Հարցազրույց BeeArt-ի հիմնադիր Գայանե Սիմոնյանի հետ։ Հաճելի աշխատանքը համադրելով որակյալի հետ՝ նա այժմ ունի իր բիզնեսը, որը փոքրիկ, բայց սահուն քայլերով գնում է դեպի հաջողություն։
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին։
-Ես Լոռու մարզի Սպիտակ քաղաքից։ Մեր ընտանեկան բիզնեսը մեղրամոմից մոմերի արտադրությունն է, զբաղվում ենք նաև բնական փաթեթավորմամբ, մեղրի արտադրությամբ։ Մեղրամոմից մոմեր պատրաստելը մեր շուկայում նորարարություն է։ Տվյալ տեսակի մոմերը տարածված են Եվրոպայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում։ 2014 թվականին մենք Հայաստան բերեցինք այդ մոմերը։ Շուկան այդ ժամանակ չգիտեր՝ ինչ է իրենից ներկայացնում այդ արտադրանքն ու ինչ առավելություններ ունի: Սկսեցինք շուկային ներկայացնել մեր արտադրանքն, ու արդեն երեք տարի է, ինչ շուկայում ենք: Մարդիկ ճանաչում են մեզ, գիտեն մեր ապրանքի որակը։
-Երբ փոքր էիք, ի՞նչ մասնագիտություն էիք ուզում ընտրել:
-Ալպինիստ էի ուզում դառնալ։ Բոլոր երեխաների պես մտքովս շատ բաներ են անցել, բայց հաստատ դրանցից ոչ մեկը մեղվի արտադրությունը չի եղել։ Հասուն տարիքում ևս չեմ մտածել դրա մասին, բայց միշտ փորձել եմ ստեղծագործական մոտեցումներ ցուցաբերել։ Մանկուց ուզեցել եմ իմ սեփական բիզնեսն ունենալ։ Դեռ երեխա ժամանակ տանը տաղավարներ էի սարքում ու ընտանիքիս անդամներին ապրանքներ էի վաճառում։ Իսկ ինչ վերաբերում է այս ոլորտին, մեր ընտանիքը երբեք կապ չի ունեցել մեղվապահության հետ, ու այս ամենի միտքն էլ, իր հերթին, շատ պատահական սկիզբ է ունեցել։ Սա այսպես էլ պետք է լիներ։
-Ի՞նչ մասնագիտություն ունեք հիմա, աշխատե՞լ եք Ձեր մասնագիտությամբ:
-Մասնագիտությամբ լեզվաբան եմ, աշխատել եմ մի քանի ոլորտներում՝ մոտավորապես երեք տարի։ Մեր գործում ևս իմ մասնագիտությունը պետք է գալիս, որովհետև սպառողները հիմնականում զբոսաշրջիկներն են։
-Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք զբաղվել մեղվաբուծությամբ:
-Մեղվաբուծությունից ու մեղուներից ընդհանրապես գաղափար չունեի։ Երբ սկսեցի մեղրամոմից մոմեր պատրաստել, հասկացա, որ այս արտադրության համար մաքուր հումք է պետք, ու հումքի մաքրության մեջ համոզված լինելու համար պետք է ինքդ արտադրես այն։ Հենց այդտեղից էլ առաջացավ օժանդակ մեղվաբուծության ճյուղ ստեղծելու պահանջարկը, ու կենտրոնացանք նաև փեթակների ու մեղվապահության վրա։
-Ինչպե՞ս առաջացավ մոմեր պատրաստելու գաղափարը: Ե՞րբ որոշեցիք այն դարձնել բիզնես: Որո՞նք էին Ձեր առաջին քայլերը։
-Ցանկացած բիզնես սկսում է հոբիից։ Ամեն ինչ սկսվեց հետաքրքրությունից, երբ մոմի նկարը տեսա ու մտածեցի, որ ես էլ կարող եմ պատրաստել։ Սկզբում նույնիսկ մոմաթերթի մասին գաղափար չունեի։ Առաջին քայլը հենց ինֆորմացիա գտնելը դարձավ, ինչը հիմա դժվար չէ: Հետո դիմեցի նաև այն մարդկանց, ովքեր արդեն զբաղվում էին դրանով, ու տեսական գիտելիքներին հաջորդեց գործնական փորձը: Շուտով զգացի, որ սա մեր գործն է, ու այն պետք է առաջ տանել։
