Սևան մեդիա ճամբար. Աշխատում ենք արտակարգ իրադրության ռեժիմով

Երևի առաջին անգամ մեծ ուրախությամբ գնացինք մեր սենյակ քնելու, որովհետև լուսադեմին գնալու ենք ձկնորսության մասին ֆիլմ նկարելու: Իսկ ձկնորսների աշխատանքային օրն սկսում է առավոտյան 4-ից, ուստի պետք էր շուտ քնել: Չնայած մեզ ստիպում էինք քնել, բայց նաև վախենում էինք, քանի որ ասել էին, որ եթե խոստացված ձյունը գա, ձկնորսները դուրս չեն գա ծով:

Քնեցինք: Արթնացա զարթուցիչի ձայնից: Առաջին բանը, որ ես արեցի, պատուհանից նայեցի դուրս. ձյուն էր: Ճիշտ է, մի պահ ուրախություն զգացի, բայց հետո հասկացա, որ նկարահանման չենք գնա: Քիչ անց արթնացրեցի Ռաֆայելին, իրար հետ սկսեցինք տագնապած մտածել, հետո ձայն տվեցինք մեր սենյակակից տղաներին: Արդեն 9:30- էր, նախաճաշի ժամը, սովորականի պես դուրս եկանք միջանցք` միասին գնալու նախաճաշի, սակայն ասացին, որ նախաճաշը 10:00 է լինելու, քանի որ ճաշարանի աշխատակիցները ձյան պատճառով չեն կարողացել ժամանակին հասնել հանգստյան տուն:

Այս օրը պլանավորած մյուս ֆիլմն էլ, որը Սևանի թիավարության մասին էր, նույնպես չէինք կարող նկարել: Ճանապարհները փակ էին, մարզումները նույնպես հետաձգվել էին:

Նախաճաշի գնացինք տաք բաճկոններով ու ճանապարհին ձնագնդի խաղալով: Դե, առաջին ձյունն է, իսկ մենք ձնագնդի խաղալ սիրում ենք:

Լավ է, որ չնախատեսված իրավիճակների համար կա պահեստային տարբերակ, և թե ինչպես անցավ մեր օրը, ընկերներս կպատմեն: