Ինքնաթիռը վայրէջք է կատարում անիվները էնպես արհամարհական գետնին քսելով, որ դժվար չէ կռահել` ներսում առնվազն մեկը մեռնելով է ոտք դնելու հողին։
Րոպեներ անց ճամպրուկավորների գաղթող հպարտությունը ճեղքելով՝ ֆրանսիական բաճկոնով, Լուվր տեսած հայացքով ու էս ողջ ֆոնի վրա իրականություն շաղ տվող հայկական «մուննաթով» մեկը ձեռքերը թափ տալով՝ դանդաղ շարժվում է առաջ։ Այս մարդը կա՛մ կորցրել է ճամպրուկը, կա՛մ երբեք չի էլ ունեցել։ Բայց որովհետև Ֆրանսիայում ծվարածները՝ իրենց ասելով, ոչինչ չեն կորցնում (նրանք միշտ գտնում են, ասենք՝ բախտ, երջանկություն, փառք), ուրեմն, մեր դատարկաձեռն բարեկամը ամեն բան ունի, կա՛մ ոչնչի կարիք չունի։
Մի փոքր հեռվից երիտասարդ մի աղջիկ է պոկվում խառն ամբոխից ու իսկական հայկական ադաթներով ամենքին և ամեն բան ոտնակոխ անելով՝ հասնում է ֆրանսիական մեծությանը։
-Արմե՛ն, առանց քեզ երկիրը պակասություն ա զգում, լավ ա, որ եկար,- ավանդական «ոնց ես, ինչ ես»-ից հետո, երջանկությունից շունչը կտրելով, իրար վրա է բերում ընկերուհին։
-Ձեր երկիրը՝ ինձնից առաջ պակաս ու միայն ինձնով լցվող ձեր երկիրը մի շաբաթից նորից դատարկվելու ա,- առաջին անգամ բեմ բարձրացածի էմոցիաներից զուրկ անփորձությամբ իր կարևորությունն ընդծում է «Ֆրանսիական Արմենն» ու ավելացնում,- ես յոթ օրով եմ էստեղ։
Ընհանրապես, ձևն էդպես է՝ ֆրանսիական, գերմանական հոնկկոնգյան կամ տանզանիական են դառնում արմենները, արարատները, հայկերը՝ նրանք, ովքեր իրենց մեջ են սիմվոլում մեր նկարագիրը։ Իրենք օտարանում են ու որքան էլ մեզ դուր չգա, մեկ է՝ նրանց մեծամտությունը արդարացված է, նրանք հաջողացնում են դատարկել էս երկիրը։
Ֆրանսիական Արմենը սովորական փախստական էր՝ մեկը նրանցից, ով 18-ը լրանալուց երկու շաբաթ առաջ բռնեց տոմսարկղի՝ վերադարձ չխոստացող մաշված ճամփան՝ իր հետևից անփույթ շպրտելով դասալիքների սրբազան աղոթքը․ «արա դե, ո՞ւմ համար ծառայեմ»։ Արմենը երևի չհասկանա, որ իր հռետորական հարցի պատասխանը մի օր գտնելու է հայելու առաջ կանգնած։
-Արմ, երեկ չգրեցիր գալուդ պատճառը,- քաղաքի սրճարաններից մեկում հարմար տեղավորվելով՝ հարցրեց Արմենին դիմավորելու եկած ու էս երկրում նրան միակ հիշող, բայց նրա կողմից միայն դիմավորողի կարիք ունենալիս հիշվողը՝ Միշելը։
Արմենն ու Միշելը նույն բակում էին մեծացել։ Նրանք համարյա պայմանավորված էլ եկան աշխարհ՝ մի քանի օրվա տարբերությամբ։
Այդ օրվանից մի ողջ մանկություն Միշելին չներվեց իր ֆրանսիական անունը։ «Միշելս ո՞րն ա։ Հայ ենք վերջիվերջո։ Էլ անուն չկա՞ր, զարթնեցին ու Միշել որոշեցին»,- չորս կողմից քչփչում էին աշխարհի ամենայուրօրինակ կատեգորիա՝ անունով մարդու մասին մի ողջ կենսագրական գծագրող հարևանները։
Ընկերներն էլ բակում դժվարությամբ ընդունեցին Միշելին ու իր անունը։ Էս ողջ ֆոնին փայլում էր Արմենը՝ յուր ազգապահպան անվան ամբողջ հմայքով… Գնաց ժամանակը․․․ Հիմա Միշելը երևանյան՝ իր համար անչափ հարազատ ու Արմենի՝ եվրոպա տեսած աչքերում խղճուկ թվացող սրճարանում նստած ուսումնասիրում է Արմենին ու մտքերի մեջ ընկնում։ Հետո, դիմացինի պատասխանին չսպասելով, չնեղացածի ժպիտով դուրս հանում այն, ինչ տարիներով մտքում էր։
-Արմ, ո՞վ կպատկերացներ, որ դու՝ քո «հայու գեն» անունով անձնագրում մի օր հավիտյան ֆրանսիական քաղաքացիություն ես դաջելու, իսկ ես՝ բակում չընկալված իմ օտարությամբ, դիմավորելու եմ քեզ՝ յոթ օրով Արմեն դարձածիդ։
-Թաղում եմ եկել,- Միշելի ողջ բջիջներից դուրս պայթած խոսքերից դեմքին միայն ծաղրական մի ժպիտ խաղացնելով, պատասխանեց Արմենը այն հարցին, որն իրեն էր հարմար։
Միշելը մատուցողի թափած մի կաթիլ սուրճը մատով մաքրելով, ու Արմենի «էս չե՞ն ձեր աֆիցանտները» հայացքից խոցված՝ ձայնը բարձրացրեց․
-Ո՞նց հենց սկզբից գլխի չընկա, դուք միայն թաղումների ժամանակ եք վերադառնում, չէ՞․․․ հարսանիքների էֆեկտը դեռ էդքան մեծ չի։
-Մենք՝ ո՞վ, Միշե՛լ։
-Արարատը հետ բերելու մեր անկարողությունը երկրից փախչելու պատճառ դարձրածներդ։
-Ասում ես՝ մենակ թաղում ենք գալիս մենք, հա՞։
-Մենակ թաղում։ Գիտե՞ս՝ ինչի եք հենց էդտեղ հաճույքով ներկայանում․ որ մեզ ապացուցեք՝ էստեղ մնացողների վերջին հանգրվանը գերեզմանն է, ասես եվրոպաներում մարդիկ չեն մեռնում։
-Եվրոպաներում էլ են մեռնո՞ւմ, ես էսքան տարվա մեջ մի դեպք չտեսա,- եվրոպացած հային բնորոշ ցինիկ ժպիտով հակադարձում է Արմենը, որի համար խոսակցությունը չնախընտրած հուն էր մտել։
-Մենակ չասես, թե Ֆրանսիա գնացիր անմահության որոնումներով,- մթնոլորտը լիցքաթափելով ծիծաղեց Միշելը, արդեն ամբողջապես մաքրված սուրճի՝ գոյություն չունեցող կաթիլը դեռ մաքրելով։
-Ֆրանսիա գնացի, որ 18 տարեկանում նկարս սև ռամկի մեջ չդնեք,- բազկաթոռը ափի տակ քրտնեցնելով՝ նետեց Արմենը։ -Հոպարիս տղու թաղումն եմ եկել, Միշե՛լ․․․ 19 տարեկան ախպորս էսօր հող են սարքելու՝ ձեր սիրած ոտանավորների պես։ Փոխարենը մխիթարության 2 համազարկ կթողեն երկինք ու վերջ՝ էլ պարտք ու պահանջ չկա։
Միշելը ցնցվեց․
-Մեղադրում ես հորեղբորդ, որ տղու համար գժի թուղթ չհանեց, չէ՞, Արմեն դա ձեր՝ եվրոպցվածներիդ աչքերում թուլամորթություն ա, չէ՞։
-Ես վաղուց ոչ մեկի չեմ մեղադրում, Միշե՛լ։ Դուք եք բոլորով մեղադրում ինձ՝ մեռնել չուզելու բնական իրավունքիս համար։ Ես չեմ ապրել էսքան, որ մի օր օդ կրակված 2 փամփուշտի գին արժենամ ընդամենը, երբ էդ փամփուշներից մի քանիսն էլ ինչ-որ մեկը գլուխս ա կոխել, ինչ ա, թե մի քանի «կաստյումավոր» անասուն բռնոցի են խաղում։
