Անցավ ևս մեկ օր` ուրախությամբ ու գիտելիքներով հագեցած: Ճիշտ է, առավոտը մի փոքր տխրեցինք, որ վատ եղանակի պատճառով ֆոտոարշավի ու նկարահանումների չգնացինք, սակայն այժմ դա մոռացել ենք, որովհետև ֆոտոարշավի փոխարեն մենք ավելի հետաքրքիր նյութեր յուրացրեցինք: Մենք սովորեցինք, թե ինչպես կարելի է անիմացիոն ֆիլմեր նկարել, ինչպես ճիշտ հարցազրույց վերցնել մարդկանցից, ինչպես նաև լրագրության գործնական աշխատանքներ կատարեցինք: Նյութեր պատրաստելու ժամանակ մեզ շատ օգնեց ընկեր Լուսինեն` մի հիասքանչ անձնավորություն: Նա մեզ սովորեցրեց, թե ինչպես ընտրել ճիշտ թեմա և աշխատել դրա վրա, իսկ սովորեցնելուն մեկտեղ, բոլորը հիանում էին իմ ժպիտով: Կային մարդիկ, ովքեր ասում էին, որ իմ ժպիտը նրանց ուրախություն ու ջերմություն է հաղորդում, մի քանիսը ասում էին, որ մարդ ինչքան տխուր էլ լինի, մեկ է ժպտալու է, եթե նայի ինձ: Ես ժպտերես մարդ եմ, քիչ է լինում դեպքեր, որ չեմ ժպտում, բայց փորձում եմ ժպտալ, որպեսզի դիմացինին իմ տխուր հայացքը չհաղորդեմ: Ժպտալու հետ մեկտեղ, նաև ընկերներիս խանգարում էի ավարտին հասցնել իրենց սկսած աշխատանքները, գործերը, ինչպես նաև խաղերը: Երբ ես ժպտում էի, բոլորը շեղվում էին իրենց գործերից և հավաքվում էին իմ շուրջը, ասեմ նաև, որ ես այս նյութը գրել եմ շատ դժվարությամբ, որովհետև նրանք ինձ պահում էին իրենց կողքին: Ես այս նյութը գրել եմ իմ սենյակում, բոլորովին մենակ:
Այս օրը ամբողջովին ծանրաբեռնված էր, սակայն բարի էր: Բոլորս հաճույքով էինք կատարում մեր ստանձնած աշխատանքները, որովհետև հենց դժվար ճանապարհներով է, որ հասնում ենք մեր սպասված արդյունքին: Ինչպես ասել է Էռնեստո Չէ Գևարան. «Եթե դուք կարող եք գտնել ճանապարհ առանց խոչընդոտների, դա հավանաբար ոչ մի տեղ չի տանում»:
Ես առաջին անգամ ընկերներիցս մեկի` Թամարայի հետ, ունեցա իմ առաջին հարցազրույցը: Ես շատ ուրախ էի, որ կարողացա նրան օգնել, թե’ նրա նպատակին հասնելու, թե’ ինձ այդ անակնկալ անելուն: Հարցազրույցի ժամանակ ես խոսում էի մեր բարբառով, սակայն վերափոխում էինք գրական հայերենի: Հարցազրույցը ավարտելուն պես, ինձ առաջարկեցին խաղ խաղալ: Երբ առավոտը բոլորս պատուհանից դուրս էինք նայել, անակնկալի էինք եկել, նկատելով « աշնան ձյունը»: Մենք ուրախացել էինք, որ ձյուն էր եկել, և կարելի էր խաղալ նաև ձնագնդիկ, բայց տխրել էինք, որ աշնան վերջին ամիսը սկսվել էր ձյունով:
-Կարո՞ղ ես փակել պատուհանը:
-Ես կարծում էի` դու սիրում ես թարմ օդ:
-Սիրում եմ… Պարզապես աշունը… Այն միշտ չիրականացված երազանքների հոտ ունի:
Ասեմ, որ ես ինքս չհասցրի զգալ այդ հոտը, և շատ ուրախ եմ, որովհետև իմ երազանքները արդեն քիչ-քիչ կատարվում են: