Ներառումը մեր հասարակության մեջ կարևորագույն խնդիրներից մեկն է։ Յուրաքանչյուրս մեր կյանքում պետք է պատրաստ լինենք հանդիպել որևէ խնդրով անձի և ընդունել նրան իր այդ տեսակով հանդերձ։
Ըստ իս՝ ներառումը ոչ միայն տվյալ անձի համար է, այլ բոլորիս, և ոչ թե որևէ խնդիր ունեցող անձն է մեզանից մեկը, այլ մենք ենք նրանցից մեկը։ Տարբերություն դնելը, օտարացնելը կամ վատագույն դեպքում ծաղրանքի ենթարկելը յուրաքանչյուր հասարակությունում հանդիպող երևույթ է, որը գալիս է այդ հասարակության քաղաքակրթությունից։
Այս թեման կարծում եմ Հայաստանում արդի է, սակայն քաղաքակրթությունը դեռ բավականին չի զարգացել, որպեսզի մարդկանց չպիտակավորեն, իրոք, ընդունեն և վերացնեն կարծրատիպերը։ Այս խնդիրը մեր հասարակության շրջանակներում, կարծում եմ, բավականին խորը արմատներ ունի, և չեզոքացնելու համար մեծ աշխատանք պետք է իրականացվի։
Այսօրվա իրականության մեջ կան ընտանիքներ, որոնցում ծնվում են բնածին կամ ձեռքբերովի արատներով երեխաներ, և երեխան առաջին անհանդուրժողականությանը հանդիպում է հենց ընտանիքում։ Որոշ դեպքերում հայրերը չեն ընդունում երեխաներին, իսկ որոշներում՝ մայրերը, ինչպես և ֆիլմում է ներկայացվում։
Մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում է բարի, հանդուրժող, ըմբռնող և հավատով լի մեր «ես»-ը, որին պարզապես պետք է արթնացնել։
Երբ մարդիկ ծնվում են, չգիտեն՝ ինչ սոցիալական միջավայրում են մեծանալու, ինչ անձնային առանձնահատկություններ են ունենալու, և ո՞րն է լինելու իրենց կյանքի փիլիսոփայությունը։
Յուրաքանչյուրիս կյանքում մի օր հայտնվում է մեկը, ով դառնում է մեր կյանքի ուսուցիչը, հանդես է գալիս որպես մոտիվացիայի աղբյուր և որպես օրինակ։ Այդ մարդը մեզ կարող է հանդիպել երթուղայինի մեջ, կանգառում կանգնած, որևէ միջոցառման ժամանակ, կամ էլ ուսումնական հաստատությունում։ Կարևոր մի փաստ նշեմ՝ այդ մարդը մեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Համամիտ եմ՝ ոչ բոլորի կյանքում կարող է հանդիպել այդ մեկը, սակայն հավատը մեզ կարող է փոխել։ Մեզ կարող են դասընկերները, համալսարանականները, ուսուցիչները, անծանոթ մարդիկ և անգամ ընտանիքիդ անդամները չհասկանալ, չընդունել այնպիսին, ինչպիսին կանք, կարող են ամաչել քայլել մեզ հետ, բայց հավատալը, որ դու կարող ես, ձեռքդ բռնած քեզ կհասցնի այն կանգառ, որտեղ ի սկզբանե ցանկանում էիր հասնել։
Մեզնից յուրաքանչյուրին կարող են մեր որևէ հատկանիշի, առանձնահատկության համար չընդունել, օտարացնել, լինի դա դրական, թե բացասական։ Որովհետև մարդիկ այդպիսինն են։ Կամ նախանձում են, կամ՝ ծաղրում։ Բայց երբ այդ նույն ուսուցիչը հայտնվում է իրենց կյանքում, սովորեցնում, որ մարդիկ չեն կարող նույնը լինել, բայց կարող են ընդունել իրար և հավատալ՝ այդ ժամանակ են միայն փոխվում, հոտնկայս ծափահարում մեկի անկեղծության համար, ում ծաղրում էին։
Յուրաքանչյուրս ունենք մեր խնդիրները և, ցավոք, մենք շատ ենք սիրում մեր խնդիրներով խղճահարություն առաջացնել դիմացինի մեջ, գուցեև չգիտակցված։ Այդ խնդիրները կարող են լինել տարբեր բնույթի։ Տեսնես մարդկանց որքա՞ն տոկոսն է ամբողջ օրը մարդկանց հաճոյանում, փորձում գիտելիքներն ի ցույց դնել, որպեսզի կյանքում առաջին անգամ իրեն գնահատված զգա, բայց անհաջողակի պիտակով վերադառնում է տուն, հարվածում տան պատերին, ցավից բղավում, լաց լինում, գոռում, նեղանում աշխարհից, բայց առավոտյան ժպիտը դեմքին, լի հույսով կրկին գնում է գնահատված լինելու փնտրտուքներով։
Մենք՝ մարդիկս, շատ վախկոտ ենք։ Միշտ և ամեն տեղ։ Վախենում ենք սխալ գործելուց, վախենում ենք մեր անվան համար, վախենում ենք մնացածի կարծիքից, վախենում ենք հնարավորություն տալուց, վախենում ենք բողոքներից ու չենք տեսնում այն պոտենցիալը, որը կա մարդկանց մեջ, կամ էլ չենք ուզում տեսնել։ Ինչու՞։ Որովհետև վախենում ենք։
Մեր կյանքում վախկոտները նույնպես ուսուցիչներ են, որովհետև նրանք մեզ սովորեցնում են չլինել իրենց նման և ամեն գնով հասնել այն կանգառ, որտեղ ի սկզբանե ձգտում էիր։ Պայքարել-ձգտել, պայքարել-ձգտել, պայքարել․․․ Երբ անգամ հայրդ քեզ չի հավատում և ընդունում։
Գալիս է մի օր, երբ քո կյանքում հայտնվում է մեկը, ով ցանկանում է քեզ հավատալ, ով հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու և չկորցնելու հավատը ինքդ քո հանդեպ։ Հետո այդ մեկը դառնում է երկու, հետո երեք և մի ամբողջ հասարակություն սկսում է հավատալ քեզ, և քո կարողություններին, ու ընդունում է քեզ քո իսկ տեսակի մեջ։
Եթե դու ունես պոտենցիալ՝ որևէ սինդրոմ չի կարողանա մարել այն։ Կարծում եմ դու հասել ես քո ձգտած կանգառին։ Իսկ ո՞րն է վերջին կանգառը։
Քեզ հավատում են․․․
«Դասարանի առաջ» ֆիլմի հերոսը կարող է լինել մեզանից մեկը, ով իրոք, կհավատա իր ուժերին։ Վարդգես Պետրոսյանն ասել է․ «Հեքիաթ ունեցեք, և ձեր հոգու մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին»։ Ֆիլմի հերոսը ամբողջ հոգով էր հավատում և ոչ ապարդյուն։