«Մշակութային վարագույր» հարցազրույցների շարքի մեր առաջին զրուցակիցն է ամերիկահայ գրող Պատրիկ Արտեմին:
- Գրող դառնալու որոշումը բավականին բարդ որոշում է, արդյո՞ք ինչ որ մեկը ուղղորդել է մասնագիտության ընտրության հարցում։
- Գրող չեն դառնում, գրող ծնվում են։ Իսկ գրելն ինքն է որոշում, այո կամ՝ ոչ։ Ես միտք չունեի գրելու։ Բանաստեղծ ընկերս՝ Կարո Մելիքսեթյանը, հորդորեց գրել։ Գրողական աշխատանքին անցնելուն խանգարում էր ծանրաբեռնված աշխատանքը լրագրության բնագավառում։
- Իսկ ինչպե՞ս կարողացաք համատեղել այդ երկու մասնագիտությունները։
-Չեմ համատեղել, գրել սկսել եմ թոշակի անցնելուց հետո։
- Ինչու՞ ձեր ընկերը այդպիսի խորհուրդ տվեց։ Դուք ինչ որ բան ցույց տվե՞լ էիք ձեր գրածներից։
-Մեր ամենօրյա շփումներից նա հստակ պատկերացում ուներ իմ լեզվամտածողության մասին:
- Ո՞րն է Ձեր առաջին ստեղծագործությունը, և ի՞նչ զգացողություններ ունեիք այն գրելուց։
-Իմ առաջին գործը կոչվում է «ՈՏՔՈՎ՝ ԼՈՌԻ»: Այդ գաղափարը մեջս կար, պարզապես չէի փորձել իրացնել։
- Ինչպիսի՞ գրական պահանջներ կային, երբ սկսեցիք գրել, և ի՞նչն է փոխվել հիմա։
- Ես արդեն ունեի վստահ ձեռագիր, և բան փոխելու կարիք չկար;
- Ոճային ինչպի՞սի տարբերություն կա ավագ և երիտասարդ գրողների միջև։
- Պահանջը եղել և մնում է նույնը՝ ստեղծել գրական արժեք: Մարդն ինքը ոճ է; Աստծով ծնյալ գրողների ոճն իրենց մեջ է; Ոչ ոք չի կարող սովորեցնել գրել, եթե գրող չի:
- Ձեր ո՞ր գործերն են, որ լավագույնս ընդգծում են ձեր անհատականությունը։
-Անհատականությունը չեն կարող ընդգծել, բայց կարող են վկայել գրողի իմ ճաշակի, երևակայության և ստեղծագործելու հնարավորությունների մասին։ Այդ առթիվ ես կարող եմ նշել մի քանի գործ․ «ԶԱՄԲ», «ՍՈՒԼԹԱՆ» պատմվածքները, «ՄԵՆԱՍՏԱՆ», «ԱՐևԵԼՅԱՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ» վիպակները, «ՄԵԶՈԶՈՅԱՆ ԽԵՆԹԵՐ» վեպը։
-Գրական ո՞ր ժանրն է ավելի հոգեհարազատ ձեզ։
-Բոլոր ժանրերն էլ սիրելի են։ Ես գրում եմ արձակ, բայց հաճույքով կարդում եմ չափածո, հատկապես Չարենց և Իսահակյան:
-Ունե՞ք գրական աշխատանքներ, որոնք էկրանավորվել կամ բեմադրվել են։
-Միայն մի գործ է բեմադրվել՝ «ԾԱՊԱՆ», «ՄԵՆԱՍՏԱՆ»-Ի բեմադրությունը ես խնդրեցի հետաձգել, «ԶԱՄԲ»-ը մոտ էր բեմադրվելու, բայց որոշ հագամանքներ խանգարեցին;
-Դուք բնակվում եք ԱՄՆ ում։ Ունե՞ք այնպիսի գործեր, որոնք օտար ափերում ապրող հայերին, կամ նրանց Հայրենիքի նկատմամբ կարոտին է վերաբերում։
- Այո, վերջին տասնմեկ տարին ապրում եմ ԱՄՆ-ում, օտար ափերում կարոտների մեջ այրվող հայերին է վերաբերվում «ԴՌՆԱՊԱՆԸ», «ՀԵՌԱՑՈՒՄԻ POINT» և այլ գործեր։
- Իսկ ձեր առաջին գրքի շնորհանդեսը ինչպե՞ս անցավ։ Ի՞նչ տպավորություններ ունեցաք։
-Շատ լավ անցավ, վերածվեց գրական տոնահանդեսի, կազմակերպել էր բանասեր գիտնական Թերեզա Շահվերդյանը։
- Հայ ընթերցողները որտե՞ղ կարող են գտնել ձեր գրքերը։
-Գրքերս վաճառքի չեմ դրել, հիմնականում շնորհանդեսների ժամանակ նվիրել եմ, մի մասն էլ հանձնել եմ հանրային և քաղաքային գրադարաններին:
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ և սկսնակ գրողներին։
- Ոչ մի: Եթե Աստված նրա մեջ դրել է գրողի ճակատագիրը, խորհուրդ տաս-չտաս՝ գրելու է, իսկ եթե չի դրել, ինչքան էլ թուղթ մրոտի, արժեք չի ստեղծելու։
- Իսկ ովքե՞ր են ձեր սիրելի հեղինակները։
-Հայ գրողներից՝ Հրանտ Մաթևոսյան, արտասահմանյան գրողներից՝ Շեքսպիր, Սթոուն, Լոնդոն, Գոգոլ,Դոստոևսկի, Ֆոլկներ: