Lilit Vardanyan new

Սեպտեմբերյան օրագիր

Խորհուրդ է տրվում կարդալ անձրևոտ եղանակի ժամանակ (անձրևոտ եղանակը ցանակալի է, բայց ոչ պարտադիր)։ Պատմությունները բավականին անձնական են։ Բոլոր գործող անձիք անոնիմ են, բայց իրական։

 

Չբուժվող վերքեր

«Ձեռքերս սկսել են նորից չորանալ։ Արդեն աշուն ա»։ Սեպտեմբերի 23, ըստ իմ ձեռքերի սեզոնային ռեակցիայի և եղանակի կտրուկ փոփոխության, հայտարարեցի ջինսից վերարկուի սեզոնը բացված։

Կյանքի անընդհատ կրկնվող ցիկլը այնքան է հոգնեցնում, որ մի օր հասկանում եմ` արդեն մի ամիս է, ինչ գնում եմ դասի, իսկ իմ ձեռքերը սկսել են չորանալ, ու վերքերի բուժման համար պետք է սպասել գարնան կեսերին։

(Կոնվերսների) ամբոխում կորած

Հագնում եմ հայրիկի՝ Ուկրաինայից բերած կոնվերսները։ Գրողը տանի, ո՞վ է հորինել կեդերի չափսերը։ «36-ը չէր լինի»։ Բայց իմ կոշիկների իդեալական չափսը միշտ եղել է 37-ը։ Իսկ 1.5 սմ (չափել եմ, ազնիվ խոսք) մեծ լինելու պատճառով ո՞վ է մեծ պատմություն սարքում։ Անուղղելի պերֆեկցիոնիստ։

Հետո իմ երազած կեդերով գնում եմ համալսարան ու արդեն ոչնչով չեմ տարբերվում կեդեր հագնել սիրող մյուս ուսանողներից։ Եթե հասցնեի գնել դրանք մի տարի առաջ, դժվար թե այդքան նույնատիպ կեդերի մեջ խառնվեի։

Մինչ կուրսեցիս խոսում էր իր առաջին կուրսեցի ծանոթի հետ, այդ աղջկան սպասում էին իր՝ մի խումբ սև կոնվերս հագած ընկերները։ Նրանց հարցական ու զննող հայացքները ուղղված էին դեպի ինձ, կարծես ուզում էին հասկանալ՝ արդյո՞ք ես էլ եմ պատկանում իրենց խմբին։

Իսկ ես նայում էի իրենց ոտքերին, հետո հայացքներին մտածելով` արդյո՞ք նրանց հայացքները ավելի շատ ճանաչողական են, թե՞ ուղղակի ճաշակի գնահատում։ Իմ կոնվերսը մուգ կապույտ էր։ Մոխրագույն, վանդակավոր, կարճ կիսաշրջազգեստ, սպիտակ շապիկ՝ Սայտամայի դեմքով (անիմեի կերպարի), բաց կապույտ, վանդակավոր, նուրբ վերնաշապիկ։

Հայացքները տևեցին այնքան ժամանակ, մինչև կուրսեցիս վերջացրեց իր զրույցը, որից ոչ մի վայրկյան չէի լսել։

 

Կողմնակի ազդեցություններ

-Ինքը կորոնավակով ա պատվաստվել,- ինքս էլ դա չնկատելով իջեցրի համալսարան գնալու ճանապարհին ականջներումս միացրած երաժշտության ձայնը, երբ լսեցի «կորոնավակ» բառը։

Այդ օրը պետք է ստանայի երկրորդ դեղաչափը։ Վախեցա՞ծ էի, անորո՞շ, անվստա՞հ։ Չէ, ոչինչ էլ չէի զգում։ Չէի ուզում զգալ։

-Ոչ մի բան չի զգացել,- պատասխան, որին սպասում էի։ Վիճակագրությունը վկա, պատվաստանյութն ընտրելուց առաջ գուգլում որոնումներս վկա։

