Երևանում շատ շոգ է, երբեմն չափազանց։ Շոգի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը երևի թե տատիկիս տան պատշգամբն է։ Պատշգամբ, որը լի է բազմաթիվ հիշողություններով՝ թե՛ուրախ, և թե՛ տխուր։
-Սուրճ կեփե՞ս մեզ համար,- լսում եմ տատիս ձայնը պատշգամբից։
Եփում եմ սուրճը, տանում պատշգամբ, ակամա հայացքս հառում պատշգամբի պատին։
-Տա՛տ, մեր նկարած նկարները համարյա չեն երևում, լրիվ գունաթափվել են։
-Ափսո՜ս, թարմացնող չկա, է՜հ, արդեն մեծացել եք։
Հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էինք չորս թոռներով նկարում պատին` մրցելով, թե ով ավելիգեղեցիկ կնկարի:
-Տա՜տ, տե՛ս, իմն ա, չէ՞, ամենասիրունը։
-Երեխեք, կարմիր գույնը վերջացա՜վ, բա ի՞նչ անենք։
Դեռ մի քանի տարի առաջ սովորություն ունեի ժամերով նստելու պատշգամբում ու թարմացելու մեր` թոռներիս պատին նկարած նկարները, որ չջնջվեն։ Իսկ հիմա արդեն համարյա ամբողջովին ջնջվել են, ու թարմացնող չկա։ Երևի իրոք մեծացել եմ։
Դե, վերջերս 18 տարեկան դարձա։
Տատիկս նույնն է, նույն 5 տարեկան Սոնայի տատիկը` զմրուխտե, կանաչ աչքերով, թախծոտժպիտով, կյանքի ծանր հարվածները ընդունած, բայց կյանքից երբեք չնեղացած։ Գուցե մի քիչծերացե՞լ է։ Իսկ մի՞թե միայն ֆիզիկապես են ծերանում։
Գիտե՞ք` ֆիզիկապես ծերանալը այնքան սարսափելի չէ, ինչքան հոգով ծերանալը, իսկ հոգինկարող է երբեք չծերանալ, և հենց սա է երիտասարդ մնալու գաղտնիքը։ Տատ, բացահայտեցի երիտասարդությանդ գաղտնիքը, դեմ չես, չէ՞։
Պատշգամբում քամի սկսվեց, բավականին ուժեղ։
Տանը շոգ է, մեր ներսում էլ մեկ-մեկ շոգ է լինում։
-Գնանք այգի, հովանանք։
-Տատ, կկարողանա՞ս։
-Ձեռնափայտս կվերցնեմ։
Հասնում ենք այգի։ Շուրջբոլորը մարդիկ են, աղմուկ, երեխաների ճիչ։
-Գոնե նստարան գտնենք։
-Լավ, չկա, ինչ արած։
-Արի նստենք շատրվանների մոտ։
-Կթրջվենք, ախր։
-Կարևորը` կհովանանք, տատ։
-Ի՞նչ ես կարծում` սիրտներս նո՞ւյնպես կհովանա։
Նստում ենք։ Ամենաղմկոտ տեղը երբեմն կարող է ամենահանգիստը թվալ։
-Տա՛տ, իսկ ի՞նչն է պատճառը, որ մենք գիտակցված որոշումներ ենք կայացնում, որոնք կարող են կործանել մեզ։
-Խիղճը։
-Այսինքն` խղճով լինելը կարող է կործանե՞լ մարդուն։
-Կամ կործանում է, կամ փոխում մարդուն դեպի ավելի լավը։
Արցունքի երկու խոշոր կաթիլ գլորվում են տատիս աչքերից։
-Չե՛մ լացում։
-Տատ, գիտե՞ս, երբեմն ավելի լավ է արցունքները թրջեն դեմքդ, քան հոգիդ թաքուն լացի։
-Երևի ճիշտ ես։
-Տատ չե՞նք փակի պատշգամբը, չէ՞։
-Եթե մեր հոգու պատշգամբը միշտ բաց պահենք, ուրիշ պատշգամբներն էլ երբեք չեն փակվի։
-Ուշ է, գնա՞նք տուն։
-Գնանք…
-Տա՜տ գուցե քամի լինի, պատշգամբի դուռը փակե՞մ։
-Չէ՛, թող բաց մնա, հաստատ կդիմանա…