Լոնդոնի դիզայնի թանգարանում մի քանի ամիս շարունակ գործում էր Սթենլի Կուբրիկին նվիրված ցուցադրություն: Այո, ճիշտ լսեցիք. ժամանակի մեծագույն կինոռեժիսորներից մեկի ցուցահանդեսը դիզայնի թանգարանում: Հարցը` թե ինչ աղերսներ կարող էին ունենալ դիզայնը և ռեժիսուրան, ծագեց մինչև ցուցահանդեսի մուտքի դռներին հասնելը: Նրանք, ովքեր չգիտեն, թե ով է Կուբրիկը, մի կարճ անդրադարձ:
Սթենլի Կուբրիկը ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր, նաև այն եզակի ռեժիսորներից, որը հաճախ իր ֆիլմերի օպերատորն էր ու մոնտաժողը: Մարդ-կինո: Ավելի քան տասնվեց ավարտուն ֆիլմերի հեղինակ, որոնցից շատերը հեղաշրջել են կինոյի աշխարհը, ինչպես հիմա են ասում` կուլտային ֆիլմեր են: «Սպարտակ», «Լարովի նարինջ», «Տիեզերական ոդիսական, 2001թ.», «Լայն փակված աչքերով»… Նրա ֆիլմերին բնորոշ են յուրահատուկ խոշոր պլանները, ինքնատիպ պանորամային կադրերը, դասական երաժշտության անսովոր կիրառումը:
Ցուցադրությունն ընդգրկում էր Կուբրիկի ստեղծագործական ողջ խոհանոցը. ինչպես էր հղանում գաղափարը, ինչպես էր հետազոտում իրեն հետաքրքրող նյութը: Օրինակ, Նապոլեոնի մասին այդպես էլ չնկարահանած ֆիլմի համար կարդացել էր ավելի քան 250 գիրք, արխիվային նյութեր (ի դեպ, այդ բոլորը ցուցադրված էին, անգամ կարող էիք տեսնել Կուբրիկի նշումները գրքերի լուսանցքներում):
Միայն մի քանի վայրկյան էկրանին երևացող փողոցի կամ արահետի համար պատրաստ էր ամիսներով դետալ առ դետալ որոնել իրեն անհրաժեշտ շենքերը, պատուհանները, ծառերն ու թփերը, այնուհետև այդ ամենը «ստեղծել» կինոտաղավարում, քանի որ երբեք չէր նկարահանում տաղավարից դուրս: Ասես արարում էր իր աշխարհը, իր հերոսներին, ինտերիերն ու էքստերիերը, կահույքը, հագուստները: Ընդ որում դա արվում էր թե հեռավոր անցյալի, թե ներկայի, թե ապագայի մասին պատմող ֆիլմերի համար: Ի դեպ, սա էր պատճառը, որ ցուցահանդեսը գործում էր հենց դիզայնի թանգարանում: Ու պատահական չէ, որ դեռևս 1968թ.-ին իր գիտաֆանտաստիկ ֆիլմի` «Տիեզերական ոդիսական, 2001թ.» համար հատուկ նախագծված ու ստեղծված «ապագայի» կահույքն ու սարքավորումները XXI դարում իրոք շատ ժամանակակից տեսք ունեին:
Նրանք, ովքեր հետաքրքրվում են կինոյի պատմությամբ, կինոարտադրության տարբեր փուլերով, կարող էին տեսնել աշխատանքային սցենարները, ֆիլմարտադրության ժամանակացույցը, էսքիզները, ամեն բան մանրակրկիտ մտածված ու պլանավորած: Ավելի քան 700 եզակի ցուցանմուշ. նկարահանման տեխնիկա, մոնտաժի սեղան, սցենարներ, նամակներ, հարցազրույցներ, որոնք կարելի էր լսել, հատվածներ ֆիլմերից, լուսանկարներ, ֆիլմերի դեկորացիաներ, հագուստ, կահույք… Եվ պատահական չէր նաև քաղաքը, որտեղ էլ կազմակերպվել էր այս ցուցադրությունը. Լոնդոնը Կուբրիկի ներշնչանքի քաղաքն էր, որտեղ ապրում էր և նկարահանում իր ֆիլմերը:
Ափսոս, ցուցահանդեսը մի քանի օր առաջ փակվեց, և եթե որոշել էիք այցելել, միգուցե մի ուրիշ հնարավորություն լինի: Չգիտեմ, այս լուսանկարները կփոխանցե՞ն արդյոք այն հիացմունքն ու ոգևորությունը, որն ապրեցի ոչ միայն ես, այլ բոլոր նրանք, ովքեր կարողացան այցելել: Մի բան էլ. Ցուցահանդեսի կազմակերպիչները նախատեսել էին, որ այցելուն մեկ ժամ է ծախսելու սրահներում շրջելու և ցուցանմուշները դիտելու վրա: Բացման առաջին օրերին դրսում սարսափելի հերթեր էին գոյացել, պարզվեց, անգամ երկու ժամը չէր բավարարել:
Մոռացա ասել, ցուցահանդեսը նվիրված էր ռեժիսորի մահվան քսանամյակին: