***
Թելը զգում ես հենց առաջին վայրկյաններին. կամ կապվեց, կամ` չէ։ Եվ վերջ։ Այդքանը։
Ես առաջին տասը վայրկյանում գիտեմ քո դիրքը ՝ ընթացքի մեջ: Դու մի տեսակ մի տեսակ ես: Մի տեսակ ես գիտեմ քեզ։ Ես գիտեմ, ինչը կսիրեմ՝ մի օր ատելու նպատակով, ինչը կերազեմ այլ լիներ, ինչը կփոխես։
***
Իսկ եթե ա՞յլ բան ասեի…
Ուզում ես քեզ լսեն, ուզում ես օգնության կարիք ունենալ։ Եսը կառավարել հարկավոր չէ, երբ հանդիպում ես անծանոթ հարազատի։ Ակամայից դառնում ես սպիտակ առագաստ, դառնում ես խորտակված նավ, որ ջրի երես է ուզում դուրս գալ: Հարազատ անծանոթը քեզ կտա ամենածայրահեղ իրական հարցերը՝ քո մասին ու կպատասխանի ամենալռությամբ։
***
Տեսնես սա ե՞ս եմ, թե՞՝ նոր ուրիշ եմ։
Ահա՜, կարծես թե հարմար է։ Կարծես թե տաք է։ Կարծես թե հանգիստ է։ Կարծես թե ազատ է։ Ես կարծում եմ, որ ես՝ ես եմ, որովհետև դու՝ դու ես։
***
Եթե մի օր գտնվես փողոցի ստվերներում, ստվերիդ հետ կարճ զրույց կբռնկվի ու ստվերներդ կայրի: Ալիքները կհանեն վեր, բայց դու կմնաս քո խորության մեջ։ Դու գրել ես ալիքների մասին ու միայն գիշերով ու արել ես տառասխալներ։
Կասես, որ չքնելու սովորություն ունեիր, մոտ 3 տարի։ Ես կասեմ, որ գիտեմ։
Ու խորհուրդ կտամ, որ այս գիշեր քնես, և ամեն բան լավ կլինի: Ես քեզ չեմ ստիպի չքնել: Դու էլ իմ մասին չես գրի ու չես անի տառասխալներ:
***
Լցվել միայն հորինելով… Եվ միայն անքուն գիշերով:
Կարող եմ ստեղծել հազարավոր երազներ՝ տասը վայրկյան տևողությամբ ու բոլորը՝ ճշմարիտ։ Ես հավատարիմ եմ տասը վայրկյանի իմ տեսությանը։ Տասը վայրկյան հետո մեզ պետք են զարգացումներ ու կուլմինացիաներ: Մենք զարգացումները կթողնենք ալիքների քմահաճույքին, իսկ անկումներից արդեն խորտակված ենք վաղուց:
***
Չափազանց հանգիստ ենք մենք, չափազանց՝ զբաղված, չափազանց թքած ունենք մենք, չափազանց՝ ապտակված։ Չափազանց տեսած ու իրատեսական, չափազանց չափազանց ենք մենք մեր ձևերում ու չափերում և ատում ենք չափազանցվածություններ։
Չափազանցնում եմ մի տեսակ, չէ՞։
***
Հայերեն երգերն առանձնահատուկ զգայական աշխարհ են ստեղծում, հայերեն գրքերը՝ այլ կերպ դիպչում։ Դու մի տեսակ հայերեն ես։ Մի տեսակ, առանց համացանց օր ես։ Մի տեսակ էն տեղն ես, որ երբեմն կգնայի։ Երբեմները հազվադեպ կլինեին։ Իսկ հազվադեպները իրականում՝ շատ։
***
Ես ուզում եմ դառնաս ալիքներ, որ լողամ, իսկ դու ներքևում ես՝ խորը հատակում: Ասում ես, որ հատակն ես արդեն փորել ուզում։
Ես քեզ ձայնազրկում եմ՝ քո խորտակման մասին պատմությունն անգամ չլսելով, իմ՝ չված ճայերի մասին պատմություններով։
Մենք կսիրեինք լսել, բայց լուռ խոսել՝ էլ ավելի:
***
Հա, ինչ էի ասում… Ես հավատում եմ առաջին տասը վայրկյանին… Ու վերջին տասներին:
Առավել շատ հավատում եմ, որ անհավատ եմ, իսկ դու ինձնից մի տասն անգամ ավել։
Իսկ տասը րոպեից մենք միմյանց ձեռք կսեղմենք։ Մենք կանցնենք ջրի հատակը, և մի տասն օրից կանցնի վտանգը։ Ու մենք կգրենք սպառնացող վտանգի մասին՝ մեր երազներում, որ տեսնում ենք բաց աչքերով։
***
Ես երազներ հազվադեպ եմ տեսնում։ Երևի չափազանց խորն եմ քնում, դրանից է։
***
Այսօր ես երազ տեսա, երբ փողոցն էի անցնում։ Ես երազ տեսա այն մասին, որ գիշերները չեմ քնում, որովհետև ալիքները քամոտ են, որովհետև մի օր ես չանցա փողոցը:
Օրը պարզ էր ու հստակ:
***
Գիշերը ժամը չորսն է։