Աբրահամ պապս

Լուսանկարը՝ Ջեմմա Այվազյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Այվազյանի

1826 թվին իմ նախնիները ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գաղթել են Դութաղ քաղաքից և հասել են մինչև Թալին: Պապիկս բացատրեց, թե ինչ է նշանակում Դութաղ: Դութաղ նշանակում է` «երկու թաղամաս»: Իմ ծնողները պատմում են, որ իմ պապի պապը Թալինի հիմնադիրն է, ծնողներս նրա պատվին են իմ անունը դրել, և ես շատ ուրախ եմ ու հպարտ: Պապիկս միշտ պատմում էր, որ իրենց գերդաստանը միշտ ուզեցել է վերադառնալ ծննդավայր: Նաև պապիկս ասում էր, որ Թալինի ջրի համը շատ նման է Դութաղի ջրին, և ես չէի հավատում:

Վերջերս հորեղբայրս այցելել էր պապերիս երկիրը և իր հետ բերել էր Դութաղի ջուրն ու հողը: Երբ ես խմեցի այդ ջուրը, իսկ հետո Թալինի ջուրը, հասկացա, որ պապիկս ճիշտ էր ասում, և ես զարմացա, որ Դութաղը Թալինից այդքան հեռու է, բայց ջրերի համը նույնն է:

Երևի հենց ջրի համն է ստիպել դութաղցիներին կանգ առնել Թալինում և նոր տուն կառուցել: