qnarik.mkhitaryan

Փոփոխվող և չփոփոխվող աշուն

«Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոկը»։ Ակամայից հայտնի երգի բառերն են գալիս մտքիս, որի իմաստը այդպես էլ չհասկացա։ Համենայնդեպս  աշունն ինձ համար այս երգով է սկսվում։ Աշունն ինձ համար խորհրդանշվում է թաց ընկույզով, մելամաղձոտ երաժշտությամբ և վերջ․ ես գնում եմ քնելու։ Բայց երևի թե ձեզ ավելի կհետաքրքրի գյուղի բնակիչների աշնանային առօրյան։

Ուստա Համոյի համար աշունն  սկսվում է օղի թորելու գործընթացով:  Երկար է սպասել, սեր ու մի քիչ շաքար ավելացրել օղուն, որ  այսօր թորի, իսկ դրան հաջորդելու է  պարծենալու գործընթացը։ Հարևանների մոտ նա դեռ պիտի գլուխ գովի իր անմահական 90 աստիճանի օղով։

Իսկ այ, Օֆիկ տատը հավաքել է Հայաստանի բոլոր մրգերը  ու  բանջարեղենը և պատրաստվում է ցրտաշունչ ձմռանը։ «Այ բալա, գնա ծիծակն էլ առ` թթուն դնենք ու վերջ»։ Վե՞րջ, երևի ուզում էիր ասել  թթուների՞ն վերջ։ Անկեղծ ասած, ինձ համար այդ  արարողությունը այդքան էլ  հաճելի չէ: Ես  գործ անել չսիրող թոռնուհիների շարքին եմ պատկանում, ինչպես կասեր տատս, հայտնի հեքիաթի Անբան Հուռին եմ` ուտեմ ու քնեմ։

Պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ հասկանա մեծերին, երբ ոչինչ չես անում, չես օգնում իրենց, միշտ դժգոհում են, իսկ երբ գնում ես օգնելու.  «Այ բալա, զգույշ, տաք է կաթսան», «Էդ լոլիկը  ճխլեցիր, տենց ո՞վ ա գործ անում: Հել գնա, քո գործ անելը քեզ մնա», և այսպես միշտ:

Շատ  եմ երազել ունենալ տատիկիս համբերությունից ու տրամադրությունից, ով մեկ առ մեկ հավաքում է գետնին թափված ընկույզը և խնամքով լցնում պարկի մեջ։ Ամեն անգամ սիրտս լցվում է, երբ չեմ կարողանում գտնել ժամանակ, առաջվա նման գալ և խառնվել մեծերի գործերին,  հողերի մեջ թավալ գալ,  քնելու փոխարեն մտածել կարտոֆիլ հավաքելու մասին, վերցնել ինձանից մի քանի մետր բարձր բահը և «Պապն ու շաղգամը» հեքիաթի նման չարչարանքով հողից հանել բերքը և հպարտանալ, որ դա իմ ցանածն է, իմ մշակածն է,  դա հենց ես պիտի ուտեմ։ Հավատացեք, աշնանային հոգսերի մեջ դա անասելի երջանկություն է։ Հիշում եմ  փոքր ժամանակ անհամբեր սպասում էինք, երբ ենք կարտոֆիլը հավաքելու, որպեսզի սեպտեմբերին կարողանայինք գյուղ եկած առևտրականների հետ փոխանակում անել` կոշիկի դիմաց մի պարկ կարտոֆիլ։  Այդ մի կոշիկը քարերի մեջ  ոչ ոք չի կարող այնքան խնամքով հագնել, որքան դրա համար տանջված 5 տարեկան փոքրիկը։ Եվ այո, ես երազում եմ այդ մանկության մասին։

Աշունը ինձ համար հիմա փոխվել է, հողին փոխարինելու է եկել թուղթը,  փայտին, որով ես նկարում էի հողի վրա,  լրացնում է գրիչը: Աշունն ինձ համար է փոխվել, բայց տատիկս դեռ  հավաքում է թաց պոպոքը, առանձնացնում մեծ ու փոքր կարտոֆիլը,  իսկ ուստա Համոն  դեռ պարծենում  է իր օղիով։ Աշունները նրանց կյանքում կարծես ոչինչ չեն փոխել։