-Դե էսօր հենց պատվաստվես` կգրեմ, որ իմանամ՝ ո՞ղջ ես,- ուղղակի առօրյա սև հումոր կուրսեցուս կողմից։

Երբեք ինձ չեմ համարել գիտափորձի ճագար` մյուսների պատվաստվելու որոշումների վրա ազդելու համար։

Բժիշկը վերցրեց ասեղը, վրան լցրեց ախտահանող հեղուկ և առանց մեկ վայրկյան վարանելու մտցրեց այն իմ մաշկի տակ։ Աչքերս չտեսնեին այդ անփույթ տեսարանը։

Դրանից անհեթեթ միայն կարող էր եղբորս պատվաստվելու ընթացքում ինչ-որ մեկի՝ նրա ներարկիչին կպնելով անցնելը, և նրա ձեռքում ասեղի ծռվելը, որը հետագայում առաջացրեց եղբորս պատվաստման միակ հայտնաբերված կողմնակի էֆֆեկտը՝ ձեռքի վրա մնացած վերքը։

 

Այն, ինչ իմ ձեռքերում է, ինձ է պատկանում

-Տվեք իմ տոպրակը։

-Ի՞նչ տոպրակ։

-Էն տոպրակը, տվեք, պետք ա իջնեմ։

Հերթական արկածը տրանսպորտում՝ համալսարան գնալու ճանապարհին։

Հայացքս թեքեցի պատուհանից։ Դիմացից աջ նստարանին նկատեցի 50-60 տարեկան կնոջ, որը մի քանի րոպե առաջ չգիտեր, թե որ ուղղությամբ է գնում այս համարը և, ենթադրաբար, չգիտեր, թե որտեղ պետք է իջնի։

-Էս իմ տոպրակն ա։ Քոնը չի,- կյանքում երբեք չէի տեսել, որ մարդ այդքան համոզված լինի իր ստի մեջ, որ դա բնականից որպես ճիշտ ընկալվի։

«Երևի տղան ուզում է գողանալ տատիկի տոպրակը»,- եղավ առաջին վարկածս։

Բայց տեսնելով, թե որքան մեծ ջանք և ուժ է գործադրում տղան, որպեսզի համոզի` հետ վերադարձնեն իր իրերը, կարծիքս միանգամից փոխվեց, իսկ այդ կինը դարձավ մարդ, որի հետ ուղղակի պետք չէ գործ ունենալ, շատ վտանգավոր է հասարակության համար։

Հուսահատված տղան հասկացավ դա և ուղղակի իջավ՝ քայլելով առանց հետ նայելու։

Պարզվեց, որ տղան կնոջը տեղ էր տվել, իսկ կինը առաջարկել էր պահել տղայի տոպրակը, որի հետևանքով այն դարձել էր իր սեփականությունը։

Հաջորդ հինգ րոպեն ուղևորների վեճն էր այդ կնոջ հետ, որը հասավ այն աստիճանի, որ մի ուղևոր կին, փորձեց խլել այդ տոպրակը, բայց նա տոպրակը դրել էր իր ձեռքում մի ուրիշ տոպրակի տակ և պահում էր այն, ինչպես իր կյանքի ամենաթանկ գանձը։

Իսկ վերջում կինը ցույց տվեց իր փիլիսոփայությունը՝ ասելով, որ «ինչ իր ձեռքերում է, իրեն է պատկանում»։

Միակ բանը, որ կարող էի անել այդ իրավիճակում, դիմակի տակ ժպտալն էր, որովհետև այդ փիլիսոփայությունը իսկապես արդարացնում էր իրեն, և իրականում ոչ մի կերպ նա չէր կարող մեղավոր համարվել։ Անիմաստ փորձեր, անիմաստ խոսակցություն, համալսարան գնալու ճանապարհ, որը օտար է կնոջ համար, ով չգիտի, թե ուր է գնում։

 

