Հարցազրույց 12-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Վահրադյանի հետ
-Քանի՞ տարեկանից սկսեցիր սիրել ֆուտբոլը, և ինչի՞ց առաջացավ այդ սերը:
-Փոքր տարիքից երազել եմ մեծ դաշտերում ֆուտբոլ խաղալ, հագնել մարզական համազգեստ: Սկսել եմ ֆուտբոլով զբաղվել 15 տարեկանից: Սիրել եմ այն պատճառով, որ միշտ պապիկիս հետ ֆուտբոլ էի նայում, ոչ մի խաղ բաց չէի թողնում: Եղբայրներիս, բակի տղաների, մորեղբորս հետ միշտ բակում խաղացել եմ ֆուտբոլ: Շատ էի սիրում սպորտը, մասնավորպես՝ ֆուտբոլը: Միշտ հաճույք եմ ստացել այդ ամենից: Դասերս էական չէին ինձ համար: Տուն գալուն պես վազում էի բակ, տղաներին ձայն էի տալիս, ու սկսում էինք խաղը:
-Իսկ աղջիկները ի՞նչ կարծիք էին հայտնում քո նախասիրությունների վերաբերյալ:
-Միշտ ասում էին, որ ֆուտբոլը աղջկա խաղ չի: Մեր հարևանները, դասարանի երեխաները, մայրս միշտ ինձ նախատում էին: Մամաս իրեն վատ էր զգում, որ տղաների հետ եմ խաղում: Բայց հայրս նորմալ էր այդ ամենին նայում: Մայրս ինչքան էլ ինձ արգելում էր, ես միևնույն է, գնում էի խաղալու: Խաղի ժամանակ լինում էին և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ: Պարտվելիս չէի հանձնվում, այլ առաջարկում էի նորից խաղալ: Առանձին գնում պարապում էի, ուժ էի հավաքում:
-Ֆուտբոլի պարապմունքների գնո՞ւմ ես:
-Դպրոցում զբաղվել եմ թեթև աթլետիկայով: Հետո, մեր հարևաններից մեկը տեսավ, թե բակում ինչքան լավ եմ խաղում, և ինձ առաջարկեց գնալ ֆուտբոլի՝ իր ծանոթ մարզչի մոտ: Առաջին օրը, երբ գնացի ֆուտբոլի, թիմը մրցումների էր գնացել: Մարզիչը՝ ընկեր Լիանը, ինձ հարցրեց, թե որ դիրքում կցանկանամ խաղալ, ես ասացի՝ հարձակվող: Հենց սկսվեց խաղը, առաջին գոլը ես խփեցի: Հետո սկսվեցին մարզումները հավաքականի երեխաների հետ: Ես էլ ընդգրկվեցի հավաքականի մեջ և խաղացի ձախ կիսապաշտպան-հարձակվողի դիրքում:
-Մրցումների մասնակցե՞լ ես:
-Մրցումներից ամենակարևորն այն էր, որ տղաների թիմի հետ էինք խաղում: Տղաների հետ խաղալով՝ փորձում էինք մեր ուժերը: Բնականաբար, տղաները ավելի կոփված էին, սակայն հաղթանակներ էլ ունեցանք: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպեց մրցումներ արտերկրում: Այս դեպքում խաղը արդեն կայանում էր ոչ թիմերի միջև, այլ երկրների: Մենք ներկայացնում էինք Հայաստանը: Առաջինը գնացինք Բելառուս, հետո՝ Լեհաստան, Վրաստան: Վրաստանի հետ խաղում հաղթել ենք: Վրացիները իրենց թիմով ժամանեցին Հայաստան՝ պատասխան խաղի: Մենք կրկին հաղթեցինք նրանց մեր երկրում:
-Ձեր թիմը ունի՞ որևէ անվանում:
-Այո, «Երևան ԼՀ»: Մեր մարզիչի անվան սկզբնատառերն են՝ Լիանա Հայրապետյան:
-Դու այս տարի դիմորդ ես, որտե՞ղ ես ցանկանում շարունակել ուսումդ:
-Սկզբում մտածում էի դիմել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ՝ «մարզիչ-մանկավարժ» բաժինը: Հետո ընկերներիցս մեկը առաջարկեց, որ ֆուտբոլը մնա որպես հոբբի, իսկ մասնագիտության հարցում ավելի լավ մտածեմ: Ես որոշեցի դառնալ բուժքույր, որովհետև մարզիչ դառնալով դվար թե հետագայում աշխատանք ունենամ:
-Այսինքն, պատրաստվում ես դո՞ւրս գալ ֆուտբոլի թիմից:
-Այո, կան որոշ պատճառներ, բացի մասնագիտական ընտրությունից:
-Իսկ չե՞ս ցանկանում համատեղել ուսումը ֆուտբոլի հետ:
-Համատեղել կարող եմ, բայց ժամանակի մեծ մասը պետք է տրամադրեմ ընտանիքիս, մնացածը` ուսմանս:
-Ֆուտբոլը ի՞նչ դեր ունեցավ քո կյանքում:
-Ֆուտբոլի միջոցով ես հասկացա, որ պարտություն կրելիս պետք չէ հանձնվել: Պապիկս միշտ ասում էր. «Պայքարել, պայքարել, պայքարել հանուն նպատակների»: