Բարև․․․Ես գիտեմ, որ երկու ամսվա բացակայությունս գուցե ինչ-որ տեղ զգացել ես, բայց մտածում եմ՝ ինձ չես մոռացել ու սիրով կլսես նոր պատմություններս․․․Ո՞ւր էի երկու ամիս: Եթե հիշում ես՝ վերջին անգամ ասացի, որ մեկնում եմ Իտալիա՝ աշխարհի 17 միացյալ քոլեջներից մեկում սովորելու: Դե ինչ, հիմա ես էստեղ եմ՝ Ադրիատիկ ծովի ափին, կատարված երազանքների ու իրագործված նպատակների հատման կետում։ Օրերն էստեղ անբացատրելի հագեցած են անցնում։ Այնչափ հագեցած, որ քեզ պատմելիքներս թղթից չէի հասցնում համակարգիչ անցկացնել, գրածներս էդպես էլ մնում էին թղթին՝ ծովի ալիքների յուրահատուկ հոտի ու ծնկները որպես հենարան ծառայեցրած աղջկա խնամքով գրված տետրի մեջ:
Եթե փորձեմ հետ գնալ ու ամենասկզբից պատմել, պիտի ասեմ, որ ի սկզբանե շատ եմ սիրել այս տեղը։ Ուրիշ մտերմություն ու հարազատություն եմ զգացել հենց սկզբից։ Գիտե՞ս, հայրենիքից դուրս ես սկսում հայրենիքդ առավելագույնս գնահատել։ Իսկ էստեղի բնությունը շա՜տ նման է մեր Հայաստանի բնությանը՝ ծառաշատ, լեռնոտ: Մենակ թե՝ մենք ծով չունենք: Իսկ էստեղ իմ պատուհանը բացելիս Ադրիատիկն է՝ իր ամբողջ ներդաշնակությամբ ու խաղաղությամբ: Ձայնը․․․Ամեն առավոտ ծովի համաչափ նվագվող մեղեդուց եմ արթնանում: Իմ կյանքի ամենագեղեցիկ տեսարանը իմ աչքի առաջ է ամեն օր՝ առավոտ ու երեկո: Ինձնից միայն պատուհանս բացելն է մնում: Երգի մեջ ո՞նց էր ասում Հախվերդյանը՝ պատուհանդ բաց արա ու տե՜ս․․․ Բացում եմ, տեսնում եմ, երջանիկ եմ ու շնորհակալ:
Դասերի մասին խոսելիս պիտի ասեմ, որ սա իսկապես անկրկնելի ու հազվադեպ տրվող մեծ հնարավորություն է, ու խելամիտ մարդը պիտի կարողանա սա լավագույնս օգտագործել ու քաղել էնքան գիտելիք, ինչքան ի վիճակի է: Առարկաներիցս ամենաշատը սիրում եմ էկոնոմիկան ու փիլիսոփայությունը: Իսկ ինչ վերաբերում է իտալերենին՝ արդեն կամաց-կամաց խոսում եմ: Ինչ խոսք՝ երգեցիկ լեզու է:
Մարդկանց մասին ասեմ, որ մշակութային մեծ բազմազանության մեջ եմ ապրում: Աշխարհի շուրջ հարյուր երկրներից ուսանողներ կան՝ տարբեր արժեհամակարգերի ու մտածելակերպի կրողներ: Ու էստեղ ես ավելի ու ավելի եմ կապվում իմ մշակույթի ու այն արժեքների հետ, որոնցով մեծացել ու դաստիարակվել եմ․ հայկականի ու Հայաստանի հետ։ Ես էստեղ ինձ Հայաստանից պոկված ամենաամուր կտորն եմ զգում՝ իմ մշակույթի հպարտ կրողն ու ներկայացնողը։
Իտալիայի մասին․․․Ուրիշ երկիր է: Փողոցներում ճեմելու ու գույների մեջ խելագարվելու երկիր: Վենետիկում պիտի կորես, պիտի ջրանցքների արանքից նայես մայրամուտին ու ժպտաս․: Ժպտաս Իսահակյանական առեղծվածային ժպիտով: Ռիալտոյի կամրջին էլ եղա: Ասմունքում էի․․․Հետո ի՞նչ, որ միակ հասկացողն էի, կարևորը՝ հայերեն էր, հայկական ու Իսահակյանական: Վենետիկը դրախտ է․․․Քայլելու, աջ ու ձախ նայելու ու հիանալու քաղաք: Սայթաքելիս էլ՝ ջրի մեջ ընկնելու ու նավով ջրանցքի մյուս ափ հասնելու քաղաք:
Իսահակյանի ուղով քայլելով հաջորդ կանգառս Ռավեննան էր: Միշտ վեր նայելու քաղաք: Կրոնական արվեստի ամենաշքեղ պահոցներից ու ամենաանաղմուկ փողոցների «տնօրինողներից» է: Քայլես, մարդիկ հեծանիվներով գան, կողքովդ անցնեն, թեթև ժպտաս ու հոգուդ խորքում մի անգամ էլ շնորհակալ լինես Աստծուն՝ ունեցածիդ ու էդ պահին վայելածիդ համար:
Տարբեր բաներից պատմեցի, ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ: Դեռ շատ եմ պատմելու: Կհանդիպենք շուտով: Ciao …