Եվս մեկ ուսումնական տարի ավարտվեց: Ամբողջ տարվա ընթացքում տքնաջան աշխատած ու տարին գերազանցությամբ ավարտած աշակերտները, ինչպես նաև նրանք, ովքեր բոլոր դասաժամերի վայրկյաններն էին միայն հաշվում և ուսումնական տարվա ավարտին այդքան անհամբեր էին սպասում, հիմա վերջապես հանգստանում են:
Իսկ նրանք, ովքեր ինձ պես մյուս տարի ավարտելու են դպրոցը և առաջիկա ուսումնական տարին անց են կացնելու շտեմարանների առաջ` պատրաստվելով միասնական քննություններին, հա´տկապես են հանգստանում, փորձելով մաքսիմալ քանակությամբ էներգիա կլանել պայծառ ամառային օրերից` սպասվող «տանջանքներին» դիմանալու համար:
Ինձ հանդիպող բոլոր ծանոթները, հարազատները խորհուրդ են տալիս այս ամառվա ընթացքում մի լավ հանգստանալ: Իսկ ես ժպտալով նայում եմ նրանց, ընդունում խորհուրդը և նորից հիշում, որ ամբողջ ամառային արձակուրդների ընթացքում «Հայ ասպետի» կիսաեզրափակիչ փուլին ենք պատրաստվելու, և իմ հանգիստը սահմանափակվելու է միայն մրցույթի նախորդ փուլից շահած հնգօրյա արշավով, որ հուլիսին պիտի լինի: Արձակուրդներից արդեն մի ամիս անցել է, և այս ամբողջ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր գնացել ենք դպրոց, որ պատրաստվենք մրցույթին: Բայց չափազանց ուրախ եմ ու գոհ, որ ամառս այսպես է անցնելու: Կարծում եմ, այսպես այն ավելի երկար կթվա:
Կարծես երեկ էր, որ ավագ դպրոց եկա, ու այն ժամանակ երեք տարին, որ անց էի կացնելու իմ նոր դպրոցում, մի ամբողջ հավերժություն էր թվում: Սակայն չնկատեցի էլ, թե ինչպես անցավ, ու հիմա ևս երկու ամիս հետո կլինեմ 12-րդ դասարանցի: Այս ուսումնական տարին կլինի իմ և էլի շատ ու շատ աշակերտների դպրոցում անց կացրած ուսումնական տարիներից վերջինը: Հույս ունեմ, որ հագեցած ամառային արձակուրդներս չեն շտապի ավարտվել, և այդքան սիրելի ու թանկ դպրոցական տարիներից վերջինը մյուսների նման չափազանց արագ չի անցնի: Չէ որ մեծերը միշտ ասում են. «Երանի եք տալու ձեր էս տարիներին»: