Margarita Khazaryan

Առանց վարդագույն ակնոցի

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ստից ու կեղծիքից շնչահեղձ այս աշխարհում ապրելու միակ մխիթարանքը քո ճիշտ և մաքուր մնալն է։

Գիտակցում ես, որ կան մարդիկ, ովքեր այնքան արագ և վարպետորեն են փոխում իրենց դեմք-դիմակները, որ չես էլ կարող հաշվել նրանց թվացյալ երեսների քանակը։

Ճանաչում ես մարդկանց և հասկանում, որ, մեկ է, գալու է մի ժամանակ, երբ պարզվելու է, որ ամենևին էլ չես ճանաչել։ Առհասարակ այդ «ճանաչել» ասվածը խիստ սահմաններ ունի. դիմացինին մինչև վերջ ճանաչել կլինի՞։

Գալիս է մի պահ, երբ հիշելով կյանքիդ դժվար պահերը՝ հասկանում ես, թե որքան ճիշտ ու անհրաժեշտ էին դրանք, և որքան են քեզ հղկել, դաստիարակել, կյանքն ու մարդկանց ճանաչելու կարևորագույն դասեր տվել։

Կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։

Սովորաբար մենք դա ընդունում  ենք մեր կյանքում եղած խնդիրները մարսելուց հետո միայն, երբ ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ճանապարհիդ հանդիպած մեծ ու փոքր քարերը քեզ ավելի ուժեղ և ամուր են դարձրել։ Եվ այն ժամանակ ես հասկանում, որ մի քիչ մեծացել ես, երբ այլևս այդ քարերից չես վախենում, նույնիսկ հիմա ոտքերդ ավելի ինքնավստահ ես գետնին դնում ՝ հավատալով քեզ ու քո ուժերին։

Ճանապարհին ընկած ամեն մի քար մի օր իր ճիշտ հասցեն է գտնում, հավատա՛։

Լավ ու վատ օրերի արանքում հասկանում ես, որ անկախ ամեն ինչից երջանիկ ես ու բախտավոր։ Երջանիկ ես, որ ո՛չ մոլեգնած քամիները, ո՛չ էլ քար-դժվարությունները քեզ փոխել չեն կարողացել, չեն էլ կարողանալու, որովհետև հիմա կյանքին նայելիս բոլորովին այլ հայացք ես ընդունում։

Գալիս է մի փուլ, երբ հասկանում ես, որ աշխարհում թերևս չկա ավելի հաճելի բան, քան քո խղճի հանգստությունն ու հոգու երանելի ներդաշնակությունը, հասկանում ես, որ խաղաղությունը միայն երկրներին չէ հարկավոր, այլ նաև մարդկային հոգիներին։ Երջանկությունը խաղաղությունից է սկսվում։

Գիտե՞ս՝ աշխարհում ամենաթանկ և հարազատ մարդիկ նրանք են, ովքեր ուղղակի հավատում են քեզ։ Քեզ, քո տեսակին, քո ուժերին, քո ապագային…

Այդ մարդիկ ամենանուրբ ու գեղեցիկ հոգիներն ունեն, եթե ոչ բոլորի, ապա գոնե քեզ համար։ Այդ հավատող մարդկանց կարևոր դերը սովորաբար ընտանիքին է տրվում, և ի դեպ, խաղաղությունն էլ հենց այսպիսի  ընտանիքից է սկսվում։ Բախտավոր լինելու  տեսակետն էլ հասկանալի դարձավ, չէ՞։

Եվ որքան էլ աշխարհում անծայրածիր ու խեղդող լինեն սուտը, կեղծիքը և չարությունը, աշխարհում սիրվելու արժանի և բարությունը կենդանի պահող շա՜տ գեղեցկագույն երևույթներ կան։ Այս ապականված դարում ազնվությունը դեռ պայքարում է իր գոյության համար…

Եվ մի օր անպայման հասկանում ես, որ իրականում ոչինչ էլ դեռ լավ  չես հասկանում, և գուցե դա քեզ պետք էլ չէ։ Կարևորն այն է, որ  կյանքում ոչինչ անհետևանք և անպատասխան չի մնում, շուրջդ սփռած և՛ լույսի, և՛ խավարի դիմաց մի օր  անպայման փոխհատուցվում ես քո իսկ տվածով։

Ազգային, ներանձնային պատերազմների, բաբելոնյան աշտարակաշինությունը հիշեցնող  խառնաշփոթների, արագ փոփոխվող դիմակների աշխարհում ապրելը և լավատես մնալը բարդ է, բայց թունելի վերջում միշտ էլ լույս է լինում։

Փորձենք նկատել  կամ լինել այդ լույսը։