-Սերյոգ, արի էս կողմով գնանք (թե ինչու` Սերյոգ, որովհետև այդպես սիրուն է հնչում, ու իրեն դուր է գալիս),- ինձ թվում ա` էնտեղ լիքը նկարելու բաներ կլինեն:
-Է, չէ, մյուս կողմով գնանք:
Բայց քանի որ ես աղջիկ եմ, իսկ Սերյոգն էլ ջենթլմեն, հաղթեցի ես: Գնացինք իմ ասած ճանապարհով: Ֆոտոներ էինք անում, երբ հեռվից մի քանդված շինություն տեսանք, մտածեցինք հին տուն է և գնացինք նկարելու: Բայց կիսաքանդ շինությունը մի հինավուրց եկեղեցի էր, ի զարմանս Սերյոգի և ի ուրախություն ինձ:
-Բա որ ասում էի, չէիր լսում, մի բան գիտեի, էլի,- ուրախ-ուրախ ասացի ես ու սկսեցի նկարել: Նկարելու շատ հետաքրքիր բաներ կային: Եկեղեցու պատերը կիսաքանդ վիճակում էին գտնվում, բայց մի զարմանալի բան կար. պատերի վրա ամբողջովին անվնաս էին մնացել փորագրված խաչքարի պատկերները: Շատ ֆոտոներ արեցինք: Լրիվ մոռացել էինք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ միայն եկեղեցու դրսի պատերն ենք նկարում: Երբ մտանք եկեղեցի՝ քարացանք: Եկեղեցուց միայն սյուներն էին մնացել, եկեղեցին ամբողջովին դատարկ էր: Աջ ու ձախ եկեղեցու ավերված քարերն էին ընկած, որոնց վրա զարդանախշեր կային: Հանկարծ քանդված խորանի մոտ մի ծեր կնոջ նկատեցինք, ով ծնկաչոք աղոթում էր: Մի քանի րոպե լուռ նրան էինք նայում՝ լսելով նրա կցկտուր բառերը: Աղոթքը ավարտելուց հետո տատին մեզ մոտեցավ: Միայն տեսնել էր պետք նրա ծերացած դեմքը, սպիտակած մազերն ու խորիմաստ աչքերը: Անունը Ռիմա էր, պարզվեց, որ նա ամեն օր գալիս է եկեղեցի, մաքրում է, կարգի բերում: Մոտեցավ մեզ ու այնպես էր նայում, ասես եկեղեցու ներսում երբեք մարդ չէր տեսել:Բարի հայացքով ջերմ-ջերմ մեզ բարևեց, լիքը հարցեր էր տալիս, հետաքրքրվում մեզնով: Նույնիսկ ինձ հարցրեց, թե քանի երեխա ունեմ, ես էլ կարմրեցի ու կամաց ասացի, որ տասնյոթ տարեկան եմ: Իսկ երբ խնդրեցինք, որ իրեն լուսանկարենք, ուրախացավ, ուղղեց գլխաշորը ու իր տխուր հայացքով նայեց ինձ: Երբեք չեմ մոռանա նրա հայացքը:
Մոռացա ասել, նա պատմեց մեզ, որ գտնվում ենք տասներեքերորդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում: Այսքան ժամանակ եկեղեցին կանգուն է մնացել, սակայն ցավոք եկեղեցի այցելողների քանակը քիչ է: Չկան հարմարություններ, որ մարդիկ մոմ վառեն: Քարերի վրա են վառում: Տեսնելով վառված մոմերի քանակը՝ կարող էինք եզրակացնել, որ քիչ թվով այցելուներ են լինում: Մարդիկ մոռացել են հինավուրց եկեղեցիները:
Գնալիս տատիկը մեզ շատ խորհուրդներ տվեց, թեպետ ասաց, որ գլուխը շատ է ցավում ու խոսելու ցանկություն չունի:
Տատիկի տխուր և ծերացած դեմքը երբեք չեմ մոռանա: