mariam tonoyan

Վիշտը

Արդեն երրորդ օրն էր՝ անձրևը չէր դադարում. աշնան առաջին տեղումներն էին։ Շենքի երկրորդ հարկի պատշգամբում՝ կաթկթող տանիքի տակ, անհանգիստ թռչկոտում էր մոխրագույն, փողոցային մի կատու, որ փորձում էր հասնել ներսում կախված, բայց շեղ անձրևից թրջված լվացքին։ Նույն պահին ներքևում մեկը անձրևանոցը բացելու ապարդյուն ջանքերով շտապ կտրում էր փողոցը՝ ոտքերն անփութորեն ջրափոսերի զուգահեռ աշխարհները նետելով և, ավաղ, արդեն ոտքից գլուխ թաց։ Դարիվայր ճանապարհով հոսող ջուրը մեքենաների անդադար սլացքից չլմփալով՝ հասնում էր մայթերին, որոնց վրա արտացոլված նրբալույսերի մեջ միակ վառ երանգը դեղատան թռթռացող կանաչ լուսախաղն էր։ Աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր․ դեղատան դուռը կողպելուց հետո Անահիտը վազելով հասավ շքամուտքին, չորս հարկ բարձրացավ, շունչը տեղը բերեց, բացեց դուռն ու ներս անցավ։

-Մա՞մ,-ձայն տվեց, բայց արձագանք չստացավ և իրեն կարգի բերելուց հետո շուտով հյուրասենյակ մտավ։

Բազմոցի մի կողմում կուչ եկած, գլուխը դեպի աջ՝ սուր անկյամբ դուրս պարզած արմունկին` նիրհել էր մայրը՝ Մարգարիտան։ Կոկիկ հյուսքից դուրս պրծած մի փոքրիկ մազափունջ շոյում էր նրա այտը, հանգիստ միմյանց հպված թափանցիկ կոպերի տակից երևում էին երկնագույն գետակներ հիշեցնող մազանոթները, իսկ մուգ, երկար թարթիչները սև կամրջակների նման հասնում էին դրանց։ Դեմքն այնքան խաղաղ արտահայտություն էր ընդունել, ասես նա զուրկ էր ամեն տեսակ անհանգստությունից, իսկ շունչը մակընթացության ու տեղատվության նման համաչափ հոսքով մերթ փոքր-ինչ վեր էր ձգում թույլ մարմինը, մերթ նորից բաց թողնում։

Անահիտը նայում էր մորը։ Քնած մարդը երեխայի է նման․ երբ փակում է աչքերը, թուլացնում մարմինը ու դառնում անպաշտպան, դիմագծերը ևս մանկանում են, և նայողը կարող է կամ ոչնչացնել նրան, կամ պաշտպանել փորձել, անգամ երբ դրա կարիքը չկա։ Անահիտը զգուշորեն ծածկոցը նրա վրա գցեց, բայց, ինչպես ամեն անգամ, զգայուն կինն իսկույն բաց արեց աչքերը ու ծուլորեն ուղղվեց։ Նայելով աղջկան՝ նա ժպտաց իր ամենագեղեցիկ, մելանուշ ժպիտով։ Անահիտը նույնպես ժպտաց ու զննեց երազային անհոգությունից ակնթարթորեն արթնացած, հասունացած նրա դեմքը․ թավ, կամար հոնքերի տակից նրան էին նայում հոգնաբեկ ու փոքր-ինչ ուռչած աչքեր, որոնց վերին կոպերը խմորի նման ծալվել ու ցած էին թափվում։ Մաշկը գնալով կենդանացավ, կարմրեց, բայց ժպտալու պահից բերանի ու աչքերի շուրջ առաջացած օղակաձև խորշերը չանհետացան, անգամ երբ նա դադարեց ժպտալ, իսկ մազերն ուղղելիս ցավագին կծկումով մի ձեռքն իջեցրեց և մյուսով շարունակեց կարգի բերել իրեն՝ աչքը պատուհանից չկտրելով։ Այժմ Մարգարիտային նայելիս հնարավոր չէր կռահել, որ նա հանգիստ քնից նոր էր արթնացել և ընդամենը երեսունհինգ տարեկան էր։

-Անձրև՞ է գալիս,- քիչ անց անհանգիստ հարցրեց նա։

-Ըհը,-սկուտեղը ձեոքին խոհանոցից գալով՝ պատասխանեց Անահիտն ու մորը փոխանցեց գոլորշի արտաշնչող սուրճի բաժակը։

Պատասխանն էլ ավելի վշտացրեց կնոջը, աչքերը կարմրեցին, մարմնով դող անցավ, դալկացավ արձանի նման։ Հիշեց ամռանն իրեն ու աշխարհը լքած ամուսնուն, նորից նայեց պատուհանից դուրս՝ հորդացող անձրևին, ձեռքը ճակատին մոտեցրեց ու ակամա բարձրաձայնեց մտքին եկածը․

-Հորդ մոտ պետք է գնանք։ Կոշիկին նստած փոշին տանել չէր կարողանում, ցեխերի մեջ ինչպե՞ս կդիմանա․․․