1985 թվականին Իջևանում բացվեց ամենամյա քանդակի սիմպոզիում և շարունակվեց մինչև 1991 թվականը: Այդ տարիների ընթացքում քաղաք եկած քսան երկրների շուրջ իննսունհինգ քանդակագործների գործերը տեղադրվեցին Իջևանի գլխավոր զբոսայգում: Արդյունքում զբոսայգին դարձավ թանգարան բաց երկնքի տակ, որը յուրաքանչյուր իջևանցու հպարտությունն էր:
Երբ սիմպոզիումը փակվեց, մի քանի տարվա ընթացքում հուշարձանները սկսեցին կորցնել իրենց հետաքրքրությունը, և նրանց վրա նստեց հնության փոշին: Անխիղճ քաղաքացիները սկսեցին ավիրել հուշարձանները: «Ընկերական» հիմար գրազներ, թվացյալ հաճույք, անբանների զբաղմունք և այլն: Եվ քանդակներ ջարդելու դեպքերը սկսեցին շատանալ՝ վերածվելով վանդալիզմի: Հասկանալի էր, որ սա կտաներ քանդակների վերացման:
Եվ հանկարծ հուշարձանները փրկելու հույս ծագեց:
2010 թվականի սեպտեմբերի երեսունին Իջևանում կայացած կառավարության արտագնա նիստում որոշվեց, որ քանդակի Իջևանի սիմպոզիումը կվերականգնվի: 2011 թվականն ավարտվեց, սակայն քանդակի սիմպոզիումն այդպես էլ չկայացավ՝ հուսախաբ անելով բոլորին:
2011-ը մոտենում էր ավարտին: Դեկտեմբերի իննին ջարդած գտան Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը: Մայիս ամսին նույն զբոսայգում տեղադրված պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը, իսկ օգոստոսի տասնյոթին և նոյեմբերի տասներեքին պոկված էին գտել Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:
2012 թվականի առաջին գարնանային օրը նույնպես սկսվեց վանդալիզմով: Վնասել էին երկու քանդակ և մեկ նստարան: Քանդակների ու նստարանի վրա փրփուր են փչել, քանդակված կնոջ արձանի վրա ջարդած աթոռ էին դրել, իսկ բերանին՝ քարի կտոր: Զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով, դեպքերը տեղի են ունեցել գիշերը:
Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Հիմա պարզ է, թե ինչու չեն հուշարձաններին ուշադրություն դարձնում: Ո՞ւմ պետք է հետաքրքրեն արձանները՝ առանց ձեռք ու գլխի, մասնատված վիճակում: Առավել ևս, գետնին տապալված և մամուռով պատված քանդակները:
Եթե այս խնդրին շուտափույթ լուծում չտրվի, ապա շուտով քանդակները կվերածվեն քարի կտորների, որոնք արագ կհեռացվեն զբոսայգուց՝ իրենց տեղը զիջելով կրպակներին ու սրճարաններին: Ահա այսպիսին կլինի զբոսայգու անշունչ բնակիչների ճակատագիրը:
Մեր քաղաքի սեփականությանը մենք պիտի տեր կանգնենք: Որպես ապագա քաղաքացիներ մենք պիտի պայքարենք, որ մեր միակ զբոսայգին չվերածվի կրպակների ու սրճարանների երկար շարքի, այլ գեղեցկանա և նորից սկսի ուշադրություն գրավել՝ հպարտություն հանդիսանալով քաղաքացիների համար: