ամեն ինչ լռեց․․․
Նրան գտան մարտի դաշտում․․․
Չորս կողմը զոհված զինվորներ էին՝ հայ, թուրք։ Վրան հողի, քարի, գուղձերի հաստ շերտ կար։ Աչքերը բաց էին, հայացքը հառել էր կապույտ երկնքին․ դեմքին ժպիտ կար, հոգում՝ հանգստություն, իսկ ձեռքի մեջ ՝ ինչ-որ բան․․․․
-Տղե՛րք, էն ո՞վ է։
-Հը՞, Արտակը չի՞։
-Հա էլի․․․ Մեր Արտակը․․․
Մոտեցան ու պապանձվեցին։ Չէին հավատում, որ պայծառ Արտակը, այն Արտակը, որ կատակով էր խոսում ամեն ինչի մասին, պատերազմի մասին, թե ինքը միանգամից մի ամբողջ վաշտ կվերացնի, այսօր ընկել էր մարտի դաշտում․ վրեժ ուներ․ պապին թուրքն էր սպանել։
Ընկեր-տղաները ծնրադրեցին սեփական հողում զոհված ընկերոջ առաջ։ Ձեռքին ինչ-որ բան կար․ ի՞նչ էր։ Երբ բաց արին, տեսան՝ աղջկա նկար է՝ ժպտադեմ, կանգնած գետի ափին, ձեռքին էլ փունջ կար, որից էլ հոտ էր քաշում։ Նկարը հողով շաղախված էր։ Հետևում էլ երկտող կար․
Թե մարտում ընկնեմ, տխուր մի մնա,
Անսեր մի՛ մնա, սիրիր դու մեկին․
Թող ջահել սիրտդ սիրով արբենա,
Ափսոս է վարդը թոշնի գարունքին։
Վարդանը հիշեց, որ քույրը նեղացել էր, երբ Արտակը այդ խոսքերն էր ասել։ Ինչու՞ էր այդ խոսքերը ասել, կանխազգացու՞մ էր․ դե զոհվելու վտանգ կար։ Ինչքա՜ն շատ էր սիրում Արտակը, որ ուզում էր իր մահից հետո սիրած աղջիկը երջանիկ լինի։ Շատ կուզեր, որ աղջկան երջանկացնողը ինքը լիներ, իսկ եթե ինքը չէր լինի, աղջիկը թող անսեր չմնա։
Վարդանը, Արմենը, Արսենը լուռ կանգնել էին, իսկ արցունքները շիթ-շիթ թափվում էին։ Էլ ժամանակ չկար, պետք էր արագ Արտակի անշնչացած մարմինը հանեին դաշտից։ Տարան զորամաս։ Ամբողջ ճանապարհին Վարդանը մտածում էր՝ Նանեին ի՞նչ պիտի ասի։
Վարդանը Նանեի եղբայրն էր, Արտակի մանկության և մարտական ընկերը։ Նրանք երեքով նույն քաղաքից էին, միասին են մանկապարտեզ, դպրոց հաճախել, ընդունվել Արցախի համալսարան ու եկել ծառայության․ ի՞նչ իմանային, որ պատերազմ կսկսվի։
Երեկ ուրախ խոսում էին միասին, կատակներ անում։ Հիշում էր՝ ինչ էր ասում Արտակը․
-Վարդա՛ն, քրոջդ փախցնելու եմ, գիտե՞ս։
-Արտա՞կ, ինչի՞ ես փախցնում։ Արի մի լավ քեֆ անենք, թող բոլորը ձեր սիրո մասին իմանան։
-Հմմ․․․ Չէ՜, չհամոզեցիր։ Կփախցնեմ, այ էդ ժամանակ բոլորը հաստատ կիմանան մեր սիրո մասին։
Ասաց, ու սկսեցին բարձր ծիծաղել։
Բայց․․․ Պատերազմը խանգարեց։ Այսօր արդեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ն է։ Ու հենց այդ օրն էլ պատերազմը Արտակին տարավ․․․ Պատերազմի առաջին օրը։
Նանեն անհանգիստ էր․ ո՛չ եղբորից լուր ուներ, ո՛չ էլ սիրած տղայից։ Անհանգիստ քայլում էր սենյակում, հանգիստ չէր կարողանում նստել։
-Ա՛յ աղջիկ, ինչի՞ ես խառնվել իրար, ոչ մի բան չկա, չգիտե՞ս, որ Վարդանն ու Արտակը ժամը յոթի կողմերն են զանգ տալիս։ Իրենք ապահով տեղում են, մի անհանգստացիր։
Մայրն էր․ լավատես ու բարի տիկին Աննան։ Երանի՜ այդպես լիներ, հանգստացնում էր աղջկան՝ ինքն էլ լավ իմանալով, որ կռվի մեջ փլավ չեն բաժանում, հանգստություն չկա։
Նանեն սիրում էր Արտակին․․․ էն էլ ոնց։ Կանգ առավ, նստեց աթոռին ու նայեց իր ու Արտակի նկարին․ ծառայության գնալուց առաջ էին նկարվել, իրենց տանը` Վարդանի ծննդյան օրը։
Որքա՜ն երջանիկ են, ինչպե՜ս են ժպտում։ Ա՜խ, որքան է ուզում նրան տեսնել, գրկել․․․
Նանեն հիշում է իրենց հանդիպումները, և ակամա դեմքին ժպիտ է հայտնվում։ Հիշում է՝ ինչպես էին ընկերներով գնացել քաղաքից դուրս, նստել ու զրուցում էին։ Արտակը ու Նանեն նստել էին գետի ափին, կախել էին ոտքերը ջրի մեջ ու խոսում էին, ապագայի պլաններ էին մշակում․ դեռ ինչքա՜ն բան կար անելու։ Հիշում է՝ ինչպես գնացին Ղազանչեցոց։
-Նա՛ն, հաջորդ անգամ եկեղեցի մտնելիս խոստանում եմ՝ հարսի շորով ես լինելու։
Աղջիկը պինդ բռնել էր տղայի ձեռքը ու լուռ ժպտում էր․ դե իր սրտովն էր։ Նույնիսկ մի պահ թվաց, թե հարսանեկան զգեստով է ու պիտի գեղեցիկ քայլի, վարդի թերթիկներ են թափվում ուսերին, գլխին, ոտքերի տակ, ինքը պիտի զգույշ քայլի․․․ Ա՜խ, որքան իրական էր այդ երազը։ Աղոթում էին միասին հայրենիքի խաղաղության համար․ առանց խաղաղության ի՞նչ երջանկություն։ Հիմա էլ հիշում էր ու հավատում, որ ամեն բան լավ կլինի, և իր հերոսը կգա․․․․
Երազանքներ, որոնք, ավաղ, այդպես էլ չէին իրականանալու։
Հնչեց հեռախոսի զանգը․․․ Ա՜խ, այդ զանգը, որ պիտի ամեն ինչ փոխեր։ Տիկին Աննան հեռախոսը ձեռքին պապանձվել էր, քարացած կանգնել․
-Ի՞նչ, Արտա՞կը․․․
Նանեն դուրս թռավ սենյակից, մոր ձայնից ու հայացքից ամեն ինչ փոխվեց, դառը արցունքներով լցվեցին գեղեցիկ աչքերը։ Կարոտ, սեր, երջանկություն, դառնություն, մահվան գույժ․․․ Ամեն ինչ տակնուվրա եղավ երազկոտ աղջկա սրտում։ Մեռավ մի գեղեցիկ ընտանիք, որը դեռ չէր էլ հասցրել ստեղծվել։
2020թ․ նոյեմբերի 9․․․ Պատերազմը լռեց, պապանձվեցին հրանոթներն ու տանկերը, բայրաքթարները իրենց բները վերադարձան։
Շատերը շիրիմ ունեցան, շատերը՝ ոչ։ Արտակն այն երջանիկներից էր, որ շիրիմ ունեցավ մահից մի քանի օր հետո։
Նանեն Եղբայրական գերեզմանոցում է, կանգնել է Արտակի շիրիմի մոտ։ Նայում է թարմ շիրմաթմբերի շարքին, և արցունքները միայն Արտակի համար չէին հոսում, այլ բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չհասան իրենց երազանքներին։
Պատերազմը խլեց Արտակին, բայց ոչ նրա հանդեպ ունեցած սերը․․․․
․․․
Պատերազմը դառնահամ է, արյունոտ․ արյունը կաթկթում է կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի ու երազանքների, սիրո և սպասումների վրա։ Կյանքը դառնում է արնահամ, դառնահամ։ Ասում են՝ ժամանակը հեռացնում է, մոռացնում։ Ամենևին։ Որքան շատ ժամանակ է անցնում, միևնույն է, վերքը սպիանում է, բայց ցավը մնում է ու ավելի խորանում։
Հայաստան աշխարհի որևէ բնակչի համար չկան տարածքներ, կա Հայրենիք, որտեղ ամեն անկյունում դու կյանք ես դրել։ Չկան վարձկան կռվողներ, կա անհատը՝ կոնկրետ ընտանիքից դուրս եկած։
Ցավը գույն ունի․․․ Ծիածանի գույներից 8-րդը «ցավագույնն է»՝ կորցրած երազանքների, անվերադարձ սպանած ժամանակի ու լռությունից խեղդվող հոգիների։ Ժամանակը պտույտ է անում ու մեզ նորից նույն կետին է բերում՝ տարբեր կողմերից նայելու։
Երանի իմ աչքերին, որ տեսել են Արցախ աշխարհը խաղաղ ժամանակ, որ եղել եմ Շուշիում ու աղոթել Ս․Ղազանչեցոց եկեղեցում։
Ես այդպես էլ չեմ «սովորի» պատերազմի ձայնին, չեմ կարողանա հանգիստ նայել, թե ինչպես են ավերում Աստծո տունը, Ս․Ղազանչեցոցը՝ իր սպիտակ զանգով։ Ես պատերազմ չեմ ուզում։
Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի։
Իհարկե, ես էլ վերջում հող կդառնամ, ինչպես բոլորը, բայց հող դառնալուց հետո էլ երդվում եմ, որ թշնամուն հանգիստ չեմ թողնի։
Քրիստոսի արյամբ, հավատքով ամրացած ու հերոս-լույս տղերքի արյունով սրբացած իմ երկիրը՝ Հայաստանը, մի՛շտ է ծիլ տալու, մի՛շտ կյանք է տալու։
․․․Ու ինչ էլ լինի, միևնույն է, մի օր մենք կհանդիպենք ու իրար ուժ կտանք։ Մենք միասին կանցնենք մեր թուլությունների վրայով, պառակտված կամքը կմիացնենք ու կդառնանք Մեկ․ մի ամբողջություն։
Տարածքը, որի վրա երազանքներ ունեցող զինվորի արյուն է թափվել, այլևս սոսկ հողակտոր չէ, այլ ՀԱՅՐԵՆԻՔ, որը չեն զիջում․․․