Անսպասելի պարանոյա

(ջինսից վերարկուի եղանակ․ օր 1)

Իմ սիրած ջինսե վերարկուի եղանակի հայտարարումից մեկ օր անց հագա իմ վանդակավոր վերնաշապիկը և կես տարվա ընթացքում առաջին անգամ հագա ջինսից նեղ շալվարս մուգ կապույտ կոնվերսների հետ։

-Լիլիթ, վերարկու հագիր,-ինչ լավ է, որ տատիկը հիշեցրեց դրա մասին, վերջապես հագնում եմ այն, ինչին սպասել եմ երկու շաբաթ։

-Տատ, ասա, որ ինձ ջինսից շալվար շատ ա սազում,- ուղղակի ուզում էի լսել դա, դրա համար բարձրաձայնեցի և աստիճաններով վազեցի ներքև, որովհետև խորապես համոզված էի, որ ժամը 5-ին հաշվապահության դաս ունեմ։

Համալսարանի մոտի կամուրջով իջնելուց տեսա իմ խմբից երկու հոգու, որը մի փոքր տարօրինակ թվաց։ Շենքերի մուտքի դիմաց տեսնելով մյուսներին՝ համոզվեցի իմ սխալի մեջ։

-էրեխե՜ք, հեսա կլացեմ, մեր խու՞մբն էր էս ժամին,- բողոքեցի, բայց միանգամից կողմնորոշվեցի և արագացրի քայլերս, որ հասցնեմ մյուս խմբի դասին նստել։

Դասի ընթացքում չէի էլ նկատել դրսում սկսվող անձրևը, որովհետև այն դեռ չէր ուժեղացել։

-Վայ, կներես,- ասաց քսերոքսները ձեռքին աղջիկը, որը նույնպես ուզում էր նստել 3 համարի ավտոբուսը, երբ ավտոբուսում կանգնելու տեղ չգտնելուց հետո շրջվելու պատճառով քիչ էր մնում բախվեր ինձ։

Մտածում էի՝ նա էլ է մեզ մոտ սովորում, պարզվեց նախապատրաստականից է, որոշեցի վախեցնել նրան՝ ասելով, որ ես նրա ապագան եմ, ով տուն է վերադառնում երկրորդ հերթից։

Անձրևի պատճառով գլխիս էի քաշել վերարկուիս գլխարկը, կոնվերսներս թրջվում էին, իսկ վերնաշապիկիս չկոճկած մի կոճակի պատճառով, անրակս բաց էր։

Մի կին, որը տեսել էր, որ մենք էլ էինք ուզում 3-ը նստել, իմացավ, որ նույն ուղղությամբ ենք գնում, առաջարկեց տաքսի կանչել։ Անձրև, տաքսիի առանց այդ էլ անտանելի բարձր գներ և մի կին, որը ուզում է շուտ տեղ հասնել։

Կուրսեցիս, ով գնացել էր համալսարանում ինչ-որ բան ճշտելու, վերադարձավ։ Մի քանի րոպե միասին սպասելուց հետո եկավ իմ տրոլեյբուսը, որը միշտ հավատարմորեն փրկել է ինձ ավտոբուսում կանգնելու տեղ չունենալու իրավիճակներում։

Վաղուց պարանոյա չէի ունեցել, բայց ուղեղս որոշեց ստուգել. արդյո՞ք ճիշտ համարն եմ նստել։ Տրոլեյբուսի ներսում գրված համարը ուրիշ էր։ Դուրս եկա հաջորդ կանգառում միայն նրա համար, որ տեսնեի, որ դրսից հենց այն համարն էր գրված, որը ինձ պետք էր։ Տարօրինակի տպավորություն չթողնելուց խուսափելով՝ ներս մտա ուրիշ մուտքով։

Իսկ տանը ինձ սպասվում էր ամենօրյա տաք թեյը։

Ջինսից վերարկուի եղանակ, սիրում եմ քեզ։