-Արդյոք հե՞շտ էր Հայաստանում նոր բիզնես սկսելը։
-Ոչ մի նոր բանի սկիզբ հեշտ չէ: Որևէ բան զրոյից սկսելը միշտ իր դժվարություններն ունի։ Եթե համարձակություն ունես սկսելու, պետք է նաև ուժ ունենաս սկսածդ շարունակելու ու հաղթահարելու առաջացած դժվարությունները։ Հեշտ բան չկա։
-Սա Ձեզ համար ուղղակի շահութաբեր բիզնե՞ս է, թե՞ հաճելի աշխատանք՝ համադրված օգտակարի հետ։
-Ամեն ինչ սկսվել է հոբիից: Անկեղծ ասած՝ մեր շուկայում շահութաբերությունը մեծ չի կարող լինել։ Երբ դու մի բան ես ստեղծում ու մտնում ես շուկա, արդեն աշխատատեղ ես ստեղծում մարդկանց համար: Աշխատանքը սիրելու հետ մեկտեղ ավելանում է նաև պատասխանատվությունը. չէ՞ որ եթե յուրաքանչյուրս արարող լինենք, շատ բան կարող է փոխվել մեր քաղաքում ու հետո նաև՝ երկրում:
-Ի՞նչ խոչընդոտներ կային, որոնք ստիպված էիք հաղթահարել:
-Առաջին խոչընդոտը տարածք չունենալն էր։ Աշխատանքները սկսվել են մեր տան խոհանոցում։ Հետո շրջապատի մարդկանց քննադատությունն էր, որը շատերին է խանգարում, բայց կոտրվելը ինձ համար չէ: Ես մտածում եմ, որ մի բան անելիս մարդը պետք է իր առջև նպատակ դնի, սիրի իր գործն ու գնա իր նպատակի հետևից։
-Ձեր աշխատանքի մեջ պահանջվում է նաև ստեղծագործական մոտեցում, իսկ ստեղծագործելու համար ոգեշնչման աղբյուր է անհրաժեշտ։ Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում։
-Արդյունքը, ստեղծածդ տեսնելու հիացմունքը։ Նաև մեր սպառողները՝ իրենց գոհունակությամբ, գովեստի խոսքերով։ Երբ տեսնում ես, որ արածդ արժանանում է գնահատանքի ու գովեստի, իրոք քեզ լավ ես զգում։ Դա հսկայական ուժ է տալիս ու օգնում ամեն ինչ հաղթահարելով առաջ գնալ, շարունակել։
-Որտե՞ղ եք իրացնում ձեր արտադրանքը:
-Հիմնականում Երևանում, որովհետև մարզերում սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով այդ հնարավորությունը չկա։ Քանի որ մեր ապրանքի գնորդները մեծամասամբ զբոսաշրջիկներն են, վաճառում ենք եկեղեցիների մոտակայքում, հայտնի ու շատ այցելվող վայրերում։ Մեր ապրանքը արտահանվում է նաև Կանադա։
-Շատերը բողոքում են, որ Հայաստանում չկան աշխատատեղեր, իսկ դուք ստեղծել եք նոր բիզնես: Ի՞նչ կարող եք ասել այդ մարդկանց:
-Կփորձեմ խորհուրդ տալ ազատվել բողոքելու հատկությունից։ Մեր ազգն ընդհանրապես շատ է դժգոհում ու բողոքում։ Մենք բողոքում ենք վատ հարևանից, վատ աշխատակցից, իշխանությունից ու դրանով միայն բացասական մթնոլորտ ենք ստեղծում մեր շուրջը։ Եթե ամեն բողոքող փորձի մի նոր բան ստեղծել կամ փոխել վատը, բողոքելու առիթները միայն կքչանան։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են Հայաստանում նոր բիզնես սկսել։
-Խորհուրդ կտամ չհիասթափվել ու փորձել տարբերվել, որևէ նոր բան անել։ Մարդիկ արդեն հոգնել նույնությունից ու թարմության կարիք են զգում։