-Սիրո՞ւմ ես Ֆրանսիան, Արմեն,- անսպասելի հարցրեց Միշելը՝ անթարթ աչքերով հետևելով Արմենի ամեն ջղաձգմանը։
-Շատ եմ սիրում, Միշել։ Որովհետև էդ անտեր երկրում ապրելու համար պարտադիր չի հանուն դրա մեռնելու պատրաստվել։
-Արմեն, առաջին աշխարհամարտի ժամանակ գիտե՞ս քանի ֆրանսիացի մեռավ․․․
-Քանի՞,- անտարբերությամբ հետաքրքվեց «Ֆրանսիական Արմենը»։
-1.4 միլիոն։ Էդ օրերին էլ իրենք կյանքը փոխարինեցին օդ կրակված մի քանի փամփուշտի հետ, էդ ժամանակ էլ իրենք փարիզյան երեկոները շամպայնով վայելելու դիմաց մեռնել պարտավորվեցին։ Ինչ ա թե, «կաստյումավորները» էդպես էին պլանավորել։
-էդ 106 տարի առաջ էր, Միշել։
-Ուրեմն մենք քո Ֆրանսիայից 106 տարի հետ ենք մնացել,- համեմատությունից վիրավորվելով, կամ ինքն էլ ճշմարտությունը հասկանալավ, գլուխը շուռ տվեց։
Սուրճից արդեն երկար ժամանակ է, ինչ դադարել էր գոլորշիներ բարձրանալ երկինք։ Այն երկինք, ուր ժամեր անց մխիթարանքի համազարկ էր բարձրանալու։ Արմենը անտարբերությամբ վերցրեց սուրճի բաժակն ու խմելու նման մի բան արեց։ Հետո հոգնությամբ բարձրացրեց գլուխը՝ գոլորշիներն ու փամփուշտները կուլ տալու վատ «խասյաթից» չհրաժարվող երկնքին նայելու․․․ ոչինչ չէր մտածում։
-Ասե՞մ՝ ինչու ես երկինքին նայում,- ծիծաղելով վերսկսեց Միշելը։
-Հիմա ի՞նչ մոգոնեցիր,- հակահարձակման անկարողությունից ժպտաց։
-Երկնքին ես նայում, որովհետև դա միակ բանն ա, որ նման ա քո Ֆրանսիականին․․․ որովհետև դա էն ուղին ա, որով հետ ես վերադառնալու էնտեղ։
-Ու նույն ուղին, որն ինձ բերեց էստեղ։
-Յոթ օրով միայն։
Մոտենում էր գերեզմանոց գնալու ժամը։ «Ֆրանսիական Արմենն» ու «հայկական Միշելը» չխմած սուրճի գումարը սեղանին թողնելով, քայլեցին դուրս։
Միասին էլ հասան սևազգեստների հավաքույթին… Արմենին ճանաչող չգտնվեց։
Էս անգամ էլ չստացվեց հերոսանալ հարազատների աչքում, թե տեսե՛ք՝ ես ֆրանսիայից հասել եմ էստեղ՝ հանուն եղբայրական սուրբ պարտքի։ Էստեղ ոչ ոքի հետաքրքիր չէր իր ծախսած մի քանի 100 եվրոն ու արհեստական շքեղ ծաղկեպսակը, որ վերջին պահին որոշեց բերել։
-Անահիտն է,- հեռվում զինվորական համազգեստով կանգնած կնոջը գլխով ցույց տալով՝ ցածրաձայն սկսեց Միշելը, ոչ թե որովհետև ուզում էր ցածր խոսել, այլ պարզապես ուժերը չէին թույլատրում բարձրաձայնել։
-Երևի մոր կողմի բարեկամներից ա, չեմ ճանաչում։
-Ուրիշ կողմի բարեկամ ա․․․
-Ո՞ր,- չհասկանալով՝ ավելի ուշադիր սկսեց տնտղել համազգեստավոր կնոջը։
-Հողի։
-Հողի՞։
-Անահիտն էլ ա ախպորդ նման իր արյունը խառնել հողին, Արմեն։
-Զինվորակա՞ն ա։
-Զինվոր ա՝ հավերժական կոչմամբ։ 92-ից մինչև հիմա 27 վիրահատություն ա տարել, բայց 16-ի ապրիլին նորից գնաց ֆրոնտ։ Դու չես հիշի 16-ի ապրիլը, օդ բարձրացած 100 զույգ համազարկը Ֆրանսիա դժվար թե հասած լինի։
