Arman Mkrtchyan

Ներդաշնակության պահը

Դուրս ես գալիս փողոց։ Ներսդ դատարկվում է։ Դա հավանաբար քո վերջին պայքարն էր։ Այլևս չես կարողանում դիմադրել։

Հոգնածությունը վերստին իշխանություն է վերցնում գիտակցությանդ վրա, ու դու տրվում ես քամուն` մի քանի անգամ գրկախառնվելու պայմանով։ Սուրում ես ամայի փողոցով ի վեր։ Արևի ջերմացնող ստվերի տակ շոշափում ես ամեն քար, լսում խոտերի շշնջոցը, ներքաշում ամբողջ զով օդը, բոլոր գույներն ու լույսերը։ Պառկում ես գետնին ու ըմբոշխնում հողի փափկությունը։

Գինովցած բնության աննկարագրելի կատարելությունից`փակում ես աչքերդ ու փորձում անմահացնել բոլոր ձայները, գույներն ու բույրերը։

Արթնանում ես լռության աղմուկից։ Գետինը, որի վրա պառկել էիր, ամբողջությամբ ճեղքված է։ Արևը այլևս չի տաքացնում, այլ ընդհակառակը`սառեցնում է`անխնա օգտագործելով իր կիզիչ ճառագայթները։ Զգացումների բազմազանությունը փշաքաղեցնում է բոլոր բջիջներդ։

Արագ վեր ես կենում ու քայլում, բայց ոտքերդ ցավելու աստիճան թմրած են։ Կտրուկ ու խուլ հարվածով ընկնում ես գետնին, ինչից այն փշրվում է և սկսում արնահոսել ու ցավից գոռալով`ծամել ոտքերդ, քաշել քեզ ցած`դեպի անծայր անդունդը։ Մինչ խելքի ես գալիս, իր արմատները տարածում է մարմնիդ վրա։ Իսկ արևը սկսում է հալեցնել իր իսկ սառեցրած մարմինը։ Նրա ջերմությունը երակներովդ ներխուժում է արյանդ մեջ, որտեղից հասնում հոգնածությամբ ներծծված գիտակցությանդ ու անկուշտ լակում մտքերդ`ջնջելով ողջ էությունդ։ Դու  պարզվում ես, ձուլվում միջավայրի հետ։ Բայց էլ չես դիմադրում։ Հնազանդվում ես ու հանգիստ ձախողվում հողի տակ` թանձր ջրով լցված անդունդի մեջ։ Սուզվելով դուրս ես գալիս հոգնածության տիրապետությունից ու բնության հետ մտնում ներդաշնակության մեջ։