Գարնանային արձակուրդներն էին: Աչքերս բացեցի և հասկացա, որ այդ օրվա համար առանձնապես ոչ մի պլան չունեմ: Որոշեցի վերցնել հեծանիվս ու գնալ փոքրիկ շրջագայության Հրազդանի փողոցներով: Սկզբում զբոսնում էի այն վայրերով, որտեղ անցել է մանկությունս: Կանգ առա ու սկսեցի լուսանկարել բնությունը, շինությունները: Լուսանկարելիս, երբ տարվել էի շինության մասին մտքերով, ականջիս տակ խռպոտ և հետաքրքրական մի ձայն լսվեց.
- Ազիզ, դու վի՞ր թոռն ես:
Անմիջապես շրջվեցի, և ուղիղ դիմացս հայտնվեց մորուքով, անատամ, ստորին ծնոտը փոքր-ինչ առաջ, սա էլ հերիք չէր, ձախ աչքն էլ կիսաբաց, ճաղատ մի ծերուկ: Մի քանի վայրկյան անշարժ կանգնելուց հետո ծերուկը շարունակեց:
- Էդ տելեվիզորը ի՞նչ էս անում:
Սթափվելով պատասխանեցի.
- Պապի պլանշետա:
Սակայն մի որոշ ժամանակ անորոշ հայացքով նայելուց հետո ծերուկը հարցրեց.
- Պպպլանշետն ի՞նչ ա:
-Դե պլանշետը սմարթֆոնի մեծ տեսակն ա:
- Հ~ա, հասկացա, բա սմարթֆորդն ի՞նչ ա:
- Դե, խելացի հեռախոս:
- Բա ես գիտեմ թոռս ա խելացի, հա, ու էն, ինչ են ասում, օլինպիադաներ ա հաղթել:
- Չէ, պա’պի, պլանշետս հաստատ օլիմպիադայի չի մասնակցի, բայց դե թոռդ էլ էսպես լավ չի կարողանա նկարել:
- Բա էդ մենակ նկարումա՞ :
- Պապի կարող էս մարդկանց զանգել, համացանց մտնել, նկարներով փոխանակվել…
- Հասկացա, թոռս էլ դրանից ունի, գնամ թող նկարներս ուղարկի Ռուսաստան` տղերքս ընդեղ են:
Րոպեներն անցնում էին, իսկ ծերուկը ավելի ու ավելի հետաքրքրասեր էր դառնում, իսկ իմ ժամանակն անսահմանափակ չէր, այդ իսկ պատճառով եկավ հրաժեշտի ժամանակը:
- Պապի’, ես գնամ` արդեն ուշ է:
- Հաջողություն քեզ, ա’զիզ ջան:
Ճանապարհին մտքերով ապագայում էի. ինձնից երկու սերունդ փոքր երիտասարդն ինձ հետ ինչի՞ց պիտի խոսի…