-Հիշում եմ, փող էի ուղարկել,- երևի իր ասածից շանթահարված՝ արտաբերեց Արմենը։
-Անահիտը հերոս ա,- Արմենի քարուքանդ անող «քաջությունը» բանի տեղ չդնելով՝ եզրափակեց Միշելը էնպիսի տոնով, որ Արմենն էլ երբեք ու ոչինչ չասի, հետո ավելացրեց,- ախպերդ էլ։
Անշարժացած Արմենի բթացած հայացքը իր տեղը չէր գտնում, նայում էր մե՛կ եղբորը, մե՛կ Անահիտին, հետո համազարկել պատրաստվող զինվորականներին, հետո մարդկանց, որոնց բոլորին միավորում էր անտես մի ցավ։
Հավաքված ժողովրդի խեղդված հառաչանքը, հանկարծ, պայթեց՝ տարածվելով ողջ երկնքում։ Արմենը մտքերի թմբիրից սթափվելով՝ գլուխը բարձրացրեց ու հեռվից մոտեցող կոստյումավոր մի շքախումբ նկատեց։
Հիմա երկինքը բացի սուրճի գոլորշուց ու կրակվելիք փամփուշներից իր մեջ էր հավաքել նաև ամբոխի խուլ ողբը։
-Նախագահն է։
Արմենը ցնցվեց։
Տեսնես՝ Ֆրանսիայում ինքը ո՞նց պիտի մեռնի, որ նախագահը լաց լինի իր սառած մարմնի կողքին։ Ողջ էս ընթացքում առաջին անգամ Սրմենը զգաց, որ Ֆրանսիայում իր ապրել-մեռնելը, երևի, ոչ ոքի պետք չլինի։ Առաջին անգամ զգաց, որ ինքը Ֆրանսիական էլ չէ։
Բայց դա տևեց մինչև նախագահի հեռանալը, մինչև պատվո համազարկն ու մինչև եղբոր անցյալ դարձած էության վրա իր բաժին մի բուռ հողը լցնելը։
Միշելի ասածնեըը էնպես էին պատկերվել վերստին Ֆրանսիական դարձած Արմենի գլխում, որ ափը բացելով՝ հողի մեջ Անահիտի արյունն էր տեսնում, հետո՝ եղբորինը․․․ հետո հասկանում էր, որ իր արյունը երբեք ոչ մեկի բուռը չի մտնելու։
Մթնում է․․․ Օրվա հերոսը էդպես էլ չդարձած ֆրանսիական Արմենը դանդաղ քայլում է Միշելի հետ։
-Գիտե՞ս, երևի ես վաղը վերադառնամ Մարսել։
Հաջորդ օրը օդանավակայանում անճամպրուկ մեկը միայնակ աջ ու ձախ է անում։
Օդում շատ են կուլ տված ու դուրս չբերված բառերը։
Այս էլ որերորդ փախուստին հինգ րոպեից էլ քիչ է մնացել։ Մի ողջ երկրի թիկունք դարձրածը անսպասելիորեն քարանում է տեղում՝ էս անտերանոցում իրեն միակ ծանոթ ձայնից։
-Ասե՞մ՝ ինչ ես մտածում,- ու պատասխանի չսպասելով՝ դուրս է ժայթքում Միշելի վերջին նախադասությունը,- մտածում ես․ «Արա, լավ դե, ո՞ւմ համար ծառայես»։
Չի պատասխանում Արմենը՝ ճշմարտությանը հակադարձելու անկարողության իր ձեռքբերովի սինդրոմով նստում է ինքնաթիռ ու րոպեներ անց ինչ-որ մեկի կյանքի դիմաց խոստացված համազարկի փամփուշտները օդում փնտրելով՝ մտածում՝ առանց նեղություն կրելու ինչպե՞ս մեռնել, որ Պեր Լաշեզում իր թաղումը պատվի ինքը՝ Ֆրանսիայի նախագահն, ու ֆրանսիական երկինք մի անգամ էլ իր համար համազարկ բարձրացվի։ Հետո, հիշելով կյանքը երկու փամփուշտի հետ փոխելու իր անպատրաստությունը, ձեռքը անփութորեն թափ է տալիս ու հավերժ կորչում ոչ մի լավ բան չտեսած էս երկնքի խորքում…